«ԶՈՀՐԱԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-146)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 6 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 146 | «ԶՈՀՐԱԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԶՈՀՐԱԲ ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 01.07.1998Թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 115-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով Զոհրաբ Ալիխանյանի դիմումի հիման վրա 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2022 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Զոհրաբ Ալիխանյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «9.1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, 67 ու 3, 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ 01.09.1998թ. «Քրեական դատավարության» ՀՕ-248 օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված այն բովանդակությամբ, որ դատավարական գործողություն չի դիտարկվում կամ արձանագրման ոչ ենթակա դատավարական գործողություն է դիտարկում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառումը, գաղտնալսումներ կատարելը, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելը (տպելը), վերարտադրելը, 9.2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, 67 ու 3, 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ 01.09.1998թ. «Քրեական դատավարության» ՀՕ-248 օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված այն բովանդակությամբ, որ իրեղեն ապացույց չի դիտարկում հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները: 9.3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, 67 ու 3, 75, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ 01.09.1998թ. «Քրեական դատավարության» ՀՕ-248 օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառական պրակտիկայի կողմից տրված այն բովանդակությամբ, որ հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները չի դիտարկում քրեական գործի հետ պահվելու և պաշտպանական կողմին ու դատարան ներկայացնելու ենթակա իրեղեն ապացույց»:
2. Ներկայացված դիմումով նշվում է, որ դիմողի համար բացասական հետևանքներ են առաջացրել դատարանների կողմից նրա նկատմամբ փաստացի կիրառված, ի թիվս այլնի, 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, որոնցով կարգավորվում է քրեական գործի ընթացքի արձանագրման, իրեղեն ապացույցների և այլ առարկաների պահպանման հետ կապված հարաբերությունները: Դատավճռի հիմքում, ըստ դիմողի, դրվել են ֆաբրիկայի աշխատակիցների միջև հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների արձանագրությունները (որոնք իրականացնելու վերաբերյալ դատարանի թույլտվությունների և գաղտնալսումների օրինականությունը դատական ստուգման չի ենթարկվել), որտեղ գողությանն առնչություն ունեցող անձինք մեկ անգամ հիշատակում են դիմողի անունն իր պաշտոնական պարտականությունների իրականացման համատեքստում: Ըստ դիմողի հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններն իրեղեն ապացույց չեն ճանաչվել, դրանք քրեական գործին չեն կցվել, դատարան չեն ներկայացվել, և դատավորն ու դիմողը դրանք անմիջականորեն լսելու, զննելու, գնահատելու հնարավորություն չեն ունեցել: Դիմողը նշում է, որ սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների բովանդակության մաս է կազմում այն դրույթը, ըստ որի այն ապացույցը, որով դատարանը հաստատված է համարում ամբաստանյալին մեղսագրվող արարք, որպես կանոն, պետք է կցված լինի դատական գործին, տրամադրված լինի պաշտպանական կողմին և ուսումնասիրված լինի դատարանի կողմից անմիջականորեն, ինչպես նաև պահպանված լինի այդ ապացույցը ձեռք բերելու օրենքով սահմանված կարգը: Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, ըստ դիմողի, ապացույցներն իրավաչափ համարելով, գործնականում փաստացիորեն կիրառել է 12.01.1999 թ. ՀՕ-248 օրենքով ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները` դրանց հաղորդելով կոնկրետ բովանդակություն, իսկ վերադաս դատարաններն իրենց դատական ակտերով հաստատել են այդ բովանդակությունը: Ըստ դիմողի մեղադրանքից պաշտպանվելու, այդ թվում իր պաշտպանությունը նախապատրաստելու և պաշտպանվելու հնարավորություններ ունենալու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է, որ պատշաճ կառուցակարգեր և իրական հնարավորություն լինի հեռախոսային խոսակցությունների կատարման, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելու, վերարտադրելու վերաբերյալ, հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ արձանագրություն կազմելու, հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները իրեղեն ապացույց դիտարկելու, ճանաչելու և դրանք քրեական գործին կցելու ու պաշտպանական կողմին ու դատարան ներկայացնելու: Դիմողը նշում է, որ հակառակ պարագայում առկա իրավակարգավորումները դատավճռի հիմքում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման երրորդ անձի կամ անձանց կողմից սեփական ընկալմամբ շարադրանքը դատավճռի հիմքում դնելը, հեռախոսային խոսակցությունների կատարման, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելու, վերարտադրելու վերաբերյալ, հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու վերաբերյալ դատավարական գործողությունները չարձանագրելը համահունչ չեն լինի հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված պահանջին: Այսպիսով` դիմողը կարծում է, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկա դրույթները չեն ապահովում և պաշտպանում դիմողի Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 67-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի որոշումների օրինականության, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր։ Մասնավորապես` դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ սույն քրեական գործով հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, գաղտնալսումներ կատարելը, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելը, վերարտադրելը չեն դիտարկվել դատավարական գործողություններ, իսկ հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները չեն դիտարկվել իրեղեն ապացույց, չեն կցվել քրեական գործին և չեն ներկայացվել պաշտպանական կողմին և դատարանին, մինչդեռ նման պայմաններում Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասությանը դատարանը 2020 թվականի փետրվարի 7-ի դատավճռով, որն այնուհետև անփոփոխ է թողել վերաքննիչ քրեական դատարանն իր 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ, դիմողին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար: Դիմողը, մասնավորապես, նշում է. «... Սույն դիմումի հիմքում ընկած գործով Դիմողի մեղավորությունը հաստատող և դատապարտող դատավճռի փաստական հիմքի կարևորագույն բաղադրիչը հաստատվել է համամեղադրյալների միջև տեղի ունեցած հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումներով լազերային սկավառակների և դրանց ամփոփագրերի զննության արձանագրություններով: Առաջին ատյանի դատարանը գնահատել է, ի թիվս այլոց, այդ ապացույցի իրավական հիմքերի օրինականությունը թույլատրելիությունը և հանգել է այն եզրակացության, որ այն համապատասխանում է օրենքին: (...) Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումը, գաղտնալսումներ կատարելը, գաղտնալսման ամփոփաթերթերը ստեղծելու, վերարտադրելը դատավարական գործողություն չդիտարկելը կամ արձանագրման ոչ ենթակա դատավարական գործողություն դիտարկելը, հեռախոսային հաղորդակցության գաղտնալսումների բուն ձայնագրությունները իրեղեն ապացույց չդիտարկելը, դրանք քրեական գործին չկցելը և պաշտպանական կողմին ու դատարան չներկայացնելը սահմանափակում է արդար դատաքննության իրավունքի «Մրցակցային դատավարության», «Մասնակիցների իրավահավասարության իրավունքի» բաղադրատարրերից «Վարույթին արդյունավետ մասնակցությունը», «Զենքերի հավասարությունը», «Անմիջականության սկզբունքը», «Պաշտպանության նախապատրաստումը», «Բավարար հնարավորությունները»: Հատկանշական է, որ թիվ ԱՎԴ1/0007/01/16 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանը 2021 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «...Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցները իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ինչի արդյունքում իրավաչափ եզրահանգում է կատարել առ այն, որ ամբաստանյալ Զոհրաբ Ալիխանյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք»: Հիմք ընդունելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումով չեն ներկայացվել 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի հակասահմանադրականության կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, և դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները հանգում են թիվ ԱՎԴ1/0007/01/16 քրեական գործով Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասությանը դատարանի 2020 թվականի փետրվարի 7-ի դատավճռի, վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշման օրինականության, դատարանների գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Վերոգրյալից բխում է, որ 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց` դիմողը, ըստ էության, բարձրացնում է Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռի, վերաքննիչ քրեական դատարանի որոշումների օրինականության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Զոհրաբ Ալիխանյանի դիմումի հիման վրա 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի, 115-րդ հոդվածի 1-ին մասի, 116-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
6 սեպտեմբերի 2022 թվականի
ՍԴԱՈ-146
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 սեպտեմբերի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-146
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
