Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3729 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հուլիսի 2025թ. ՍԴԴԿՈ - 37 | ԱՐՏԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 հուլիսի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Արտակ Խաչատրյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արտակ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Բարդի Պաղտասարյան, Միքայել Դանիելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հուլիսի 21-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) Որոշել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ և 80-րդ հոդվածներին»:

2. Դիմողի կողմից որպես վերջնական դատական ակտ ներկայացվել է Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 29-ի ՍԴԱՈ-69 աշխատակարգային որոշումը:

Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 29-ի ՍԴԱՈ-69 աշխատակարգային որոշումը՝ Դիմողը նշում է. «(...) [«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական] օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնական դատական ակտերի շարքին պետք է դասված լինեին, սակայն փաստորեն դասված չեն Սահմանադրական դատարանի որոշումները, ներառյալ նաև՝ գործի վարույթը կարճելու մասին աշխատակարգային որոշումները՝ որպես անբողոքարկելի և բնույթով փաստացի վերջնական դատական ակտեր, իսկ Սահմանադրական դատարանի որոշմամբ, ներառյալ նաև՝ գործի վարույթը կարճելու մասին աշխատակարգային որոշմամբ կիրառված ցանկացած իրավադրույթի վիճարկման նպատակով անհատական դիմում ներկայացնող անձը չպետք է [«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական] օրենքով որակված լիներ, սակայն փաստորեն որակված է որպես նման դիմում ներկայացնելու ոչ իրավասու սուբյեկտ»:

Դիմողը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 61, 63-րդ և/կամ այլ հոդվածներին՝ այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի կողմից կայացված դատական ակտերը, այդ թվում նաև՝ գործի վարույթը կարճելու մասին աշխատակարգային որոշումները չի դասում վերջնական դատական ակտերի շարքին, անհնարին է դարձնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի մյուս պահանջների բավարարումը և այդպիսով բացառում է այդպիսի դատական ակտերով կիրառված իրավադրույթների նկատմամբ անհատական դիմումների հիման վրա սահմանադրական վերահսկողության իրականացումը, դրանց հիման վրա այդպիսի իրավադրույթների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունն ու լուծումը՝ չնախատեսելով նաև այդ խնդրի բացառման օրենսդրական որևէ այլ կարգավորում:

Դիմողը հավելում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում է Սահմանադրության 61, 63-րդ և/կամ այլ հոդվածներին այնքանով, որքանով Սահմանադրական դատարան դիմելու ոչ իրավասու սուբյեկտ է համարում նաև այն անձին, որի նկատմամբ Սահմանադրական դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին աշխատակարգային որոշմամբ կիրառվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այնպիսի իրավադրույթ, որն իր կարգավորման առարկայով և բովանդակությամբ ողջամտորեն կարող է կիրառվել միայն Սահմանադրական դատարանի կողմից:

Ըստ Դիմողի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքին՝ կոնկրետ դեպքերում անձի համար անհասանելի դարձնելով սահմանադրական արդարադատությունը և այդ եղանակով խախտված իրավունքների պաշտպանությունը, Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքին՝ կոնկրետ դեպքերում անձի համար բացառելով Սահմանադրական դատարանում իր գործի արդարացի քննությունը ողջամիտ ժամկետում, ինչպես նաև Սահմանադրության 75 և 80-րդ հոդվածներին՝ հաշվի առնելով, որ վիճարկվող դրույթները չեն սահմանում անձանց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր՝ խախտելով հիմնական իրավունքների և ազատությունների էության անխախտելիության պահանջը:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի կայացրած դատական ակտը, այդ թվում նաև՝ գործի վարույթը կարճելու մասին աշխատակարգային որոշումը, չի դասում վերջնական դատական ակտերի շարքին, անհնարին է դարձնում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի մյուս պահանջների բավարարումը և բացառում է այդպիսի դատական ակտերով անձի նկատմամբ կիրառված իրավադրույթների նկատմամբ անհատական դիմումների հիման վրա սահմանադրական վերահսկողությունը, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն այնքանով, որքանով Սահմանադրական դատարան դիմելու ոչ իրավասու սուբյեկտ է համարում նաև այն անձին, որի նկատմամբ Սահմանադրական դատարանի՝ գործի վարույթը կարճելու մասին աշխատակարգային որոշմամբ կիրառվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի այնպիսի իրավադրույթ, որն իր կարգավորման առարկայով և բովանդակությամբ ողջամտորեն կարող է կիրառվել միայն Սահմանադրական դատարանի կողմից, հակասում են Սահմանադրության 61, 63, 75 և 80-րդ հոդվածներին՝ առաջացնելով նաև դրանց խախտում կոնկրետ անձանց համար:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: Այն երկրներում, որտեղ առկա է անհատական դիմումների ինստիտուտը, անձի՝ սահմանադրական դատարան դիմելու իրավունքի նման բովանդակությունն ու շրջանակները պայմանավորված են կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությամբ, նպատակով և առանձնահատկություններով: Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: Ըստ այդմ, այդ դատարաններում դատավարության հիմնական սուբյեկտներին՝ դատարաններին և դատավարության կողմերին է հնարավորություն ընձեռվում սահմանադրական դատարան դիմելու միջոցով ապահովել այդ նպատակի իրացումը: Նման կերպով ապահովվում է նաև արդարադատության ողջ համակարգի գործառնական դինամիկ հավասարակշռությունը:

Բացի դրանից, կոնկրետ սահմանադրական վերահսկողության բնորոշ գծերին համահունչ՝ ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված՝ սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը: Մինչդեռ սահմանադրական դատարանի ակտերը, այդ թվում` նաև դատական կազմերի որոշումները, վերանայման ենթակա չեն:(…):

(…):

(…) Ելնելով վերոշարադրյալից՝ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական դատարանի ակտերով, այդ թվում՝ նաև դատական կազմի որոշումներով կիրառված օրենքը չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության օբյեկտ, հետևաբար, ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից անհատական դիմումի հիման վրա վիճարկման ենթակա չէ սահմանադրական դատարանի կողմից կիրառված օրենքի սահմանադրականությունը: Այս հանգամանքը բացատրվում է ինչպես սահմանադրական դատարանի սահմանադրական գործառույթով, այնպես էլ սահմանադրական դատավարության առանձնահատկություններով, մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19 հոդվածում ամրագրված՝ գործի հանգամանքների ի պաշտոնե քննության սկզբունքով: Ըստ այդ սկզբունքի՝ սահմանադրական դատարանը գործի բոլոր հանգամանքները պարզում է ի պաշտոնե՝ չսահմանափակվելով սահմանադրական դատավարության մասնակիցների միջնորդություններով, առաջարկություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով: Սահմանադրական դատարանը՝ որպես սահմանադրական արդարադատության բացառիկ գործառույթով օժտված մարմին, ղեկավարվելով նշված դատավարական սկզբունքով, կոնկրետ գործի քննության ընթացքում կարող է խուսափել Սահմանադրությանը հակասող նորմի կիրառումից՝ կամ տվյալ նորմը Սահմանադրությանը համապատասխանող մեկնաբանությամբ կիրառելու միջոցով, կամ սահմանադրական դրույթների անմիջական կիրառման միջոցով»:

Սահմանադրական դատարանը 2020 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴԱՈ-215 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) դատական (այդ թվում՝ սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Հետևաբար՝ դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով»։

Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 14-ի ՍԴԴԿՈ-28 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանով Դիմողի կողմից բարձրացվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության հարց, որի իրավասությունը վերջինս չունի:

Մասնավորապես՝ սույն գործի շրջանակներում Դիմողի կողմից վիճարկվող դրույթները վերջինիս նկատմամբ կիրառվել են Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 29-ի ՍԴԱՈ-69 աշխատակարգային որոշմամբ, որը, ինչպես արձանագրվել է Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, վերանայման ենթակա չէ: Ընդ որում՝ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշման վերանայման ենթակա չլինելու պահանջը բխում է նաև Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ընդհանուր տրամաբանությունից: Կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կարևորվում են սահմանադրական և օրենսդրական այն պահանջները, որոնք որոշակիացնում են անհատական դիմումի թույլատրելի շրջանակները: Դրանց նախատեսումն ինքնանպատակ չէ և միտված է ապահովելու կոնկրետ վերահսկողության առաջ ծառացած խնդիրների լուծումը: Նույնաբնույթ իրավական դիրքորոշում Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև 2020 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴԱՈ-215 աշխատակարգային որոշմամբ:

Հարկ է նաև արձանագրել, որ Սահմանադրական դատարանի որոշումներով, այդ թվում՝ աշխատակարգային որոշումներով կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթը (դրույթները) (սույն պարագայում՝ նաև դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) չի կարող լինել կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա: Հետևաբար՝ ֆիզիկական և/կամ իրավաբանական անձի կողմից ներկայացվող անհատական դիմումով վիճարկման ենթակա չէ Սահմանադրական դատարանի կողմից կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների) (սույն պարագայում՝ նաև դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը։

Քննարկվող համատեքստում հարկ է նաև վկայակոչել Սահմանադրական դատարանի դատական կազմի 2024 թվականի ապրիլի 19-ի ՍԴԴԿՈ-17 որոշումը, որով Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրել է. «(...)Սահմանադրական դատարանի դատական կազմի որոշման վերանայման ենթակա չլինելու պահանջը բխում է նաև Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի ընդհանուր տրամաբանությունից. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված է կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ՝ առաջացնելով իրավական հետևանք, այն է՝ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով օրենքով սահմանված կարգով վերանայելու հնարավորություն։

Թեև հիշյալ նորմով նախատեսվում է դատական ակտի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման հնարավորություն, այնուամենայնիվ վերոնշյալը չի կարող տարածվել Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների, այդ թվում՝ դատական կազմերի որոշումների վրա այն պատճառաբանությամբ, որ դրանք ենթակա չեն բողոքարկման՝ պայմանավորված համապատասխան կառուցակարգերի և/կամ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների վերանայման ինստիտուտի բացակայությամբ»:

Սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողի կողմից վիճարկվող դրույթները (դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) չեն կիրառվել վերջինիս նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանների կողմից, վիճարկվող դրույթների հետ կապված Դիմողը չի հանդիսացել ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, ինչպես նաև վիճարկվող դրույթների կիրառման հետ կապված ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում կոնկրետ գործ առկա չէ: Այլ կերպ ասած՝ Դիմողը չի պահպանել անհատական դիմում ներկայացնելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները:

Ավելին՝ վերոգրյալի համատեքստում կարևոր է վկայակոչել, որ նույնիսկ Դիմողի կողմից իր անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի որոշումներով, այդ թվում՝ նաև աշխատակարգային որոշումներով կիրառված իրավադրույթի (իրավադրույթների) նկատմամբ կոնկրետ սահմանադրական վերահսկողության իրականացման անհնարինության և համապատասխան իրավադրույթի (իրավադրույթների) կոնկրետ սահմանադրական վերահսկողության առարկա լինել/չլինելու հետ կապված հարց բարձրացվելու պայմաններում, միևնույն է, նման հարցի քննությունը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից՝ վերոգրյալ պատճառաբանությունների հաշվառմամբ:

Ողջ վերոշարադրյալով պայմանավորված՝ հարկ է արձանագրել, որ Դիմողը դուրս է եկել Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով իրեն վերապահված՝ կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված իրավադրույթի (իրավադրույթների) (սույն պարագայում՝ նաև դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը պարզելու նպատակով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի իրացման թույլատրելի սահմաններից: Մասնավորապես՝ տվյալ պարագայում բացակայում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանները:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն այս առումով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չէ, և սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արտակ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

29 հուլիսի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել