Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ՇՈՂՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ՇՈՂՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4812 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-48)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 48 | ԴԱՎԻԹ ՇՈՂՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Դավիթ Շողունցի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դավիթ Շողունցը (այսուհետ նաև՝ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 3-ին)՝ խնդրելով.

«1. Սույն դիմումն ընդունել վարույթ:

2. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը (Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2004թ. նոյեմբերի 9-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին, ուժի մեջ է մտել 2005 թվականի հունիսի 21-ին,ՀՕ-124-Ն), իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 57-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/0221/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «Մի պահ, եթե անգամ վերանանք այն կանխավարկածից, որ գործատուները ստանում են այս մեկնաբանման արդյունքում այլ աշխատանք առաջարկելու օրենսդրի պահանջը շրջանցելու անսահմանափակ հնարավորություն և առաջնորդվենք գործատուների բարեխղճության կանխավարկածով, ապա անգամ այս դեպքում դատական պրակտիկան ուղղակիորեն հակասում է օրենսդրի տրամաբանությանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությանը:

Մասնավորապես, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել ինչպես մեկ ամսով, այնպես էլ երեսուն տարով (օրինակ առկա է դրամաշնորհային ծրագիր, որի ժամկետը երեսուն տարի է), և այս առումով առկա չէ որևէ սահմանափակում: Ստացվում է, որ դատական պրակտիկայի համաձայն թե՛ մեկ ամսով առկա աշխատանքը, թե՛ երեսուն տարով առկա աշխատանքը միևնույն է չպետք է քննարկվի ազատվող աշխատողին համապատասխանելու տեսանկյունից և չպետք է առաջարկվի, ինչը մեր կարծիքով առնվազն հանգեցնում է իրավական նորմի մեկնաբանման անորոշությանը, ինչն էլ իր հերթին, խախտում է իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքը»:

Ըստ Դիմողի՝ «(...) իրավական անորոշության է հանգեցնում նաև այն փաստը, որ ցանկացած ժամկետային պայմանագիր կարող է վերածվել անորոշ ժամկետով կնքված պայմանագրի, որի մասին տեղեկություն մեծ հավանականությամբ դեռ չի լինի այն վեճի քննության ընթացքում, երբ այլ աշխատանք չառաջարկելու հիմքով վիճարկվում է ազատման հրամանը: Ստացվում է, որ իրավունքի պաշտպանության նաև արդյունավետ միջոցից է զրկվում աշխատանքից անհիմն ազատված աշխատողը»:

Դիմողը նշում է նաև, որ «Օրինական ուժ ստացած դատական ակտով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից, իրավական նորմը մեկնաբանվել է այն տրամաբանությամբ, որ այն չի վերաբերում որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրերին, ինչը փոխում է նորմի սահմանադրաիրավական բովանդակությունը՝ զրկելով աշխատողին անհիմն ազատումներից պաշտպանվածության իրավունքից և բացի այդ՝ ստեղծում է իրավական անորոշություն, քանի որ հստակ չէ, թե ինչ ժամկետով պայմանագրի մասին է խոսքը՝ կարճաժամկետ, օրինակ մինչև երկու ամիս տևողությամբ, թե առհասարակ, օրինակ երեսուն տարի տևողությամբ»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «Մի պահ, եթե անգամ վերանանք այն կանխավարկածից, որ գործատուները ստանում են այս մեկնաբանման արդյունքում այլ աշխատանք առաջարկելու օրենսդրի պահանջը շրջանցելու անսահմանափակ հնարավորություն և առաջնորդվենք գործատուների բարեխղճության կանխավարկածով, ապա անգամ այս դեպքում դատական պրակտիկան ուղղակիորեն հակասում է օրենսդրի տրամաբանությանը և ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրաիրավական բովանդակությանը:

Մասնավորապես, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել ինչպես մեկ ամսով, այնպես էլ երեսուն տարով (օրինակ առկա է դրամաշնորհային ծրագիր, որի ժամկետը երեսուն տարի է), և այս առումով առկա չէ որևէ սահմանափակում: Ստացվում է, որ դատական պրակտիկայի համաձայն թե՛ մեկ ամսով առկա աշխատանքը, թե՛ երեսուն տարով առկա աշխատանքը միևնույն է չպետք է քննարկվի ազատվող աշխատողին համապատասխանելու տեսանկյունից և չպետք է առաջարկվի, ինչը մեր կարծիքով առնվազն հանգեցնում է իրավական նորմի մեկնաբանման անորոշությանը, ինչն էլ իր հերթին խախտում է իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքը:

Վերջապես, իրավական անորոշության է հանգեցնում նաև այն փաստը, որ ցանկացած ժամկետային պայմանագիր կարող է վերածվել անորոշ ժամկետով կնքված պայմանագրի, որի մասին տեղեկություն մեծ հավանականությամբ դեռ չի լինի այն վեճի քննության ընթացքում, երբ այլ աշխատանք չառաջարկելու հիմքով վիճարկվում է ազատման հրամանը: Ստացվում է, որ իրավունքի պաշտպանության նաև արդյունավետ միջոցից է զրկվում աշխատանքից անհիմն ազատված աշխատողը»:

Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է նաև, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/0221/02/24 քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողը որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ Հայաստանի Հանրապետության դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Դավիթ Շողունցի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

12 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-48

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-48
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել