Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՄԱԼԻԱ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՄԱԼԻԱ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1631 մարտի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-16)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 մարտի 2023թ. ՍԴԴԿՈ - 16 | ԱՄԱԼԻԱ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 31 մարտի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Ամալիա Օհանյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ամալիա Օհանյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի փետրվարի 27-ին) խնդրելով. «(…) որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ և 192-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը. (...) ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի բացի ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելու մասին»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/5082/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ, 10-րդ, 192-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը հանգեցրել են Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 60-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածների խախտման: Դիմողը նշում է, որ խնդրո առարկա իրավադրույթի կիրառման արդյունքում փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որում իր նկատմամբ կիրառվում է հանրային իշխանական լիազորություն հանրային շահի իրացման կապակցությամբ և դրա վկայակոչմամբ: Դիմողն ընդգծում է, որ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ և 13-րդ հոդվածներով սահմանված կարգավորումներով ինքը զրկված է իր վերաբերյալ հանրային շահի ոլորտում և դրա սպասարկման անվան տակ պետաիշխանական լիազորություններով օժտված մարմնի կողմից կայացվող որոշումների իրավաչափության վիճարկման հնարավորությունից և ունի միայն մեկ ընտրություն ընդունելու կամ չընդունելու այդ մարմնի հայեցողությամբ ընտրված գնահատման մեթոդի արդյունքում որոշված գումարը: Ըստ Դիմողի այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի իր կողմից բարձրացված հարցով արդարադատության իրականացումն ընդդատյա է քաղաքացիական դատարանին, որի շրջանակներում կիրառվող օրենսդրության համաձայն պետաիշխանական լիազորություններ կրող և դրանք կիրառող սուբյեկտը չի կրում իր որոշումներն ու գործողությունները, ինչպես նաև անգործությունը և դրա իրավաչափությունն ու համաչափությունը հիմնավորելու պարտականություն, և այդ ողջ բեռը դրվում է Դիմողի վրա այն պարագայում, երբ նա ունի սահմանափակված իրավունքներ և ենթարկվում է պետաիշխանական հարկադրանքի ազդեցության, հակասում է Սահմանադրությանը: Դիմողը նշում է. «Վիճարկվող նորմերի Դատարանի կողմից կիրառված մեկնաբանության արդյունքում Դիմողի վեճի ծավալը ենթարկվում է այնպիսի փոփոխության, որի հետևանքով վերջինս կարող է վիճարկել Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից ընտրված գնահատման մեթոդի արդյունքը և չունի հնարավորություն ընդհանուր իրավասության դատարանում քննարկման առարկա դարձնել այդ որոշման իրավաչափությունը: Այսպիսի մեկնաբանության հետևանքով խախտվում են Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքները (...)»: Ըստ Դիմողի խնդրո առարկա օրենսդրական կարգավորումները կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հակասում են նաև Սահմանադրության 75-րդ հոդվածին այնքանով, որքանով չեն երաշխավորում հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք կերաշխավորեին Սահմանադրությամբ սահմանված սկզբունքներն ու իրավունքները: Դիմողի կարծիքով իր նկատմամբ կիրառված նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության արդյունքում սահմանափակվում է իր սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավունքը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից ու ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում միայն ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Թվարկված հիմքերից որևէ մեկի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված դրույթների, ինչպես նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունը վկայում է, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշում, 17.03.2009թ.): Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը և «www.dataLex.am» առկա տեղեկությունները, արձանագրում է, որ թիվ ՎԴ/5082/05/22 գործով Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի դեմ Ամալիա Օհանյանի կողմից ներկայացված պահանջը վերահասցեագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, և 19.09.2022թ. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն Ամալիա Օհանյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի գրություն-ծանուցումները և պայմանագրերի նախագծերն անվավեր ճանաչելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործի քննությունը գտնվում է նախնական դատական նիստերի անցկացման փուլում: Վերոգրյալից հետևում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտն առկա չէ, դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, ինչը, Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ամալիա Օհանյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

31 մարտի 2023 թվականի

ՍԴԴԿՈ–16

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 մարտի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-16
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել