«ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մարտի 2020թ. ՍԴԴԿՈ - 18 | «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մարտի 2020 թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը
Նախագահությամբ Ա. Խաչատրյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա. Դիլանյանի
Քննության առնելով «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի դիմումի ընդունելիության
հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ն (ներկայացուցիչներ Մ. Դանիելյան և փաստաբան Մ. Մանուկյան) 2020 թվականի մարտի 9-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «....Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 78-րդ և 80-րդ հոդվածներին»:
2. Դիմողը նշում է, որ հարուցված վարչական գործի քննության արդյունքում վարչական դատարանի 2019 թվականի հուլիսի 29-ի վճռով հայցը բավարարվել է, վիճարկվող վարչական ակտերը վերացվել են: Միևնույն ժամանակ նշյալ վճռով քննարկվել է ներկայացված հայցում առկա 6 հիմքերից միայն 2-ը, իսկ մնացած 4 հիմքերը քննարկման առարկա չեն դարձվել: Մինչդեռ հայցում ներկայացված հիմքերից յուրաքանչյուրի քննությունը, դրանց վերաբերյալ դատարանի դիրքորոշում ներկայացնելը կարող էր էական ազդեցություն ունենալ «Ռատինա» ՍՊԸ-ի հետագա գործունեության վրա հստակեցնելով մի շարք խնդիրներ, վերացնելով առկա անորոշ իրավիճակը: Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի քննությունը մերժվել է այն հիմնավորմամբ, որ վիճարկվող դրույթով վերաքննիչ դատարանին տրված չէ վճռի պատճառաբանական մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոք քննելու և դրա վերաբերյալ որոշում կայացնելու լիազորություն: Դիմողը մատնանշում է, որ իր համար ոչ բարենպաստ դատական ակտի դեմ համապատասխան բողոք ներկայացնելու անձի իրավունքը դատական պաշտպանության, արդար դատաքննության հիմնական իրավունքների անքակտելի մասն է, հետևաբար, վերջիններս խախտվում են բոլոր այն դեպքերում, երբ անձը չի ապահովվում իր համար ոչ բարենպաստ դատական ակտի կամ դրա մասի դեմ վերադաս դատական ատյանին բողոք ներկայացնելու հնարավորությամբ: Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորման պայմաններում վերաքննիչ դատարանն օժտված չէ առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու և դրա արդյունքում համապատասխան որոշում կայացնելու լիազորությամբ, այսինքն այն դեպքերում, երբ վարչական դատավարության մասնակիցն իր համար անբարենպաստ է համարում գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասը կամ դրա մի հատվածը միայն, վերջինս ապահովված չէ տվյալ դատական ակտի իր համար անբարենպաստ մասը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությամբ: Ըստ դիմողի վիճարկվող դրույթն այնքանով, որքանով վերաքննիչ վարչական դատարանի համար չի նախատեսում առաջին ատյանի դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի միայն պատճառաբանական մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու և որևէ կերպ լուծելու լիազորություններ, հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներին, պարունակում է իրավունքների անհամաչափ և չարդարացված սահմանափակումներ խախտելով սահմանադրական իրավունքների էությունն ու բովանդակությունը:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ընդունման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողն, ըստ էության, առաջ է քաշում օրենսդրական բացի խնդիր փաստարկներ ներկայացնելով առ այն, որ վիճարկվող դրույթն «այնքանով, որքանով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի համար չի նախատեսում.... ակտի միայն պատճառաբանական մասի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը քննելու և որևէ կերպ լուծելու լիազորություններ, հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 63-րդ հոդվածի 1-ին մասին և, պարունակելով իրավունքների անհամաչափ ու չարդարացված սահմանափակումներ.…»: Այսպես, Սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է. «....բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է. «....օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»: Դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում օրենսդրության մեջ առկա չեն դիմողի կողմից վկայակոչված բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, առկա կանոնակարգումը չի ապահովում սահմանադրական մի շարք իրավունքների իրացման հնարավորությունը, հետևաբար, դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը կարող է քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում: Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից դատական կազմը գտնում է, որ վերոնշյալ դրույթի մասով առկա չեն դիմումի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը, մասնավորապես
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) դիմողն իրավասու է դիմել Սահմանադրական դատարան, այն է ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից, բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ, գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով, դ) դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված 6-ամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՌԱՏԻՆԱ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածի 1–ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
27 մարտի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մարտի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
