Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԻԽԱՅԻԼ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԻԽԱՅԻԼ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2186 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-218)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 218 | «ՄԻԽԱՅԻԼ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԻԽԱՅԻԼ ԹՈՒՄԱՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Միխայիլ Թումասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի սեպտեմբերի 9-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Միխայիլ Թումասյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մերի Կարապետյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասին, ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը (ամուսնության ընթացքում ձեռք բերված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցը գնահատվում է բացառապես գույքի ձեռքբերման պահին անձի ունեցած քաղաքացիության հիման վրա՝ առանց հաշվի առնելու սեփականության իրավունքի ճանաչման և պետական գրանցման պահին անձի իրավական կարգավիճակը, ինչի հետևանքով անձի նկատմամբ շարունակվում են կիրառվել հողի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանադրական սահմանափակման հետևանքները նաև այն բանից հետո, երբ նա ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն), ի խախտումն ՀՀ Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածների ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/0007/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկվում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, քանի որ տվյալ մեկնաբանությունը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ սեփականության իրավունքի խախտման:

Դիմողը գտնում է, որ վերոնշյալ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ առաջացել և շարունակում է առկա լինել «իրավական անորոշություն», քանի որ ձևավորված հակասական իրավակիրառ պրակտիկայի համաձայն՝ ամուսնության ընթացքում ձեռք բերված հողամասի նկատմամբ ամուսնու սեփականության իրավունքի ճանաչման հարցն անհրաժեշտ է գնահատել բացառապես գույքի ձեռքբերման պահի դրությամբ՝ առանց հաշվի առնելու, որ դատարան դիմելու և իրավունքի ճանաչման պահին սահմանադրական արգելքը վերացած է եղել՝ անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու արդյունքում:

Դիմողի պնդմամբ՝ ՀՀ դատարանների կողմից վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությունը հանգեցնում է նրան, որ անձը, դատարան դիմելու պահին լինելով ՀՀ քաղաքացի և այլևս չգտնվելով սահմանադրական արգելքի ներքո, միևնույն է, զրկվում է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունից: Ըստ Դիմողի՝ նման մեկնաբանությունը փաստացի հանգեցնում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման, քանի որ անձը կորցնում է համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ իր գույքային իրավունքի ճանաչման հնարավորությունը՝ ոչ թե գործող սահմանադրական արգելքի, այլ նախկինում գոյություն ունեցած կարգավիճակի պատճառով: Արդյունքում՝ Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված՝ խնդրո առարկա մեկնաբանությունը ստեղծում է իրավական անորոշություն և անհամաչափ միջամտություն սեփականության հիմնարար իրավունքի նկատմամբ, որը հիմք է տվյալ մեկնաբանության սահմանադրականությունը ստուգելու համար:

Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ձևավորված նման մեկնաբանությունը փաստացի ընդլայնում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված սահմանափակման բովանդակությունը՝ դրան հաղորդելով այնպիսի իրավական հետևանք, որը չի բխում ո՛չ նորմի տեքստից, ո՛չ դրա նպատակից, ո՛չ էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածով ամրագրված՝ ամուսինների գույքային իրավահավասարության սկզբունքից: Խնդրո առարկա մեկնաբանության պայմաններում, ըստ Դիմողի, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը փաստացի դառնում է կախված ոչ թե անձի ներկա իրավական կարգավիճակից, այլ նախկինում գոյություն ունեցած հանգամանքից, որի իրավական նշանակությունն արդեն դադարել է:

Քննարկվող համատեքստում Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում սահմանադրական արգելքը փաստացի վերածվել է ոչ թե անձի կարգավիճակով պայմանավորված ժամանակավոր սահմանափակման, այլ մշտական իրավական խոչընդոտի: Մինչդեռ, ըստ Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի բովանդակությունից չի բխում, որ օտարերկրյա քաղաքացի լինելու հանգամանքը կարող է անձի համար առաջացնել ցմահ իրավական հետևանքներ կամ շարունակել գործել նույնիսկ այն դեպքում, երբ անձը դարձել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ընդհակառակը՝ Դիմողը գտնում է, որ սահմանափակման միակ հիմքը անձի՝ օտարերկրյա քաղաքացի լինելն է, հետևաբար՝ տվյալ կարգավիճակի վերացման հետ պետք է վերանան նաև դրանից բխող իրավական հետևանքները:

Ըստ Դիմողի՝ հատկանշական է, որ վիճարկվող դրույթներին ՀՀ դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հանգեցնում է ներքին հակասության, մասնավորապես, մի կողմից՝ պետությունը, անձին քաղաքացիություն շնորհելով, ճանաչում է վերջինիս՝ որպես հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու իրավասու սուբյեկտ, մյուս կողմից՝ նույն անձին շարունակում է զրկել ամուսնության ընթացքում ձեռք բերված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունից՝ հղում կատարելով արդեն իսկ վերացած սահմանափակմանը: Նման մոտեցումը, Դիմողի պնդմամբ, ոչ միայն չի բխում վիճարկվող դրույթների բովանդակությունից, այլ նաև խաթարում է դրանց միջև համակարգային ներդաշնակությունը:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը չի բավարարում համաչափության սահմանադրական սկզբունքի պահանջները, քանի որ սահմանափակման համար ընտրված միջոցը ոչ անհրաժեշտ է, ոչ էլ համարժեք՝ հետապնդվող նպատակի տեսանկյունից, որի արդյունքում՝ անհամաչափ միջամտություն է տեղի ունենում իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ սեփականության իրավունքի նկատմամբ:

Դիմողը նաև նշում է, որ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասին և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում ՀՀ դատարանները փաստացի գույքի ձեռքբերման պահը նույնացրել են սեփականության իրավունքի ծագման և ճանաչման պահի հետ՝ այդ հիմքով իր նկատմամբ շարունակելով կիրառել սահմանադրական այն արգելքի հետևանքները, որն արդեն իսկ դադարել էր գոյություն ունենալ:

Ավելին, Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցնում է նաև իրավական անորոշության, քանի որ անձը չի կարող ողջամտորեն կանխատեսել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց և հողի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու իրավասու սուբյեկտ դառնալուց հետո ևս կշարունակի կրել նախկինում գոյություն ունեցած սահմանադրական սահմանափակման հետևանքները: Ըստ Դիմողի՝ նման պայմաններում խախտվում է ոչ միայն իր՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության իրավունքը, այլ նաև 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ իրավունքի կրողը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Սույն անհատական դիմումով բարձրացվող՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի՝ վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում Դիմողի՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ լինելու հանգամանքը:

Այսպես՝ Դիմողը քննարկվող համատեքստում, ըստ էության, վիճարկման առարկա է դարձնում Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, մասնավորապես, դրա (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքին, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված սկզբունքներին: Մինչդեռ, ինչպես արդեն վկայակոչվել է, անհատական դիմումի շրջանակներում Սահմանադրական դատարանի քննության առարկա կարող է դառնալ միայն դատարանի վերջնական ակտով անձի նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, այլ ոչ թե Սահմանադրությամբ ամրագրված դրույթի (սույն պարագայում՝ նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության մեկ այլ դրույթին (սույն պարագայում՝ միևնույն հոդվածի այլ մասին)։

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրակացնում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ լինելը։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած համապատասխան իրավական դիրքորոշման համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը: Մասնավորապես՝ Դիմողը քննարկվող համատեքստում վիճարկման առարկա է դարձնում Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը՝ դրա (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության միևնույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքին համապատասխանության համատեքստում (Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածների հաշվառմամբ), սակայն վերջինս օժտված չէ նման իրավական հնարավորությամբ: Հետևաբար՝ Դիմողը սույն համատեքստում Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

3.2. Սույն անհատական դիմումով բարձրացվող՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Ինչպես արդեն վկայակոչվել է՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում՝ դրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, ինչը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում քննարկվող համատեքստում վիճարկում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

այսպես, Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:

Քննարկվող համատեքստում կարևոր է նաև վկայակոչել խնդրո առարկա՝ թիվ ՍնԴ/0007/02/24 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 17-ին կայացված որոշմամբ արված հետևյալ արձանագրումները.

«Համաձայն սույն գործի փաստերի՝ վեճի առարկա գույքերը Գոհար Մարտինի Հարությունյանի կողմից ձեռք է բերվել առուվաճառքի պայմանագրերի հիմքով՝ Միխայիլ Թիվանի Թումասյանի հետ ամուսնության ընթացքում: Սակայն սույն վեճի համար էական նշանակություն ունի այն, որ Միխայիլ Թիվանի Թումասյանը, վեճի առարկա գույքերը (...) ձեռք բերվելու պահին հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի և վերջինիս ՀՀ քաղաքացիություն շնորհվել է Հանրապետության նախագահի 2023 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին» թիվ ՆՀ-157-Ա հրամանագրով:

(...)

Ինչ վերաբերում է Բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարան դիմելու պահի դրությամբ Միխայիլ Թումասյանը հանդիսացել է ՀՀ քաղաքացի, ուստի իրավունք ունի օգտվելու հողի սեփականության իրավունքից, ապա Վերաքննիչ դատարանը փաստում է, որ ներկայացված պահանջի իրավական և փաստական հիմքերի պայմաններում Դատարանն իրավաչափորեն գնահատել է սեփականության իրավունքի ծագման հիմքերը գույքի ձեռքբերման պահին, այլ կերպ ասած այն պարագայում, երբ հայցապահանջի իրավական հիմքը հանդիսանում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածը, հայցվորի սեփականության իրավունքի ծագման հիմքը պետք է դիտարկվեր գույքերի ձեռքբերման դրությամբ և ոչ թե Դատարան դիմելու պահին, քանի որ սեփականության իրավունքի ճանաչման հիմքում այլ իրավական հիմնավորումներ և փաստարկներ չեն վկայակոչվել, հետևաբար Դատարան դիմելու պահին Հայցվորի՝ արդեն իսկ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքն այլևս որևէ իրավական հետևանք չի առաջացնում համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերված գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հիմքերը գնահատելու հարցում հենց այն փաստի ուժով, որ գույքերի ձեռքբերման պահին Հայցվորը հանդիսացել է օտարերկրյա քաղաքացի և վերջինիս համար առկա է եղել հողի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու սահմանադրորեն ամրագրված արգելք» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):

Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածին:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված՝ սեփականության հիմնական իրավունքին, հետևաբար և՝ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներով երաշխավորված սկզբունքներին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումը քննարկվող համատեքստում ակնհայտ անհիմն է, ինչը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Միխայիլ Թումասյանի` պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. «Միխայիլ Թումասյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

6 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-218

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-218
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել