«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-176)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 նոյեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 176 | «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՎԻ ԱՌՆՎԱԶՆ ՄԵԿ ՀԻՆԳԵՐՈՐԴԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 8.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2024 թվականի նոյեմբերի 1-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(…) որոշել «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 8.1. հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ, 75-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ հարցադրումները. արդյո՞ք «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 8.1-ին հոդվածը չի հակասում Սահմանադրության 29, 60, 78 և 79-րդ հոդվածներին:
Վկայակոչելով Սահմանադրության 10 և 60-րդ հոդվածները, ինչպես նաև ներկայացնելով Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան դիրքորոշումները՝ Դիմողը պնդում է. «(…) դրանով [Օրենքի 8.1-ին հոդվածով] խախտվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների սեփականության իրավունքը, քանի որ վերջիններս զրկվում են իրենց սեփականությունը, տվյալ դեպքում՝ փայը, իրենց հայեցողությամբ տնօրինելու հնարավորությունից»:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմը չպետք է կիրառվեր Արցախից բռնագաղթված փախստականների նկատմամբ. «(…) վերջինս անհրաժեշտ չափով չի համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված իրավական որոշակիության պահանջներին, ինչի արդյունքում այն իրավակիրառ պրակտիկայում ընկալվել է իբրև հիշյալ փախստականների նկատմամբ կիրառման ենթակա իրավական նորմ, իր հերթին հանգեցնելով (...) խտրականության արգելքի սկզբունքի բացահայտ խախտմանը»:
Դիմողը նշում է. «2024 թվականի հունվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որի 1-ին հոդվածով լրացվել է 38.1. հոդվածով (…):
(...)
Վերոնշյալ օրենքը ստորագրվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից 2024 թվականի հունվարի 18-ին և ուժի մեջ է մտել նույն թվականի հունվարի 28-ին: Առնվազն 2024 թվականի հունվարի 28-ից, երբ ուժի մեջ է մտել վերոնշյալ օրենքը, Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեցել են օրինական ակնկալիք՝ իրենց օգտին կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցների (անկախ դրա չափից) տնօրինման, այդ թվում՝ իր բանկային հաշվին փոխանցման (այսուհետ՝ միջոցների նկատմամբ օրինական ակնկալիք): Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ օրինական ակնկալիքը՝ որպես սեփականության իրավունքի բաղկացուցիչ տարր, պաշտպանվում է նաև Արցախի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածով»:
Դիմողի գնահատմամբ՝ ՀՀ օրենսդիրը վիճարկվող դրույթով սահմանափակել է Արցախի Հանրապետության բնակչության՝ Արցախի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 38.1-ին հոդվածով երաշխավորված օրինական ակնկալիքը:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող կարգավորումը խնդրահարույց է Սահմանադրության 78-րդ հոդվածի համատեքստում ևս, քանզի «(…) ՀՀ Ազգային ժողովը չէր կարող հետապնդել լեգիտիմ նպատակ, քանի որ այդ նպատակն արդեն իսկ սահմանվել էր Արցախի Հանրապետության բնակչության համար՝ որոշակի ժամանակահատվածի ընթացքում ստանալու կուտակային կենսաթոշակային ֆոնդում իր անվամբ պահպանվող գումարները»: Ավելին, Դիմողի գնահատմամբ՝ ՀՀ օրենսդիրն Օրենքի 8.1-ին հոդվածով ընտրել է հնարավոր ամենախիստ միջոցը և դրանով իսկ կարող է արձանագրվել, որ այն անհրաժեշտ չէր, քանզի, ըստ Դիմողի, ՀՀ օրենքով պետք է հնարավորություն տրվեր Արցախի Հանրապետության այն բնակիչներին, որոնք Հայաստանի Հանրապետությունում ստացել են կացության իրավունք և աշխատանքային պայմանագրի հիման վրա անցել են աշխատանքի, իրենց դիմումի հիման վրա Արցախի Հանրապետության սպասարկող ֆոնդում առկա միջոցների իրենց փայերը փոխանցել այլ ֆոնդի:
Դիմողը շեշտադրում է, որ ՀՀ օրենսդիրը պարտավոր էր հաշվի առնել Արցախի Հանրապետության բնակիչների սոցիալական առումով խոցելիությունը, որի հաշվառմամբ էլ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հնարավորություն է ընձեռել կուտակային կենսաթոշակային ֆոնդում առկա փայի մարման արդյունքում այդ միջոցները տնօրինել, այդ թվում նաև՝ սեփական հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
Վկայակոչելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախաբանը՝ Դիմողը գտնում է, որ օրենսդիրը կարգավորում է միայն կուտակային կենսաթոշակային վճար կատարած այն անձանց հետ կապված կենսաթոշակային հարցերը, որոնք իրենց աշխատանքային գործունեությունն իրականացրել են բացառապես Հայաստանի Հանրապետությունում, ուստի՝ օրենսդրի հիմնավորումն առ այն, որ անհրաժեշտ է կուտակված միջոցները ծառայեցնել սահմանված նպատակներին, Արցախի Հանրապետության բնակչության մասով տեղին չէ:
Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Դիմողը գտնում է, որ Արցախի Հանրապետության բնակչության սեփականության իրավունքի «(…) այս խիստ սահմանափակումը չի կարող արդարացվել Սահմանադրության 78-րդ հոդվածի լույսի ներքո»:
3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (08.02.2019 թ. ՍԴԱՈ-12, 26.11.2019 թ. ՍԴԱՈ-141, 30.11.2020 թ. ՍԴԱՈ-222, 15.02.2021 թ. ՍԴԱՈ-32, 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 և այլն) բացահայտել է այն հարցերի շրջանակը, որոնք Սահմանադիրը չի դիտարկել իբրև Բարձր դատարանի քննությանը ենթակա հարց:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող համապատասխան պետական մարմինների և պաշտոնատար անձանց Սահմանադիրն իրավունք է վերապահել դիմել Սահմանադրական դատարան բացառապես սահմանադրաիրավական բովանդակություն ունեցող վեճերով, այն է՝ Սահմանադրության 168-րդ հոդվածով նախանշված այն հարցերով, որոնց առարկան անմիջականորեն կապված է Սահմանադրության նորմերի մեկնաբանման և կիրառման, պետական իշխանության օրինական հաջորդականության երաշխավորման, իրավական անվտանգության, սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերի լուծման հետ և այլն:
Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ Դիմողը Բարձր դատարանի առջև փորձում է բարձրացնել Օրենքի 8.1-ին հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) ենթադրյալ հակասահմանադրականության հարց՝ Սահմանադրության 60 և 75-րդ հոդվածների համատեքստում (ըստ դիմումի խնդրամասի):
Ուսումնասիրելով դիմումը, դրանում ներկայացված հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ Դիմողը պնդում է, որ «(…) Արցախի Հանրապետության քաղաքացիներն ունեցել են օրինական ակնկալիք՝ իրենց օգտին կատարված կուտակային վճարների հաշվին ձեռք բերված կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման և դրա արդյունքում ձևավորված միջոցների (անկախ դրա չափից) տնօրինման, այդ թվում՝ իր բանկային հաշվին փոխանցման (այսուհետ՝ միջոցների նկատմամբ օրինական ակնկալիք)»՝ առանց վկայակոչելու Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ գտնվող և համապատասխան իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի որևէ իրավական նորմ, որը, հաշվի առնելով «օրինական ակնկալիքի» առնչությամբ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, կարող էր Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսված որևէ իրավունքի առկայություն վկայել:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոգրյալն ինքնին բացառում է նաև Սահմանադրության 75-րդ հոդվածով ամրագրված՝ հիմնական իրավունքների և ազատությունների կազմակերպական կառուցակարգերի պահանջի լույսի ներքո վիճարկվող նորմի սահմանադրականության գնահատումը՝ հաշվի առնելով, որ սույն սահմանադրական սկզբունքը կարող է քննարկման առարկա դառնալ որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության արդյունավետ իրականացման առնչությամբ վեճի համատեքստում:
Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումի շրջանակներում Դիմողը բարձրացնում է նաև վիճարկվող նորմին՝ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հարց՝ ըստ էության չհստակեցնելով ինչպես տրված մեկնաբանության բովանդակությունը, այնպես էլ սույն հարցադրումն իր կարգավիճակի շրջանակներում սահմանադրական վերահսկողության առարկա դարձնելու հիմքերը:
Այսպիսով, գնահատման առարկա դարձնելով խնդրո առարկա նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի կողմից ներկայացված փաստարկները՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ Դիմողի դատողությունները որևէ կերպ իրավաբանորեն փաստարկված չեն, մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները» վերտառությամբ 24-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի ուժով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումին ներկայացվող պահանջների շարքում օրենսդիրը հստակ ամրագրել է սեփական փաստարկները ներկայացնելու պահանջ:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարանի՝ 03.12.2021 թ. ՍԴԱՈ-248 որոշմամբ Սահմանադրական դատարան դիմող առանձին սուբյեկտներին առավել բարձր մակարդակի փութաջանություն ցուցաբերելու հորդորը սոսկ վերացական բնույթ չէր կրում:
Սահմանադրական արդարադատություն հայցելիս օրենսդրական բարձր գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում ենթադրյալ հակասահմանադրական իրավակարգավորումները Բարձր դատարանի առջև բարձրացնելու նպատակային գործիքակազմը մշտապես պետք է ծառայի հանրային կյանքի բոլոր ոլորտներում Սահմանադրության գերակայության հաստատմանն ու ամրապնդմանը:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է Բարձր դատարան ներկայացվող դիմումների կազմման գործընթացում բարձր կարգավիճակ ունեցող սուբյեկտների կողմից աչալրջություն ցուցաբերելու անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ դիմումներն իրենց բովանդակությամբ պետք է բարձրացնեն հասարակական կյանքի տարաբնույթ ոլորտների վիճելի իրավակարգավորումների սահմանադրականության խնդիրներ, ուստի՝ յուրաքանչյուր դեպքում հիշյալ սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում ձգտել առավելագույնս բացահայտել վիճարկվող օրինադրույթների հակասահմանադրականությունը՝ իրավական համապատասխան գործիքակազմի կիրարկմամբ՝ պայմանավորված նաև իրողությամբ առ այն, որ սահմանադրաիրավական վեճ պարունակող դիմումի ընդունելիությունը բխում է, նախևառաջ, բացառապես հանրային շահով առաջնորդվող Դիմողի շահերից:
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը չի հաղթահարել իրավաբանորեն հիմնավորված և Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա դիմում ներկայացնելու օրենսդրական նախապայմանը, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-րդ կետով նախատեսված հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի մասնակիցների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության լրացուցիչ երաշխիքների մասին» օրենքի 8.1-ին հոդվածի՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
19 նոյեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-176
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 նոյեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-176
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
