Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3621 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-36)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հունիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 36 | ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հունիսի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Հարություն Փափազյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հարություն Փափազյանը (ներկայացուցիչ Ա. Կոչուբաև) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 31-ին) խնդրելով. «1.Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար» դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 79-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր»:

2. Ներկայացված դիմումով բարձրացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի կարգավորումների շրջանակում նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցը։ Դիմողը նշում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորում է երկու խումբ իրավահարաբերություններ: Մասնավորապես, ըստ դիմողի առաջին խումբ հարաբերություններ են ոստիկանության ծառայողներին վարչական իրավախախտումների կատարման համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները, և երկրորդ որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար վերոնշյալ անձանց ընդհանուր հիմունքներով վարչական պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները: Դիմողի գնահատմամբ առաջին խումբ իրավահարաբերությունների համար օրենքը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին վերոնշյալ հոդվածի 3-րդ մասով սահմանելով «կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար» ձևակերպումը: Ըստ դիմողի նշված հոդվածի 3-րդ մասն իմաստազրկում է նույն հոդվածի 1-ին մասի առաջին նախադասության իմպերատիվ պահանջը, և այդպիսով իմաստազրկվում է ողջ հոդվածի տրամաբանությունը: Դիմողը կարծում է, որ այս սահմանումն իրավակիրառ մարմնին լիազորում է չափազանց մեծ հայեցողական լիազորությամբ և, ըստ դիմողի ստացվում է, որ օրենքն օժտված չէ որոշակիությամբ, այսինքն անձը, լինելով վերոնշյալ իրավահարաբերություններում, հնարավորություն չի ստանում գնահատելու իր վարքագծի արդյունքում վրա հասնող հետևանքները:

3. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է վարչական իրավախախտումների երկու տարբեր խմբերի: Առաջին խմբի համար, որը վերաբերում է նաև քաղաքաշինության բնագավառում կատարված վարչական իրավախախտումներին, որպիսին թույլ է տվել դիմողը, օրենսդիրը նախատեսել է, որ, ի թիվս այլոց, Ոստիկանության ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության: Երկրորդ խմբի համար, որը վերաբերում է որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելուն, մաքսային կանոնները խախտելուն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելուն, օրենսդիրը նախատեսել է, որ, ի թիվս այլոց, Ոստիկանության ծառայողները ենթարկվում են վարչական պատասխանատվության ընդհանուր հիմունքներով, սակայն նրանց նկատմամբ տուգանք չի կիրառվում: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար»: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք» բառակապակցության վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է.

ա) եթե նշված բառակապակցությունը վերաբերում է կոնկրետ դեպքում քաղաքաշինության բնագավառում կատարված վարչական իրավախախտումների համար վարչական տույժեր նշանակող մարմիններին, ապա միանշանակ, այս մարմինների շարքում է Երևանի քաղաքապետարանը: Սակայն այս դեպքում անհասկանալի է դառնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորման նպատակն այն առումով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով վարչական տույժ նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար այն դեպքում, երբ առանց այդ կարգավորման էլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ոստիկանության ծառայողները կոնկրետ դեպքում քաղաքաշինության բնագավառում կատարված վարչական իրավախախտումների համար ենթակա են կարգապահական պատասխանատվության,

բ) եթե նշված բառակապակցությունը վերաբերում է կոնկրետ դեպքում քաղաքաշինության բնագավառում կատարված վարչական իրավախախտումների համար վարչական տույժեր նշանակող մարմիններին հաշվի առնելով իրավախախտման սուբյեկտային կազմը, ապա միանշանակ, այս մարմինների շարքում Երևանի քաղաքապետարանը չի դասվում, քանի որ վերջինս ոստիկանության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավասություն չունի: Սահմանադրական դատարանի դատական կազմը միաժամանակ հարկ է համարում արձանագրել, որ վերաքննիչ վարչական դատարանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը մեկնաբանել է վերը նշված առաջին տարբերակով, այն է Երևանի քաղաքապետարանը քաղաքաշինության բնագավառում կատարված վարչական իրավախախտումների համար վարչական տույժեր նշանակող մարմին է, և վերջինիս մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար իրավախախտումների վերաբերյալ նյութերը համապատասխան մարմիններին հանձնելու իրավասությունը կրում է հայեցողական բնույթ: Ընդ որում նման մեկնաբանության համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ թեև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կոնկրետ դեպքում քաղաքաշինության բնագավառում կատարված վարչական իրավախախտումների համար ոստիկանության ծառայողները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության, այդուհանդերձ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով հստակ ամրագրվում է, որ վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողները պատասխանատվության են ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում նույն օրենքը կարգապահական խախտումների ներքո նկատի է ունենում այլ իրավախախտումներ, որոնք տարբերվում են վարչական իրավախախտումներից: Այսինքն այստեղ առաջ է գալիս նաև երկու տարբեր օրենքների Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքի 13-րդ հոդվածի իրավակարգավորումների միջև տարբերության խնդիր: Ելնելով վերոգրյալից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ առկա չեն սույն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Հարություն Փափազյանի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

21 հունիսի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-36

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-36
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել