«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 դեկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 34 | «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
20 դեկտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով «Հանրապետություն» կուսակցության անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Հանրապետություն» կուսակցությունը 30.11.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել
«Վարչական դատավարության» օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ և 43-րդ հոդվածներին, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի բ/ կետի դրույթների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին։ Դիմողը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն է կազմում դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների։ Ըստ դիմողի, այնուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը, մինչդեռ վիճարկվող օրենսդրական նորմերը և դրանց հիման վրա ձևավորված դատական պրակտիկան հանգեցնում են իրավական անորոշության, ինչի արդյունքում դատարանները դրանք ընկալում և կիրառում են ոչ միատեսակ։
Դատական կազմն արձանագրում է հետևյալը։ Անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս պայմանը, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ[1]։
Խնդրո առարկա գործով դիմումի և դրան կցված դատական ակտերի, այդ թվում նաև գործում առկա խտասկավառակի ուսումնասիրությունը վկայում է, որ վարչական դատարանի 2010 թվականի մարտի 22-ի վճռով, ինչպես նաև վճռաբեկ դատարանի 2010 թվականի մայիսի 19-ի որոշմամբ դիմողի նկատմամբ չեն կիրառվել նրա կողմից վիճարկվող դրույթները։ Վիճարկվող դրույթները դիմողի նկատմամբ կիրառվել են վարչական դատարանի 2008թ. սեպտեմբերի 12-ի որոշմամբ, որով հայցադիմումը վերադարձվել է սահմանված չափով պետական տուրքի վճարումը հաստատող ապացույցների բացակայության և հայցադիմումն ստորագրելու լիազորություն չունեցող անձի կողմից ստորագրված լինելու կապակցությամբ։ Նշված որոշման դեմ հայցվորի ներկայացուցիչը ներկայացրել է բողոք, որը վարչական դատարանի 29.09.2008թ. որոշմամբ մերժվել է։ Սույն որոշումը դիմողի կողմից բողոքարկվել է վճռաբեկ դատարան։ Վճռաբեկ դատարանի 24.10.2008թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է։
Հայցվորները 06.11.2008թ. կրկին անգամ հայցադիմումը ներկայացրել են ՀՀ վարչական դատարան միջնորդելով պետական տուրքի չափը նվազեցնել մինչև 4000 դրամ։ ՀՀ վարչական դատարանի 13.11.2008թ. որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ չի վերացվել հայցադիմումը վարույթ ընդունելու համար
արգելք հանդիսացող հանգամանքը, մասնավորապես չի ներկայացվել սահմանված չափով պետական տուրքի վճարումը հավաստող ապացույց։ Այնուհետև ՀՀ վարչական դատարանը 22.12.2008թ. որոշմամբ հայցվորի պետտուրքի չափը նվազեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է և հայցադիմումը վերադարձրել։ Սույն որոշման դեմ հայցվորը ներկայացրել է բողոք, որն էլ մերժվել է ՀՀ վարչական դատարանի 13.01.2009թ. որոշմամբ։ Այդ որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը ՀՀ վճռաբեկ դատարանի 15.04.2009թ. որոշմամբ վերադարձվել է։ Այսինքն վիճարկվող դրույթների տեսանկյունից դիմողը դատական պաշտպանության միջոցները սպառել է դեռևս 2009 թվականի ապրիլին, իսկ սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս վկայակոչել է այնպիսի դատական ակտեր, որոնցում ընդհանրապես հիշատակված չեն դիմողի կողմից վիճարկվող դրույթները։ Այս առումով կարելի է արձանագրել, որ դիմողը չի պահպանել նաև սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով նախատեսված 6-ամսյա ժամկետը։ Վերոշարադրյալը վկայում է, որ վիճարկվող դրույթների մասով առկա է դիմումի քննության ընդունումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով մերժելու հիմք։
Դատական կազմը գտնում է, որ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականությունը ըստ էության բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Հաշվի առնելով վերոնշյալ իրավական դիրքորոշումը դիմողը համապատասխան դատական ակտով առաջացած իր համար անբարենպաստ հանգամանքները փորձում է վերագրել օրենքի դրույթների սահմանադրականությանը։ Հետևաբար, այս առումով առկա է նշված դրույթների մասով դիմումի քննության ընդունումը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով մերժելու հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Հանրապետություն» կուսակցության անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
20 դեկտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-34
----------------------
[1] Մանրամասն տես ՍԴԱՈ-21:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 դեկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-34
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
