««ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 ապրիլի 2025թ. ՍԴԱՈ - 54 | ««ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 80-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի մարտի 20-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ (այսուհետ՝ Դիմող, ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Մարի Բալյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...)
(...) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը (Ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերի 28-ին, ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ին), իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/10321/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը` Դիմողը նշում է, որ տվյալ գործով ՀՀ դատարանների կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3 և 80-րդ հոդվածներին տրված մեկնաբանության արդյունքում ինքը զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքից: Մասնավորապես՝ Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ վիճարկվող որոշմամբ կարգադրվել է որոշակի գործողություններ կատարել «ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերությանը, հետևաբար՝ ինքը, լինելով տվյալ ընկերության տնօրենը, ակնհայտորեն իրավունք չուներ վիճարկել համապատասխան վարչական ակտը:
Ըստ Դիմողի՝ ի տարբերություն հայցադիմումը վերադարձնելու դեպքի, երբ անձը զրկված չէ թերությունները վերացնելու և նորից դատարան դիմելու իրավունքից, հայցադիմումի ընդունումը մերժելու դեպքում այլևս հնարավոր չէ նորից դիմել դատարան՝ առնվազն վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը բաց թողնելու պատճառով: Դիմողի պնդմամբ՝ նման պայմաններում ստացվում է, որ անձը, որը պարտավոր է կատարել վարչական ակտի պահանջը, առհասարակ զրկվում է այդ ակտը վիճարկելու հնարավորությունից, դրանով իսկ՝ դատարանի մատչելիության իրավունքից:
Միաժամանակ, Դիմողը, նմանատիպ գործերով ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումների վկայակոչմամբ, նշում է, որ տվյալ գործերով հայցվորի՝ դատարան հայց ներկայացնելու իրավունք ակնհայտ չունենալը երբևէ չի էլ քննարկվել դատարանների կողմից, հակառակ պարագայում՝ տարբեր դատավորների կողմից նույնական փաստական հանգամանքներով հայցադիմումներ վարույթ չէին ընդունվի կամ վերադարձվի:
Դիմողի պնդմամբ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3 և 80-րդ հոդվածներին ՀՀ վարչական դատարանի կողմից տրված մեկնաբանությունը զրկում է վարչական ակտի ուղղակի հասցեատեր ֆիզիկական անձին իր վերաբերյալ կայացված վարչական ակտն անձամբ վիճարկելու հնարավորությունից:
Դիմողը գտնում է, որ անգամ այն դեպքերում, երբ վարչական ակտը կայացվում է ընկերության վերաբերյալ, սակայն համապատասխան «հանձնարարությունը» տրվում է տվյալ ընկերության տնօրենին ոչ թե վերացական կերպով, այլ նշելով վերջինիս անունը և ազգանունը, ապա ընկերության տնօրենը չի կարող զրկված լինել այդ ակտը վիճարկելու հնարավորությունից, հակառակ պարագայում՝ առկա կլինի դատարանի մատչելիության իրավունքի կոպիտ խախտում:
Ամփոփելով Դիմողը եզրահանգում է, որ տվյալ պարագայում ոչ թե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված՝ վիճարկվող դրույթներն են հակասում Սահմանադրությանը, այլ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, որը նույնպես հիմք է Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես՝ Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «Սույն գործով նախ Հայցվորը դատարան դիմել է որպես Ընկերության տնօրեն և կնքել է հայցադիմումը Ընկերության կնիքով, երկրորդ, եթե անգամ դիտարկենք, որ Հայցվորը դիմել է դատարան որպես ֆիզիկական անձ, ապա անգամ այս դեպքում Հայցվորը չէր կարող դիտարկվել հայց ներկայացնելու իրավունք «ակնհայտ» չունեցող անձ, քանի որ ոչ թե խնդրել է իրեն տրամադրել իր հարևանի գույքը կամ Երևանի պետական համալսարանի շենքը, այլ վիճարկել է անձամբ իր համար ոչ իրավաչափ պարտականություն սահմանող վարչական ակտը» (ընդգծումը՝ Դիմողի):
Միաժամանակ Դիմողը, անդրադառնալով նմանատիպ գործերով ՀՀ դատարանների կողմից կայացված որոշումներին, արտահայտել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «Ստացվում է նույն փաստական հանգամանքների պայմաններում, երբ դատարան կարգադրագրի վիճարկման պահանջով դիմում է ոչ թե իրավաբանական անձը, այլ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, դատավորներ կան, ովքեր վարույթ են ընդունում հայցը, դատավորներ կան, ովքեր վերադարձնում են և այս պահին մեզ հայտնի է մեկ դատավոր, ով մերժում է հայցը վարույթ ընդունելը»:
Ինչպես ակնհայտ է վերոգրյալից, սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/10321/05/24 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ՆԱԻՐԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի և 80-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
2 ապրիլի 2025 թվականի
ՍԴԱՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
