Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1621 հուլիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 հուլիսի 2017թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 հուլիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը

Նախագահությամբ Ա.Գյուլումյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Լևոն Բարսեղյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Լևոն Բարսեղյանը (ներկայացուցիչ Արտակ Զեյնալյան) 07.07.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 81, 61, 62, 63-րդ և 24, 25, 26, 28, 29, 30, 33, 34, 38, 40, 41, 42, 44, 45, 46, 58, 48, 50, 52, 51, 53, 60-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները, այնքանով, որքանով պատճառված ոչ գույքային վնասի հատուցում չի նախատեսում` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված բոլոր հիմնարար իրավունքների խախտման դեպքում: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3, 81, 78, 61, 62, 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի «համարժեք չափով» դրույթը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան հաղորդած բովանդակությամբ հանդերձ: Կամ

Բացահայտել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի «համարժեք չափով» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը»:

2. Դիմողի փաստարկները հիմնականում հանգում են հետևյալին.

դիմողը նշում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում դատական կարգով հաստատվել էր, որ վարչաիրավական հարաբերություններում վարչական մարմնի կողմից խախտվել էր իր` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքները: Այդ իրավունքներից միայն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար է նրան տրամադրվել ոչ նյութական վնասի հատուցում, քանի որ վիճարկվող դրույթը չի սահմանում մյուս երեք իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման կարգն ու պայմանները: «Այնինչ, Կոնվենցիան և Սահմանադրությունը երաշխավորում են Կոնվենցիայով սահմանված բոլոր իրավունքների խախտման դեպքում ոչ նյութական վնասի հատուցման իրավունք ու պետություններին պարտավորեցնում են իրենց օրենսդրությամբ երաշխավորել, ապահովել ու պաշտպանել այդ իրավունքները»: Դիմողը գտնում է, որ թեև իր կոնվենցիոն և սահմանադրական իրավունքների խախտումը ճանաչվել էր դատական կարգով, սակայն այդ իրավունքների խախտումը վերացված չէ ու ինքը պահպանում է «զոհի» կարգավիճակը, այսինքն` շարունակում են խախտված մնալ իր` կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու (խաղաղ հավաքների ազատության), ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության կոնվենցիոն և սահմանադրական իրավունքները: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթով նախատեսված սահմանափակումը` կապված վարչական մարմինների կողմից մարդու հիմնական իրավունքների և ազատությունների ոչ իրավաչափ միջամտության դեպքում նյութական և ոչ նյութական հատուցում տրամադրելու հետ, թերի իրավակարգավորման պատճառով ոչ իրավաչափորեն սահմանափակում է արդյունավետ դատական պաշտպանության, վնասի հատուցման ու այն հիմնական իրավունքները և ազատությունները, որոնց նկատմամբ միջամտությունը տեղի է ունեցել անկախ այդ իրավունքների խախտումը հանրային իշխանության մարմինների կողմից ճանաչված լինելու փաստից: Դիմողը գտնում է, որ ՀՀ ներպետական մարմինների կողմից վնասների հատուցումը պետք է կատարվի այնպիսի չափով, ինչպիսին իրավակիրառ պրակտիկայով ձևավորել է Եվրոպական դատարանը Հայաստանի մասնակցությամբ գործերով կայացված վճիռներով, այլապես անձը կպահպանի «զոհի» կարգավիճակը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի իմաստով, և կպահպանի գանգատով Եվրոպական դատարան դիմելու և արդարացի փոխհատուցում պահանջելու իրավունքը: Ըստ դիմողի իրավակիրառ պրակտիկան վիճարկվող դրույթի` «համարժեք չափով» եզրույթին տվել է այնպիսի մեկնաբանություն, որն էականորեն տարբերվում է Եվրոպական դատարանի կողմից Կոնվենցիայի 41-րդ հոդվածով սահմանված «արդարացի փոխհատուցում» եզրույթին հաղորդած բովանդակությունից:

3. Ուսումնասիրելով դիմումը և գործում առկա նյութերը ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը պարզեց, որ առկա չեն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Լևոն Բարսեղյանի դիմումի հիման վրա «Վարչարարության հիմքունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահող

Անդամներ

21 հուլիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/1-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 հուլիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել