ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 21 | ՄԱՐԳՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 ապրիլի 2022 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Մարգո Մարգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մարգո Մարգարյանը (ներկայացուցիչ Տ. Խուրշուդյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի մարտի 29-ին) խնդրելով. «Ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»:
2. Դիմողը նշում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 224-րդ հոդվածով սահմանել է, որ բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը պատկանում է բազմաբնակարան բնակելի շենքի և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ավելին նշվածի արդյունքում, ըստ դիմողի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, այդ թվում դատարանները նշված նորմը կիրառում են նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը կառուցված բազմաբնակարան բնակելի շենքի և (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ: Այսինքն դիմողի մեկնաբանմամբ` Օրենսգրքի 224-րդ հոդվածին տրվել է հետադարձ ուժ, ինչի ուժով մինչև Օրենսգրքի ուժի մեջ մտնելը կառուցված և պետությանը սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարան բնակելի շենքի և (կամ) ոչ բնակելի տարածքների ընդհանուր տարածքների նկատմամբ ծագել է բազմաբնակարան բնակելի շենքի և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: Ըստ դիմողի որևէ հոդվածով չի սահմանվել, թե արդյո՞ք վիճարկվող նորմը կիրառելի է մինչև ուժի մեջ մտնելը կառուցված բազմաբնակարան բնակելի շենքի և (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ, թե ոչ, բացի դրանից, ոչ Օրենսգրքի 224-րդ հոդվածով և ոչ էլ նշված հոդվածը լրացնելու և փոփոխություններ կատարելու մասին օրենքով հստակ չի սահմանվել հետադարձ ուժ տալու որևէ կարգավորում: Սակայն դիմողը գտնում է, որ գործնականում ինչպես տեղական ինքնակառավարման մարմինները, այնպես էլ ՀՀ կադաստրի պետական կոմիտեն, դատարանները և այլ պետական մարմինները վիճարկվող նորմը կիրառում են նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը կառուցված բազմաբնակարան և (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ: Դիմողն արձանագրում է, որ օրենսդրի կողմից Օրենսգրքի 224-րդ հոդվածին հետադարձ ուժ տալով` խախտվել է Սահմանադրության 73-րդ հոդվածը, քանի որ, ըստ դիմողի, իրավական ակտի հետադարձությունը թույլատրվում է բացառիկ դեպքերում, և օրենսդրի կողմից այդ ակտին հետադարձ ուժ պետք է հաղորդվեր հնարավոր իրավական հետևանքների բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա, իսկ տվյալ դեպքում Օրենսգրքի 224-րդ հոդվածին հետադարձ ուժ տալու հետևանքով, դիմողի կարծիքով, իր իրավական վիճակը վատթարացել է, քանի որ մինչև այդ նկուղը համարվել է պետության սեփականությունը, և եթե վիճարկվող հոդվածին հետադարձ ուժ չտրվեր, ապա դիմողը, իր մեկնաբանմամբ, Օրենսգրքի 187-րդ հոդվածի ուժով կարող էր նկուղի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք: Հետևաբար` ըստ դիմողի` իր կողմից նկուղի հանդեպ ունեցած «օրինական ակնկալիքը» հիմնված է եղել Օրենսգրքի 187-րդ հոդվածի և դրա հիման վրա ձևավորված նախադեպային իրավունքի վրա և համարվել է «գույք» Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային կից առաջին արձանագրության առաջին հոդվածով, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը, դիմողի պնդմամբ, հակասելով Սահմանադրության 73 և 79-րդ հոդվածներին, հանգեցրել է իր Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված սեփականության իրավունքի զրկման։
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է դատական ակտի օրինականության, դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր։ Մասնավորապես դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների բովանդակությունից հետևում է, որ թիվ ԵԿԴ/0010/02/14 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր` 2021 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը, սակայն, ըստ դիմողի, վիճարկվող դրույթը սույն գործով չպետք է կիրառվեր, քանի որ ինքը, հանդիսանալով Նալբանդյան փողոցի 41/1 շենքի թիվ 17 բնակարանի սեփականատեր, վիճելի նկուղը տասը տարուց ավելի, անընդմեջ, բացահայտ և բարեխիղճ տիրապետել է, հետևաբար տվյալ դեպքում կիրառման ենթակա են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կարգավորումները։ Մասնավորապես, դիմողը նշում է․ «․․․Վերաքննիչ դատարանը կիրառել է Դիմումատուների նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ Նկուղը նախ համարել է բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, այնուհետ նկատի ունենալով, որ ք․ Երևան, Նալբանդյան փող․, թիվ 41/1 բազմաբնակարան շենքի և շինությունների բոլոր սեփականատերերը չեն տրամադրել իրենց համաձայնությունը` Նկուղը Դիմումատուներին հանձնելու վերաբերյալ, ուստի հանգել է այն հետևության, որ Դիմումատուները չեն ապացուցել իրենց կողմից գույքի տիրապետման բարեխղճության պայմանի առկայության մասին»։ Միաժամանակ, դիմողը կարծում է, որ «․․․ բոլորին հասկանալի է, որ եթե Վերաքննիչ դատարանը որոշմամբ Նկուղը չհամարեր ք․ Երևան, Նալբանդյան փող․, թիվ 41/1 բազմաբնակարան շենքի և շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ապա սեփականատերերի համաձայնությունը ներկայացնելու անհրաժեշտությունը չէր առաջանա, այսինքն կհիմնավորվեր բարեխղճության պայմանի առկայությունը»։ Դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով չեն ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի հակասահմանադրականության կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ, մինչդեռ դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները հանգում են թիվ ԵԿԴ/0010/02/14 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի ապրիլի 30-ի որոշման օրինականության, դատարանի գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Վերոգրյալով պայմանավորված` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ ձևականորեն ներկայացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտի օրինականության, դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Մարգո Մարգարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Խաչատրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
15 ապրիլի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-21
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-21
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
