ՎԱՐԴԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 օգոստոսի 2020թ. ՍԴԴԿՈ - 42 | ՎԱՐԴԱՆ ԴԱՐԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 օգոստոսի 2020 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ դատավոր Ա. Թունյանի
Մասնակցությամբ դատավոր Վ. Գրիգորյանի
դատավոր Ա. Դիլանյանի
Քննության առնելով Վարդան Դարբինյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Վարդան Դարբինյանը 2020 թվականի հունիսի 18-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ ՀՀ վճռաբեկ դատարանին տրվել է առաջին ատյանի դատարանի վճիռը պատճառաբանելու լիազորություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի օգոստոսի 20-ը ներառյալ:
2. Դիմողը մատնանշում է, որ վիճարկվող նորմը կիրառելով Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա գործով բեկանել է վերաքննիչ դատարանի որոշումը և, օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի վճռին, լրացուցիչ պատճառաբանել է այն: Դիմողը գտնում է, որ Սահմանադրությամբ և օրենքներով Վճռաբեկ դատարանը չունի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը պարզաբանելու լիազորություն, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին նման բովանդակություն հաղորդելով, իրեն է վերագրել այդ լիազորությունը: Դիմողի կարծիքով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտմանը զրկելով անձին դատական պաշտպանության իրավունքից այն գործերով, որոնցով վերաքննիչ քաղաքացիական դատարանը, բեկանելով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, չի անդրադարձել վերաքննիչ բողոքում ներկայացրած բոլոր հանգամանքներին: Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի լիազորություններին դիմողը նշում է, որ վերջինս չունի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը վերանայելու լիազորություն, քանի որ այդ լիազորությունը բացառապես վերապահված է վերաքննիչ քաղաքացիական դատարանին: Ըստ դիմողի խնդրո առարկա քաղաքացիական գործով «Վճռաբեկ դատարանը գտել է, որ վճիռը սխալ է պատճառաբանված, հետևաբար, կիրառման են ենթակա իր որոշմամբ արտահայտած պատճառաբանությունները: Այսինքն, Վճռաբեկ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից պատճառաբանությունների մասով վերանայել է առաջին ատյանի դատարանի վճիռը, խախտելով, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 29-րդ հոդվածի պահանջները»: Ըստ դիմողի վիճարկվող նորմը և, իրավակիրառական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը ստեղծում են իրավական անորոշության իրավիճակ, երբ Վճռաբեկ դատարանը, բեկանելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատա-կան ակտը, ամբողջությամբ կամ մասնակիորեն օրինական ուժ է տալիս առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին: Բացի դրանից, իրավական անորոշության է հանգեցնում վիճարկվող նորմին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունն առ այն, որ օրինական ուժ տալով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին Վճռաբեկ դատարանը միաժամանակ վերանայում է այն հիմքում դնելով իր պատճառաբանությունները, մինչդեռ վիճարկվող նորմի օրենսդրական ձևակերպումից չի բխում Վճռաբեկ դատա-րանի նման լիազորությունը: Տվյալ մեկնաբանության պարագայում ևս ի հայտ է գալիս իրավական անորոշություն:
3. Ելնելով դիմումի և դրան կից դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. Դիմողի առաջ քաշած փաստարկների համաձայն վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորումը հնարավորություն չի ընձեռում Վճռաբեկ դատարանին պարզաբանելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վիճարկվող դրույթի նման մեկնաբանությամբ, իրեն է վերագրել այդ լիազորությունը: Բացի դրանից, քանի որ Վճռաբեկ դատարանն իրավասու է վերանայել միայն վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերը, հետևաբար, չունենալով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերը վերանայելու լիազորություն, զուրկ է նաև դրանք պատճառաբանելու իրավասությունից, քանի որ դատական ակտը կարելի է պատճառաբանել միայն դրա վերանայման արդյունքում: Քաղաքացիական դատավարության օրենսգրքի հիմնական դրույթներից են, ի թիվս այլնի դատական ակտին ներկայացվող պահանջները: Մասնավորապես` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված է, որ դատական ակտը պետք է լինի օրինական, հիմնավորված և պատճառաբանված: Ընդ որում դատական ակտն օրինական է, եթե այն կայացվել է Սահմանադրության, սահմանադրական օրենքների, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի, այլ օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ, որոնց նորմերը կիրառելի են տվյալ գործը քննելիս և լուծելիս: Դատական ակտը հիմնավորված է, եթե դրանում արտացոլված են այն կայացնելու համար անհրաժեշտ ու բավարար փաստական և իրավական հիմքերը, և դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները: Օրենսդիրը դատական ակտին ներկայացվող նշյալ պահանջները հավասարապես պարտադիր է համարել բոլոր ատյանների դատարանների, ներառյալ նաև Վճռաբեկ դատարանի ակտերի համար: Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքի քննության արդյունքով օրենսդրորեն իրեն վերապահված կոնկրետ ո՛ր լիազորությունն է իրականացնում, դրա իրացմամբ կայացված դատական ակտը պետք է բավարարի դատական ակտին ներկայացվող օրենսդրական պահանջները: Հետևաբար` ակնհայտ անհիմն են դիմողի այն փաստարկները, որ Վճռաբեկ դատարանը, օրինական ուժ տալով առաջին ատյանի դատարանի դատական ակտին, միաժամանակ վերանայում է այն հիմքում դնելով իր պատճառաբանությունները, մինչդեռ վիճարկվող նորմի օրենսդրական ձևակերպումից չի բխում Վճռաբեկ դատարանի նման լիազորությունը: Այսինքն` ցանկացած ակտ կայացնելիս Վճռաբեկ դատարանը կաշկանդված է դրա պատճառաբանվածությունն ապահովելու օրենսդրական պահանջի սկզբունքով և չի կարող դատական ակտ կայացնել առանց այն հիմնավորելու և պատճառաբանելու: Դատական ակտի հիմքում դրված պատճառաբանություններն են հնարավորություն տալիս վերադաս ատյանին գալու այս կամ այն եզրահանգման, գնահատելու ստորադաս դատական ատյանների ակտերի իրավաչափությունը: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանի վիճարկվող դրույթով նախատեսված լիազորության իրացման արդյունքում պատճառաբանված դատական ակտ կայացնելն օրենսդրական հրամայական է, որից, հետևաբար, Վճռաբեկ դատարանը շեղվելու հայեցողությամբ օժտված չէ, իսկ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու որոշման պատճառաբանություն նշելը Վճռաբեկ դատարանի ուղղակի պարտականությունն է: Դիմումում վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից իր փաստարկները չքննարկելու պարագայում Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով ավարտական ակտի հրապարակման և դրա ուժի մեջ մտնելով իր արդար դատաքննության իրավունքի խախտումների մասին պնդումների մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2018 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ իր վկայակոչած փաստարկներին չանդրադառնալու հարցը չի սպառել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով իրավական պաշտպանության իր տնօրինման ներքո գտնվող միջոցներով։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավա-կան ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականության» արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը դիմումն ակնհայտ անհիմն համարելու պատճառ է, ինչն ըստ «Սահմա-նադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Վարդան Դարբինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
20 օգոստոսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-42
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 օգոստոսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-42
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
