Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2113 նոյեմբերի, 2014 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 նոյեմբերի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 21 | ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

13 նոյեմբերի 2014թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Հ. Նազարյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Արա Վարդանյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արա Վարդանյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1058-րդ հոդվածի 1- ին մասով սահմանված նորմերը իրավակիրառական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանմամբ և կիրառմամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 8- րդ, 18-19-րդ հոդվածներով, 22-րդ հոդվածի 7-րդ մասով, 83.5-րդ հոդվածի 2-րդ կետով (42-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության և 45-րդ հոդվածի հետ համակարգային և բովանդակային կապի համակցությամբ), 91-րդ հոդվածով սահմանված նորմերի պահանջներին հակասող և անվավեր»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը 2014թ. նոյեմբերի 3-ին իր ՍԴԴԿՈ/1- 20 որոշմամբ քննելով հիշյալ դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը մերժել էր այն հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69- րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, գտնելով, որ դիմողը խախտել է հիշյալ նորմով նախատեսված սահմանադրական դատարան դիմելու 6-ամսյա ժամկետը։ Ս.թ. նոյեմբերի 11-ին սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումով դիմողը փաստարկներ է ներկայացրել այն մասին, որ ԵԱՔԴ/0136/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի կայացրած 2014 թվականի մարտի 26-ի ԵԱՔԴ/0136/02/10 որոշումը դիմողն ստացել է 2014 թվականի ապրիլի 12-ին, հետևաբար պահպանել է սահմանադրական դատարան դիմելու օրենքով սահմանված վերջնաժամկետը։ Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում փոստային ծրարների վրա առկա փոստային համապատասխան ծառայությունների կողմից դրված կնիքների ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ անհատական դիմումի հիման վրա գործը սահմանադրական դատարանում պետք է քննության ընդունվի մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ա) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերաբերյալ

Դատական կազմը գտնում է, որ դիմողը չի ներկայացրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ պատշաճ իրավական հիմնավորումներ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Մինչդեռ դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավորում։

Բացի դրանից, դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավադրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Դատական կազմը նաև գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց։ Այսինքն դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։

Ղեկավարվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ.

բ) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ Վերոնշյալ նորմի սահմանադրականության վերաբերյալ դիմումում և կից նյութերում առկա փաստարկների ու հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն դիմումի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասով գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողն սպառել է իր իրավունքների դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Քաղաքացի Արա Վարդանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության։

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։

Նախագահող

Անդամներ

13 նոյեմբերի 2014 թվականի

ՍԴԴԿՈ/1-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 նոյեմբերի, 2014 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել