ՀՐԱՉԻԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-74)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 74 | ՀՐԱՉԻԿ ՂԱՄԲԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 29 հոկտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Հրաչիկ Ղամբարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Հրաչիկ Ղամբարյանը (ներկայացուցիչ` Տ. Մատինյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 14-ին) խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր ճանաչել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, ինչպես նաև այդ մեկնաբանությունից բխող կիրառությունը»:
2. Ըստ դիմողի «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասում «որևէ խոսք անգամ չկա պահանջի օրինականության, չափի, առաջնահերթության կամ ապահովվածության մասին. հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատարանը առանց գրավոր առարկությունների որոշում է բոլոր դեպքերում մտնել ապացույցների գնահատման դաշտ և գնահատել դրանց արժանահավատությունն ու բավարար լինելը, նա իրականացնում է լիազորությունների սահմանազանցում հանգեցնելով արդար դատաքննության իրավունքի խախտմանը, որի արդյունքում խախտվում է նաև մարդու սեփականության իրավունքը»: Դիմողը նշում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիրքորոշմամբ եթե անգամ պարտատերերի պահանջների նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ առկա չեն, այնուամենայնիվ, ստորադաս դատարանը պետք է քննի տվյալ պահանջները: Ըստ դիմողի տվյալ պարագայում իսպառ բացակայում է ոչ միայն դատական նիստ հրավիրելու պահանջը, այլև պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը քննարկելու օրենսդրական պահանջը, քանի որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ սահմանում է, որ եթե հրապարակումից հետո յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին: Նման պայմաններում, ըստ դիմողի, դատարանները, ցուցաբերելով բացարձակ կամայական մոտեցում և իրականացնելով լիազորությունների սահմանազանցում, անտեսելով օրենքի ուղղակի իմպերատիվ կարգավորումները, կատարում են Սահմանադրությանը ակնհայտ հակասող գործողություններ խախտելով Սահմանադրության մի շարք հոդվածներ: Ըստ դիմողի նույնիսկ եթե ընդունենք, որ դատարանները, անկախ պահանջի դեմ գրավոր առարկություններ ներկայացվելու հանգամանքից, պետք է քննարկեն յուրաքանչյուր պահանջի հիմքում դրված ապացույցների հիմնավորվածությունը, ապա տվյալ գործընթացը չի կարող իրականացվել առանց դատական նիստ հրավիրելու և առանց կողմերին հնարավորություն ընձեռելու այդ ընթացքում անհրաժեշտության դեպքում ներկայացնել հավելյալ ապացույցներ և մեկնաբանություններ: Դիմողը պնդում է, որ սույն գործով դատարանն առանց հստակեցնելու, թե տվյալ իրավիճակում «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի որ մասով է առաջնորդվում, պարտատերերի վերջնական ցուցակում ներգրավելու վերաբերյալ հիմնավորումների քննություն է իրականացրել հնարավորություն չընձեռելով իրեն ներկայացնել իր դիրքորոշումները և հնարավոր լրացուցիչ ապացույցներ: Այսպիսով դիմողը կարծում է, որ դատարանները «Սնանկության մասին» օրենքի վիճարկվող նորմերը կամայականորեն մեկնաբանելու արդյունքում ստեղծել են մի իրավիճակ, երբ որոշվում են անձի քաղաքացիական իրավունքները, մասնավորապես անձի սեփականության իրավունքը, սակայն անձը զրկված է դատարանի մատչելիության իրավունքից և, ըստ այդմ, հնարավորություն չունի մասնակցելու իրեն վերաբերող իրավական վեճի քննարկմանը: Վերոգրյալը հիմք ընդունելով դիմողը պնդում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություններով Սնանկության դատարանը և վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել են Սահմանադրության 6-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, ինչը, ըստ դիմողի, հանգեցնում է Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածների, ինչպես նաև վերոնշյալ կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածով սահմանված սեփականության իրավունքի խախտմանը:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ. Օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ, նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճերը, որոնց հիմքում դրված է ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարց: Մինչդեռ սույն անհատական դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով, ըստ էության, վիճարկվում է թիվ ՍնԴ/0400/04/20 սնանկության գործով Սնանկության դատարանի 01.03.2021թ. և վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.05.2021թ. որոշումների օրինականությունը։ Դիմողի պնդմամբ ՀՀ ներպետական դատարանները դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից, խախտել Սահմանադրությունը օրենքով սահմանված հստակ կարգավորումներին տալով կամայական մեկնաբանություն, ստեղծել են Սահմանադրությանը հակասող պրակտիկա, որի համաձայն անկախ պարտատերերի պահանջի նկատմամբ առարկության ներկայացումից դատարանները քննության են առնում ներկայացված յուրաքանչյուր պահանջի օրինականությունը: Մինչդեռ, ըստ դիմողի, նման օրենսդրական պահանջ առկա չէ, և դատարանները նշված դեպքերում թույլ են տվել լիազորությունների սահմանազանցում: Մասնավորապես, դիմողը նշում է. «(…) Օրենքի դրույթի նման մեկնաբանումը որևէ հիմք չի կարող ունենալ, այն բացարձակ կամայական է և ուղղակի խոչընդոտներ է ստեղծում անձի սեփականության իրավունքի իրացման համար: (...) Վերը ներկայացված գործի շրջանակներում, մասնավորապես, պարտատիրոջ կողմից պահանջին կից ներկայացվել են այն հիմնավորող փաստաթղթերը, սակայն դրանց չափի վերաբերյալ հենց այդ պահին ընթացքի մեջ է եղել մեկ այլ դատական վարույթ, որը, ի դեպ, սկսվել է 2013 թվականին և մինչ օրս, խախտելով արդար դատաքննության արդյունավետության սկզբունքը, դեռևս ընթանում է: Հետևաբար, դատարանները չեն կարող կամայականորեն լրացուցիչ չափորոշիչ սահմանել այն որ. «հաստատման են ենթակա միայն այն պահանջները, որոնց առկայության և չափի վերաբերյալ ներկայացված են բավարար ապացույցներ»: Դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների սահմանադրականության գնահատում, այլ դատարանների կողմից կայացված որոշումների իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից։ Վերոգրյալից բխում է, որ «Սնանկության մասին» օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ և 6-րդ մասերի առնչությամբ ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը դիմողն, ըստ էության, բարձրացնում է Սնանկության և վերաքննիչ քաղաքացիական դատարանների գործողությունների իրավաչափության, սնանկության գործով կայացված դատական ակտերի օրինականության հարցեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանն իր` 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ, հետագայում նաև այլ որոշումներով իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Հրաչիկ Ղամբարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյան
29 հոկտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-74
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հոկտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-74
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
