Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՆԱՐԵ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՆԱՐԵ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5620 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-56)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 56 | «ՆԱՐԵ ՊԼՅՈՒՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 20 հուլիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է․ Շաթիրյանի

Քննության առնելով «Նարե Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Նարե Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Վահագն Քեշիշյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունիսի 30-ին), խնդրել է հետևյալը.

«Սահմանադրության 60-րդ հոդվածին ու 78-րդ հոդվածին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետն՝ այնքանով, որքանով այն թույլ է տալիս, որպեսզի իրականում հանցագործության առարկա հանդիսացող գույքը որպես հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք բռնագրավման նպատակով արգելադրվի՝ չնայած նրան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասում «հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք» և «հանցագործության առարկա» եզրույթները հանդես են գալիս որպես ինքնուրույն կամ զատված, այլ խոսքով՝ որպես իմաստային տարբեր ծանրաբեռնվածություն ունեցող եզրույթներ»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «... որ այն դեպքում, երբ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026թ. ապրիլի 7-ի թիվ ՀԿԴ/0361/01/25 արձանագրային որոշումը բողոքարկվի հետաձգված բողոքարկման շրջանակներում, ապա տևականորեն, այն է՝ մինչև թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, շարունակելու է անհամաչափորեն, այսինքն՝ օրենքով նախատեսված չլինելու պայմաններում, սահմանափակված մնալ իրեն պատկանող անշարժ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու՝ դիմող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմնարար իրավունքը, հետևաբար՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026թ. ապրիլի 7-ի թիվ ՀԿԴ/0361/01/25 արձանագրային որոշման հետագա բողոքարկումը համաչափ միջոց չէ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված՝ դիմող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության հիմնարար իրավունքն ապահովելու համար»:

Դիմողը, անդրադառնալով Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին, 78-րդ հոդվածին, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասին և Սահմանադրական դատարանի՝ 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմանը, գտնում է, որ սեփականության հիմնարար սկզբունքի բովանդակությունը կազմով գույքն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու՝ սեփականատիրոջ լիազորությունների, այդ թվում՝ գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն իրացնելու սահմանափակումը կարող է համապատասխանել Սահմանադրության 60-րդ հոդվածի բովանդակությանը, եթե, ի թիվս այլնի, այդ սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրության 78-րդ հոդվածով հռչակված համաչափության սկզբունքին:

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համեմատական վերլուծությանը՝ Դիմողը միաժամանակ նշում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը տարբերակում է «հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույք» և «հանցագործության առարկա» եզրույթները, որոնք չեն նույնանում և ունեն իմաստային տարբեր ծանրաբեռնվածություն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը բռնագրավման նպատակով թույլ է տալիս արգելադրել միայն հանցագործության արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը:

Ըստ Դիմողի՝ ենթադրաբար կատարված՝ փողերի լվացման արդյունքում ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստացված կամ առաջացած գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, բռնագրավման նպատակով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով արգելադրելը հակոտնյա է Սահմանադրության 78-րդ հոդվածով հռչակված՝ համաչափության հիմնարար սկզբունքի բովանդակությանն այնքանով, որքանով թույլ է տալիս սահմանափակել Սահմանադրության 60-րդ հոդվածով հռչակված՝ գույքն իր կամքով տնօրինելու սեփականատիրոջ լիազորությունն այն դեպքում, երբ այդպիսի սահմանափակման հնարավորությունը կամ հիմքը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Դիմողը, վկայակոչելով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0090/01/09 որոշումը, բացառում է ենթադրաբար կատարված՝ փողերի լվացման արդյունքում ուղղակիորեն և անուղղակիորեն ձեռք բերված և ստացված գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով արգելադնելու իրավաչափությունն այնքանով, որքանով այն չի նախատեսում գույքի հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հանցագործության առարկան արգելադնելու հիմքը:

Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ ենթադրաբար կատարված՝ փողերի լվացման արդյունքում ուղղակի կամ անուղղակի առաջացած կամ ստացված գույքը, այդ թվում՝ անշարժ գույքը, չի կարող արգելադրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրա-վական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.

սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես, ըստ Դիմումի՝ թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործի շրջանակներում մեղադրյալ Արամայիս Միրզոյանի պաշտպան Վահագն Քեշիշյանի կողմից ՀՀ հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել միջնորդություն՝ Դիմողի սեփականությունը հանդիսացող՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վ. Տերյան փողոցի 66, 66/1, 66/2, 66/3, 66/4, 66/5, 66/6, 66/7, 68, 68/1, 68/2, 70, 70/1, 70/2, 70/3, 72, 72/1, 72/2, 72/3, 74, 74/3, 76, 76/1, 76/2, 76/3, 78, 78/1, 78/2, 78/3, 80, 80/1, 80/2, 80/3, 82, 82/2, 82/3, 84, 84/1, 84/2, 84/3, 86, 86/1, 86/2, 86/3, 88, 88/1, 88/2, 90, 90/1, 90/2, 90/3, 90/4, 90/5, 90/6 հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու մասին, որը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 7-ի՝ արձանագրային որոշմամբ մերժվել է։ Այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ի հիմնավորումն այս որոշման գոյության՝ Դիմողի կողմից ներկայացվել է «Տեղեկանք թիվ ՀԿԴ/0361/01/25 գործով դատական նիստի արձանագրության մասին» և էլեկտրոնային կրիչ, որոնցից ոչ մեկը չեն հաստատում նման որոշման առկայության հանգամանքը։

Բացի դրանից, Դիմումին կից ներկայացված է Հակակոռուպցիոն դատարանի՝ «Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» 2025 թվականի նոյեմբերի 7-ի (ՀԿԴ/0154/15/25) որոշումը, որի եզրափակիչ մասը պարունակում էր նշում այն մասին, որ այն հատուկ վերանայման կարգով կարող է բողոքարկվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստանալու պահից տասնօրյա ժամկետում: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ որևէ այլ դատական ակտ (հետագա ընթացքի մասով) դիմումին կցված չէ։

Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև՝ հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորություններն սպառելուն։

Սույն գործի հանգամանքների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողի կողմից վկայակոչվել են երկու դատական ակտեր՝

1) Հակակոռուպցիոն դատարանի 2025 թվականի նոյեմբերի 7-ի՝ «Գույքի արգելադրման մասին որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը, որը եզրափակիչ մասում պարունակում էր նշում՝ Վերաքննիչ դատարան բողոքարկելի լինելու մասին, որի բողոքարկման և հետագա ընթացքի մասով որևէ այլ դատական ակտ դիմումին կցված չէ, և

2) Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի ապրիլի 7-ի՝ «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության սեփականությունը հանդիսացող՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Վ․ Տերյան փողոցի թվարկված հասցեների անշարժ գույքերի արգելադրումը վերացնելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ արձանագրային որոշումը, որի գոյությունը չի հաստատվում Դիմողի կողմից ներկայացված՝ ոչ «Տեղեկանք թիվ ՀԿԴ/0361/01/25 գործով դատական նիստի արձանագրության մասին» վերտառությամբ փաստաթղթում, և ոչ էլ էլեկտրոնային կրիչում, և որի կապակցությամբ Դիմողը, այնուամենայնիվ, նշել է, որ այն դեպքում, երբ այն «բողոքարկվի հետաձգված բողոքարկման շրջանակներում, ապա տեսականորեն, այն է՝ մինչև թիվ ՀԿԴ/0361/01/25 քրեական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, շարունակելու է անհամաչափորեն (…) սահմանափակված մնալ իրեն պատկանող անշարժ գույքն իր հայեցողությամբ տնօրինելու՝ (…) հիմնարար իրավունքը, հետևաբար՝ Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թ. ապրիլի 7-ի թիվ ՀԿԴ/0361/01/25 արձանագրային որոշման հետագա բողոքարկումը համաչափ միջոց չէ՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված՝ դիմող «Նարե Պլյուս» ՍՊ ընկերության հիմնարար իրավունքն ապահովելու համար»:

Վերոշարադրյալի լույսի ներքո հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառած չլինելու և Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Նարե Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

20 հուլիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ–56

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-56
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել