Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-166 հուլիսի, 2011 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 6 հուլիսի 2011թ. ՍԴԴԿՈ/1 - 16 | «ԲԻԿՍԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

06 հուլիսի 2011թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Վ. Պողոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Ա. Պետրոսյանի

Ուսումնասիրելով «Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Բիկսա» ՍՊԸ-ն 2011թ. հունիսի 21-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.7- րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածների պահանջներին։

Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով պարզվեց, որ դիմումն ակնհայտ անհիմն է, քանի որ դիմումում բերված չեն անհրաժեշտ և բավարար իրավական փաստարկներ վիճարկվող իրավադրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորելու համար։ Այսպես դիմողի պատճառաբանումներն ու փաստարկները բացառապես վերաբերում են գործի դատավարական նախապատմությանը և դիմողը, ըստ էության, իր սուբյեկտիվ ընկալմամբ ընդամենը մեկնաբանել է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը։ Անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման է սահմանված «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասով, որում ամրագրված է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ ամրագրելով, որ վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ պահպանված չէ վերը հիշատակված դրույթի իմպերատիվ պահանջը։ Հարկ է նշել նաև, որ դիմողը պատշաճ չի հիմնավորել նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

Դատական կազմն արձանագրում է նաև, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով վերոհիշյալ նորմի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն, դիմողը փորձել է դատական ակտերի իրավական հետևանքները վերագրել խնդրո առարկա իրավադրույթի սահմանադրականության խնդրին։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Բիկսա» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

06 հուլիսի 2011թ.

ՍԴԴԿՈ/1-16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 հուլիսի, 2011 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել