Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6123 սեպտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-61)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 61 | «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 23 սեպտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով «Արցախբանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Արցախբանկ» ՓԲԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 30-ին) խնդրելով. «... որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի առաջին մասի սահմանադրականության հարցը ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 79-րդ հոդվածի դրույթներով ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հիմքով»:

2. Ներկայացված դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը: Դիմողը վիճարկվող իրավանորմի սահմանադրականության հարցի պարզման նպատակով բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումները.

ա) արդյո՞ք վիճարկվող իրավանորմով նախատեսված տոկոսների կիրառումը, առանց պատասխանատվության ենթարկված անձի նույն իրավանորմով նախատեսված իրավախախտումներում մեղքի առկայության, չի հանդիսանում տվյալ անձի սեփականության սահմանադրորեն երաշխավորված իրավունքի խախտում սեփականությունից զրկում,

բ) արդյո՞ք վիճարկվող իրավանորմով նախատեսված տոկոսների հաշվարկը մինչև պարտավորության դադարման օրը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին, ձևակերպված է բավարար աստիճանի հստակությամբ և թույլ է տալիս անձին դրա հետ համատեղելու իր վարքագիծը: Առաջին հարցադրման շրջանակներում դիմողը նշում է, որ վիճարկվող իրավանորմը, նախատեսելով վերոնշյալ հակաօրինական գործողությունները/անգործությունը, չի նախատեսում այդ խախտումների կատարման պարագայում խախտողի մեղքի պարտադիր առկայության հանգամանքը, որպիսի պայմաններում գործ ենք ունենում անձին սեփականությունից զրկելու հետ այդ ինստիտուտին բնորոշ պարտադիր տարրերից մեկի բացակայության պայմաններում: Դիմողի կարծիքով նման ձևակերպումը որևէ կերպ չի կարող հանդիսանալ սահմանադրորեն պաշտպանվող շահերին ուղղված անձի սեփականության հիմնարար իրավունքի սահմանափակում: Դիմողի կարծիքով վիճարկվող իրավանորմով անձի համապատասխան հակաօրինական գործողությունների/անգործության կատարման մեջ մեղքի առկայության պարտադիր տարրի բացակայության պայմաններում պարտապանի նկատմամբ կիրառվող պատասխանատվության միջոցը հանդես է գալիս որպես ոչ իրավաչափ միջամտություն իրավախախտում թույլ չտված անձի սեփականության իրավունքի նկատմամբ: Դիմողի առաջ քաշած մյուս հարցադրման շրջանակում, նրա պնդմամբ, վիճարկվող իրավանորմի շրջանակներում անձին պատասխանատվության ենթարկելու դեպքում գանձման ենթակա տոկոսների չափն ուղղակիորեն կախվածության մեջ է լինում համապատասխան գործի դատական քննության ժամկետից: Դիմողը նշում է, որ վիճարկվող իրավանորմով նախատեսվում է անձի նկատմամբ պատասխանատվության կիրառում, սակայն միևնույն ժամանակ այդպիսի պատասխանատվության թե՛ հաշվարկի սկիզբը, թե՛ ավարտն իրավական որոշակիության տեսանկյունից չեն հանդիսանում հստակ և կանխատեսելի այն անձի համար, որի նկատմամբ այդ իրավանորմը կարող է կիրառվել, և փաստացի կախված են այս կամ այն դատարանի կողմից վիճարկվող իրավանորմի սեփական սուբյեկտիվ մեկնաբանությունից:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական հիմնավորումները հանգում են նրան, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումը հստակ չէ, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և խախտել են դիմողի Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքները և ազատությունները, մասնավորապես, դատական պաշտպանության, արդար դատաքննության և սեփականության իրավունքները:

ա) Դիմողը վիճարկվող դրույթի հնարավոր հակասահմանադրականությունը կապում է սեփականությունից զրկելու հետ: Սահմանադրական դատարանը սեփականությունից զրկելու ինստիտուտի վերաբերյալ արտահայտել է կայուն իրավական դիրքորոշումներ (ՍԴՈ-903, ՍԴՈ-1073, ՍԴՈ-1142): Մասնավորապես, 2010 թվականի հուլիսի 13-ի ՍԴՈ-903 որոշման մեջ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով «սեփականությունից զրկելու» բնութագրիչ տարրերին, մասնավորապես, արձանագրել է. «… սահմանադրական դատարանը գտնում է, որ սեփականությունից զրկելու ինստիտուտին բնորոշ են հետևյալ հիմնական պարտադիր տարրերը.

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում սեփականատիրոջ կամքին և համաձայնությանը հակառակ տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի անհատույց դադարեցում,

- սեփականությունից զրկումը կիրառվում է որպես պատասխանատվության միջոց,

- սեփականությունից զրկելու դեպքում տեղի է ունենում տվյալ գույքի նկատմամբ սեփականատիրոջ ունեցած` տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավազորրությունների միաժամանակյա և լիակատար դադարում` առանց շարունակականության երաշխավորման»։ Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողի պնդմամբ վիճարկվող իրավանորմում պահպանված չեն իրավախախտի մեղքին ներկայացվող պահանջները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պարտապանը պարտավորությունը չկատարելու և (կամ) անպատշաճ կատարելու համար պատասխանատու է մեղքի առկայության դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Պարտապանը ճանաչվում է անմեղ, եթե ապացուցում է, որ ինքը պարտավորությունը պատշաճ կատարելու համար ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն մեղքի բացակայությունն ապացուցում է պարտավորությունը խախտած անձը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում դրամական պարտավորությունը չկատարելու համար և արտացոլված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համար» գլխում: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգավորումը հարկ է դիտարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պարտավորությունների հետ կապված հարաբերությունները կարգավորող նորմերի, այդ թվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի լույսի ներքո: Այլ կերպ ասած ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածը չի կարող դիտարկվել և մեկնաբանվել առանձին, այլ անհրաժեշտ է դրա բովանդակությունը բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված վերաբերելի, փոխկապակցված այլ նորմերի տրամաբանության մեջ: Այսինքն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը վրա է հասնում պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Այդ դեպքում, երբ դատական ակտով հաստատվում է նաև պարտապանի մեղքը (եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով), կիրառվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվությունը որպես հարկադրանքի ներգործության միջոց: Վերոգրյալից բխում է, որ սույն անհատական դիմումով ներկայացված այն պնդումը, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող իրավանորմը, նախատեսելով վերոնշյալ հակաօրինական գործողությունները/անգործությունը, չի նախատեսում այդ խախտումների կատարման պարագայում խախտողի մեղքի պարտադիր առկայության հանգամանքը, հիմնավոր չէ: Բացի դրանից, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ չեն ներկայացվել ողջամիտ այլ փաստարկներ, թե վիճարկվող դրույթն ինչպես է հանգեցնում անձի սեփականության իրավունքի խախտման, տվյալ դեպքում սեփականությունից զրկման: Նկատի ունենալով Սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները և հաշվի առնելով մի կողմից այն հանգամանքը, որ դիմողը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող իրավանորմի սահմանադրականությունը բարձրացնում է միայն մեղքի որպես վիճարկվող նորմի կիրառման պարտադիր տարրի առկայության (բացակայության) տեսանկյունից, մյուս կողմից այն, որ մեղքի հետ կապված ենթադրյալ խնդիրը կապակցում է սեփականությունից զրկելու ինստիտուտի հետ դիտարկելով այն որպես պատասխանատվությունից չբխող հարկադիր գործողություն, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը չի կարողացել իրավաբանորեն հիմնավորել իր կողմից մատնանշած ենթադրյալ խախտումներն ինչպես մեղքի, այնպես էլ սեփականությունից զրկելու հարցերի մասով: Հետևաբար դիմողի պնդումն առ այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումը հստակ չէ, չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, ակնհայտ անհիմն է:

բ) Դիմողի կողմից բերված այն փաստարկի առնչությամբ, որի համաձայն վիճարկվող նորմի շրջանակներում անձին պատասխանատվության ենթարկելու դեպքում գանձման ենթակա տոկոսների չափն ուղղակիորեն կախվածության մեջ է լինում համապատասխան գործի դատական քննության ժամկետից և գործի քննությունն ու լուծումը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում, Սահմանադրական դատարանի դատական կազմը նշում է, որ այդ կարգավորումը բխում է քաղաքացիաիրավական պատասխանատվության էությունից. պարտավորությունը չկատարած կամ ոչ պատշաճ կատարած անձն ինքն է կրում իրավախախտման արդյունքում առաջացած անբարենպաստ, բացասական հետևանքների ռիսկը, ուստի առաջին հերթին հենց ինքը պետք է շահագրգռված լինի պարտավորությունը ժամանակին և պատշաճ կատարելու հարցում: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողի ներկայացրած փաստարկներն իրենց համակցության մեջ չեն հաղթահարում Սահմանադրական դատարան հիմնավոր դիմում ներկայացնելու անհրաժեշտ նվազագույն շեմը, քանի որ վերը նշված վերլուծության համատեքստում դիմողը չի կարողացել իրավաբանորեն հիմնավորել իր կողմից մատնանշած ենթադրյալ խախտումները, վիճարկվող դրույթի անորոշությամբ և համաչափությամբ պայմանավորված լինելու հանգամանքը և որպես դրա հետևանք նաև այդ ենթադրյալ խախտման բացասական կապն իր սահմանադրական իրավունքների տեսանկյունից: Այլ կերպ դիմումի ուսումնասիրությունից հնարավոր չէ ողջամիտ հետևության հանգել, թե ինչպես է վիճարկվող դրույթը հանգեցրել դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված դիմողի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Արցախբանկ» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Խաչատրյան

23 սեպտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-61

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 սեպտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-61
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել