Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12825 հունիսի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-128)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 հունիսի 2021թ. ՍԴԱՈ - 128 | «ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄՈՒՇԵՂ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 101-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ

ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մուշեղ Ղարիբյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Մուշեղ Ղարիբյանը (օրինական ներկայացուցիչ Է. Ղարիբյան, ներկայացուցիչներ Գ. Գալիկյան, Ա. Ղազարյան) 2021 թվականի մայիսի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, Կամ

Բացահայտել վիճարկվող դրույթների սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողը նշում է, որ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթը, համաձայն որի բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը և խախտում է իր անձնական ազատության իրավունքը: Դիմողը վկայակոչել է մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնց վերլուծության արդյունքում եզրակացրել է, որ միջազգային կոնվենցիաները, ի տարբերություն ներպետական օրենսդրության, կարևորում են անձի հոգեկան վիճակը, այլ ոչ թե հոգեկան հիվանդության առկայությամբ պայմանավորված` անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը: ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված դրույթի առնչությամբ դիմողը նշում է, որ հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա դատարանը կարող է որոշում կայացնել նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի տեսակը փոխելու մասին: Դիմողի կարծիքով քրեաիրավական նորմին տրված մեկնաբանությամբ ակնհայտ է դառնում այն, որ բժշկական բնույթի հարկադրանքի տեսակի փոփոխման հարցի քննության ընթացքում գործը քննող դատարանի համար բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը չի կրում որոշիչ նշանակություն:

Ըստ դիմողի բժշկական բնույթի հարկադրանքի տեսակի փոփոխման վերաբերյալ հարցի քննության ընթացքում դատարանի գործողությունները պետք է բխեն փորձագիտական եզրակացությունից և որևէ կերպ չհակասեն դրան: Դիմողի գնահատմամբ թիվ ԵԴ/0031/14/20 գործով ոտնահարվել է իր արժանապատվության իրավունքը, իսկ անձնական ազատության իրավունքի խախտումն արտահայտվել է նրանով, որ ունենալով հոգեկան հիվանդություն, սակայն հանրության համար վտանգ չներկայացնելով, ըստ էության 2018թ. մարտի 21-ից ենթարկվում է ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքում հարկադիր բուժման: Այլ կերպ ասած դիմողի կարծիքով 2018թ. մարտի 21-ից ներառյալ մինչև Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի կազմման պահը ոտնահարվում են իր Սահմանադրությամբ ամրագրված արժանապատվության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, անձնական ազատության իրավունքները:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված Բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման հանձնաժողովի թիվ 57 եզրակացությունը, ինչպես նաև դատական ակտերը, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6- րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նշված օրենքի 69- րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է»: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման համաձայն` Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Մասնավորապես, նշված որոշման համաձայն «... դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ...: (...)

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Քննարկվող դեպքում դիմողը խնդրում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 23-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասն այն առումով, որ համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերը, ի տարբերություն ներպետական օրենսդրության, կարևորում են անձի հոգեկան վիճակը, այլ ոչ թե հոգեկան հիվանդության առկայությամբ պայմանավորված` անձի կատարած արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողը փաստարկում է, որ քրեաիրավական նորմին տրված մեկնաբանությամբ ակնհայտ է դառնում այն, որ բժշկական բնույթի հարկադրանքի տեսակի փոփոխման հարցի քննու- թյան ընթացքում գործը քննող դատարանի համար բժշկական հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը չի կրում որոշիչ նշանակություն:

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի ուժով բժշկական բնույթի հարկադրանքի միջոց նշանակելիս դատարանը հաշվի է առնում ոչ միայն արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը (ինչպես որ դիմողն է նշում), այլ նաև անձի հոգեկան հիվանդությունը, այսինքն տվյալ դեպքում օրենսդիրը կարևորում է նաև անձի հոգեկան վիճակը հաշվի առնելու հանգամանքը: Ընդ որում, վերը նշված Բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման հանձնաժողովի թիվ 57 եզրակացությունից ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովը սույն գործով դիմողի հիվանդության առնչությամբ օգտագործում է «այն կարող է ավարտվել լավացումով» արտահայտությունը, ինչից չի բխում, որ անձը տվյալ պահին լավացել է: Մյուս կողմից, դիմողի գործով վերաքննիչ դատարանն իր որոշման հիմնավորման համար հաստատված է համարել այն փաստը, որ մինչև իրեն վերագրվող արարքները կատարելը սույն գործով դիմողն ունեցել է բազմաթիվ հոսպիտալացումներ, որոնց արդյունքում վերջինիս առողջական վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլև կատարել է առանձնապես ծանր հանցագործությունների շարքին դասվող արարքներ: Այդ հիմքով դատարանը գտել է, որ բուժման տևողությունը բավարար չէ արձանագրելու, որ տվյալ անձը հոգեբուժական հիվանդանոցում բուժումը շարունակելու կարիք չունի, և նրա նկատմամբ կարող է կիրառվել ամենամեղմ ռեժիմ ունեցող հարկադրանքի միջոցը:

Հետևաբար Սահմանադրության դիմողի վկայակոչած հոդվածների շրջանակներում վերջինիս բերած փաստարկները տվյալ դեպքում չեն կարող դիտարկվել որպես դիմումի պատշաճ հիմնավորում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողի փաստարկներն իրականում առնչվում են իր գործով վերաքննիչ դատարանի դատական ակտի իրավաչափությանն այն առումով, որ վերջինս հաշվի չի առել Բժշկական բնույթի հարկադրական միջոցների վերանայման հանձնաժողովի թիվ 57 եզրակացությունը: Այսինքն ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով սահմանադրականության հարց դիմողն իրականում վիճարկում է դատական ակտի իրավաչափությունը, որպիսի հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:

Հաշվի առնելով վերը նշվածը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողի բարձրացրած հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Մուշեղ Ղարիբյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 հունիսի 2021 թվականի

ՍԴԱՈ-128

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 հունիսի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-128
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել