Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՏԵՓԱՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՅԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՏԵՓԱՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՅԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2715 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 27 | ՍՏԵՓԱՆ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՐԱՅԻԿ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 15 ապրիլի 2021 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Ստեփան Համբարյանի և Արայիկ Սաֆարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ստեփան Համբարյանը և Արայիկ Սաֆարյանը դիմել են Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մարտի 30-ին) խնդրելով. «քննարկել ․․․. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հաշվի առնելով տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:

2. Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողները գտնում են, որ

ա) ըստ Սահմանադրական դատարանի 2020 թվականի ապրիլի 28-ի ՍԴՈ-1526 որոշման 4.4 կետի Քրեական դատավարության օրենսգրքի 284-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումը չի կարող կողմերին և վերաքննիչ դատարանին «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորող նյութերը չտրամադրելու հիմք հանդիսանալ, քանի որ այն կհանգեցնի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների սահմանափակման: Ըստ Սահմանադրական դատարանի այդ դրույթը պետք է ընկալվի և մեկնաբանվի բացառապես այն իմաստով, որ չխաթարվի արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների բուն էությունը,

բ) առաջնորդվելով Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթով իրենք, որպես իրավական փաստարկ, վկայակոչել են Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1526 որոշումը և առաջին ատյանի դատարանի նույնանման դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի հիման վրա գործով վերաքննիչ դատարանի մեկնաբանությունները, որոնց արդյունքում վերաքննիչ դատարանը բավարարել է վերաքննիչ բողոքը: Դիմողները պնդում են, որ իրենց գործով վերաքննիչ դատարանը չի պահպանել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1526 որոշման պահանջները Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը կիրառելով Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Ինչ վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի 1-ին կետերի պահանջները կատարելուն, այն է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համապատասխան հիմքի առկայության մասին բավարար փաստական տվյալներ ներկայացնելու պայմաններում, ապա դիմողների կարծիքով Վճռաբեկ դատարանը 01.02.2021թ. կայացրել է «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում դրանք կիրառելով Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ: Դիմողները Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում են հետևյալ հարցերը.

- արդյո՞ք վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները կարող են անտեսել և չկիրառել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1526 որոշումը,

- արդյո՞ք վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը կամ վարույթ ընդունելը մերժելը Վճռաբեկ դատարանի համար հայեցողական լիազորություն է այն դեպքում, երբ բողոքաբերը ներկայացնում է բավարար փաստական տվյալներ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու այս կամ այն հիմքի առարկության վերաբերյալ:

3. Ելնելով դիմումի և գործում առկա դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. Քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը դիմողների նկատմամբ չի կիրառվել:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով և Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի դատական կազմը վերահաստատում է Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումն առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ինչ վերաբերում է Քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ վերջինիս վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի 11.04.2007թ. ՍԴՈ-691 որոշումը, որով Քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթները (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) համապատասխանող են ճանաչվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Մասնավորապես այդ որոշման 7-րդ կետում Սահմանադրական դատարանը նշել է. «Սահմանադրական դատարանն ընդունում է, որ վճռաբեկ դատարանի խնդիրը չէ քննության ընդունել ցանկացած բողոք: Սակայն օրենքը պետք է հաշվի առնի, որ ելնելով վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից, նա իր լիազորություններն առավել ամբողջական կկատարի, եթե վճռաբեկ բողոքը վերադարձնելու պատճառաբանմանն օրենսդրական պահանջ ներկայացվի: Նման մոտեցումը ոչ միայն լուրջ ներդրում կլինի դատական տվյալ ատյանի կողմից առավել ամբողջական նախադեպի ձևավորման հարցում, այլ նաև էապես կնվազեցնի չհիմնավորված բողոքների քանակը և կբարձրացնի արդարադատության արդյունավետությունը»: Օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթի բովանդակությունը և դրա իրացման երաշխավորումը Քրեական դատավարության օրենսգրքում և այլ իրավական ակտերում բացահայտված են Սահմանադրական դատարանի 09.04.2007թ. ՍԴՈ-690 որոշման մեջ, որում արտահայտված դիրքորոշումներին դատարանը հղում է կատարել քննարկվող ՍԴՈ-691 որոշմամբ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում … 3) եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում»: Անդրադառնալով Քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ դիմողները վերջինիս, ինչպես նաև դիմումով վիճարկվող մյուս բոլոր դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորում են նրանով, որ դատարանները չեն կատարել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1526 որոշման պահանջները: Ավելին, ըստ դիմողների «...Վերաքննիչ դատարանը սույն դեպքում ոչ միայն չի պահպանել Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1526 որոշման պահանջները, այլ առհասարակ անտեսել է այն»: Հիմնավորված չէ դիմողների նաև այն պնդումը, որ դատարանները վիճարկվող դրույթներին տվել են այլ մեկնաբանություն, քանի որ դրանք դատարանները որևէ կերպ չեն մեկնաբանել: Ուստի ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողներն իրականում առաջ են քաշում վերաքննիչ դատարանի գործողությունների իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ստեփան Համբարյանի և Արայիկ Սաֆարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող Ա. Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Վ. Գրիգորյան

15 ապրիլի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել