ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՎԱՔԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 2 նոյեմբերի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 26 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ԹԱՎԱՔԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
2 նոյեմբերի 2011թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ.
Պողոսյանի
Ա. Պետրոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Ալեքսանդր Թավաքալյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Ալեքսանդր Թավաքալյանը 18.10.2011թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
1. ՀՀ Սահմանադրության 3-րդ, 18-րդ, 34-րդ հոդվածների և 48-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274- րդ հոդվածը,
2. «Կասեցնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2011թ. թիվ ԵԷԴ/1403/02/10 վճռի գործողությունը, ... նկատի ունենալով, որ կասեցման մասին որոշում չընդունելը կարող է դիմող կողմիս համար հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների»։
Դիմումի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ հեղինակը որևէ կերպ չի հիմնավորել վիճարկվող դրույթի հակասահմանադրականությունը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի հրամայական պահանջն է։ Դրա փոխարեն դիմողը մանրամասն շարադրել է գործի դատավարական պատմությունը։ Մինչդեռ, ինչպես ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներում բազմիցս ընդգծել է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68 հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով»։
Ա. Թավաքալյանի դիմումում տեղ գտած հիմնավորումները որևէ կերպ ուղղված չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված վիճարկվող իրավանորմի ենթադրյալ հակասահմանադրականության հիմնավորմանը։ Հարկ է նշել նաև, որ դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ Դիմումին կցված դատական ակտերի և դիմողի փաստարկների համալիր վերլուծությունը վկայում է, որ կոնկրետ տվյալ դեպքում դիմողի համար առաջացած անբարենպաստ հանգամանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն, վիճարկելով իրավանորմի սահմանադրականությունը դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։ Որպես դրա ապացույց կարելի է նշել դիմումում տեղ գտած հետևյալ ձևակերպումները. «…իմ ընտանիքին վտարման վտանգի առջև է կանգնեցրել դատարանի կողմից կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որի համաձայն սեփականատերն իրավունք ունի իր գույքը հետ պահանջել ուրիշի ապօրինի տիրապետումից։ Չէ՞ որ վիճելի տան նկատմամբ ես նույնպես ունեցել եմ հավասար իրավունքներ…», կամ «…Օրենքը չունի նախանձախնդրություն մեկին բարձրացնելու, մյուսին ոտնահարելու։ Դրանք ստեղծում են պաշտոնական անձինք սահմանազանցումների եղանակով և այլն»։ Ինչ վերաբերում է դիմողի մյուս խնդրանքին, այն է «Կասեցնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.07.2011թ. թիվ ԵԷԴ/1403/02/10 վճռի գործողությունը, ... նկատի ունենալով, որ կասեցման մասին որոշում չընդունելը կարող է իր համար հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների», ապա այդ կապակցությամբ պետք է նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանի լիազորություններն սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածում, որի բովանդակությունից ակնհայտ է, որ ՀՀ սահմանադրական դատարանն օժտված չէ ընդհանուր իրավասության դատարանների վճիռների, դատավճիռների և որոշումների գործողությունը կասեցնելու լիազորությամբ։
Հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Ալեքսանդր Թավաքալյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
2 նոյեմբերի 2011 թվականի
ՍԴԴԿՈ/1-26
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 նոյեմբերի, 2011 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-26
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
