«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 ապրիլի 2021թ. ՍԴԴԿՈ - 29 | «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 ապրիլի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Վ. Գրիգորյանի
Քննության առնելով «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի ապրիլի 8-ին) խնդրելով. «(1) ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 59-րդ, 61-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի «պետք է իմացած լիներ» արտահայտությունը նշանակում է «պետք է հաստատապես իմացած լինի», (2) ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 59-րդ, 61-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասը այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի «պարտավոր էր իմանալ» արտահայտությունը նշանակում է «պետք է հաստատապես իմացած լինի», (3) ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 59-րդ, 61-րդ, 75-րդ, 76-րդ հոդվածներին հակասող ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասը և 317-րդ հոդվածի 2-րդ մասը այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի «պետք է իմացած լիներ» և «պարտավոր էր իմանալ» արտահայտություններն ունեն տարբեր նշանակություն»:
2. Դիմողը պնդում է, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքի սկզբին վերաբերող Քաղաքացիական օրենսգրքի դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և տեղիք են տալիս դրանց տարաբնույթ մեկնաբանման, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասում գործածվում է «պետք է իմացած լիներ» արտահայտությունը, իսկ Քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասում «պարտավոր էր իմանալ» արտահատությունը, և ըստ դիմողի հարց է ծագում արդյոք այս երկու արտահայտություններն ունեն նույն իմաստը, թե ոչ։ Դիմողի կարծիքով «պետք է իմացած լիներ» կամ «պարտավոր էր իմանալ» պայմանները պետք է մեկնաբանվեն որպես «ունեին իմանալու համար հիմք և օբյեկտիվ հնարավորություն»: Դիմողը նշում է, որ հարցը, թե երբ հայցվորը պետք է իմանար («պետք է իմացած լիներ»/«պարտավոր էր իմանալ») իր իրավունքի խախտման մասին, պետք է որոշվի դատարանի կողմից հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները և ելնելով քաղաքացիական շրջանառության յուրաքանչյուր մասնակցի իր գույքի նկատմամբ ողջամիտ հոգատարություն ցուցաբերելու հարցում շահագրգռված լինելու կանխավարկածից: Ըստ դիմողի, եթե պարզվի, որ հայցվորն իր իսկ անհոգ վերաբերմունքի պատճառով ժամանակին չի իմացել իր իրավունքի խախտման մասին, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքը պետք է սկսված համարել այն պահից, երբ, ըստ գործի հանգամանքների, հայցվորը պետք է ողջամտորեն իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, եթե չցուցաբերեր անհոգ վերաբերմունք: Դիմողի համոզմամբ Վճռաբեկ դատարանի այն դիրքորոշումը, որ օրենսդրի կողմից գործածված «իմացել է» և «պետք է իմացած լիներ» արտահայտությունների «տառացի մեկնաբանությունը հանգեցնում է այն հետևության, որ հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվելու համար անհրաժեշտ է, որ հայցվորը հաստատապես իմանա կամ իմացած լինի իր իրավունքի խախտման մասին», ակնհայտ սխալ է, հակասում է այդ արտահայտությունների տառացի նշանակությանը և չի արտացոլում օրենսդրի կողմից գործածված «պետք է իմացած լիներ» արտահայտության տառացի նշանակությունը: Դիմողը նշում է, որ օրենսդրի կողմից սահմանված «իմացել է» և «պետք է իմացած լիներ» պայմաններն ունեն միմյանցից տարբերվող տառացի նշանակություն, և «պետք է իմացած լիներ» պայմանը չի ենթադրում «իրավունքի խախտման մասին հաստատապես իմանալու հանգամանքը»: Տվյալ դեպքում, ըստ դիմողի, Վճռաբեկ դատարանը (ինչպես առաջին ատյանի դատարանը և վերաքննիչ դատարանը) թիվ ԵԿԴ/1397/02/11 քաղաքացիական գործը քննելիս չի համարել, որ բաժնետիրական ընկերության կողմից վերստուգող հանձնաժողով (վերստուգող) չընտրելը և/կամ տարեկան ժողով չգումարելը, և, համապատասխանաբար, առանց օրենքով նախատեսված վերահսկողության գործելը և օրենքի համաձայն տարեկան կտրվածքով բաժնետերերի առջև հաշվետու չլինելը բավարար հիմքեր չեն, որպեսզի բաժնետերերը ձեռնարկեին ողջամիտ քայլեր իրենց իրավունքի խախտման իրական ծավալները պարզելու և խախտումների վերացում պահանջելու համար: Դիմողը կարծում է, որ, ըստ էության, դատարանների մեկնաբանությունից բխում է բաժնետերերը կարող են բացարձակ անհոգ վերաբերմունք ցուցաբերել ընկերության կողմից թույլ տրվող խախտումների նկատմամբ, և նման անհոգ վերաբերմունքի արդյունքում առաջացող բոլոր ռիսկերը պետք է կրեն ընկերության հետ իրավահարաբերությունների մեջ մտնող երրորդ անձինք, իսկ բաժնետերերը կարող են անսահմանափակ ժամանակ անց իրենց խախտված իրավունքի մասին հաստատապես իմանալուց հետո մեկ տարվա ընթացքում, վիճարկել երրորդ անձի հետ իրենց իրավունքի խախտմամբ կնքված որևէ պայմանագիր: Ըստ դիմողի դատարանների կողմից օրենքի դրույթի այսպիսի մեկնաբանությունը, որի արդյունքում որևէ անձ պետք է կրի մեկ այլ անձի անհոգ վերաբերմունքի ռիսկերը, այն էլ անորոշ ժամանակահատվածի ընթացքում, հակասում է օրենքի նպատակին, իսկ օրենքի համապատասխան դրույթները դրանցում բովանդակվող անորոշություններով, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված կամայական մեկնաբանությամբ հակասում են Սահմանադրությանն ու ՀՀ օրենսդրության սկզբունքներին:
3. Դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես.
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է
ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,
գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ մասի և 337-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող Ա. Վաղարշյան
Անդամներ Է. Շաթիրյան
Վ. Գրիգորյան
23 ապրիլի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 ապրիլի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
