Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-6329 նոյեմբերի, 2024 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-63)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 նոյեմբերի 2024թ. ՍԴԴԿՈ - 63 | ԿԱՐԵՆ ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 նոյեմբերի 2024 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Կարեն Ավդալյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Կարեն Ավդալյանի դիմումը (այսուհետ՝ Դիմող) (ներկայացուցիչ՝ փաստաբան Դավիթ Հունանյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի նոյեմբերի 19-ին, որով Դիմողը խնդրել է.

«(...) Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով դատարանին տալիս է իրավասություն՝ հետաձգել որոշման կայացումը, երբ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումի մեջ վկայակոչվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետի ա) և գ) ենթակետերով և 2) կետի ա) և բ) ենթակետերով նախատեսված հիմքերից որևիցե մեկը,

(...) «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր այնքանով, որքանով դատարանին տալիս է իրավասություն՝ դադարեցնել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հարցի քննությունը, երբ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու դիմումի մեջ վկայակոչվել է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 1) կետի ա) և գ) ենթակետերով և 2) կետի ա) և բ) ենթակետերով նախատեսված հիմքերից որևիցե մեկը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) Դատարանը, փոխարենը 21.10.2024թ-ին կայացներ եզրափակիչ դատական ակտ, այսինքն՝ որոշում, որը կլուծեր արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու/չճանաչելու հարցը, 21.10.2024թ-ին կայացրել է որոշում՝ արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը հետաձգելու մասին՝ կիրառելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը»:

Դիմողի պնդմամբ՝ հակասահմանադրական են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը և «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնց կիրառման արդյունքում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 21-ի որոշումը, իսկ 2025 թվականի հունվարի 21-ին կայացվելիք որոշումը, անկախ այն հանգամանքից, թե ի՞նչ բովանդակություն կունենա, «միևնույն է, չի լինելու կայացված իրավունքի տվյալ նորմերի հիման վրա»:

Ըստ Դիմողի՝ ստացվում է, որ բոլոր այն դեպքերում, երբ արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում վկայակոչվել են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու՝ «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը, և ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կիրառում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասը, ինչպես նաև «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասը, խախտվում է Սահմանադրության 61-րդ հոդվածը:

Դիմողը նշում է նաև. «(...) երբ Դատարանն հետաձգում է եզրափակիչ դատական ակտի կայացումը՝ հնարավորություն տալով արբիտրաժային տրիբունալին վերացնել իր վճիռը չեղյալ ճանաչելու այնպիսի հիմքեր, որոնք հնարավոր չէ վերացնել արբիտրաժային վարույթի ընթացքում, խախտվում է դատական պաշտպանության իրավունքի արդյունավետության տարրը: Այլ կերպ ասած, քաղաքացին, թեև ունի իրավունք՝ դիմել դատարան՝ ակնկալելով՝ իր դիմումին տրվելու է արագ լուծում՝ մեկ ամսվա ընթացքում (...), սակայն Դատարանը, դրա փոխարեն, հետաձգում է դրա լուծումը լիովին անհիմն և հակասահմանադրական կերպով, սակայն՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասով, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավահարաբերության սահմաններում»:

Դիմողը գտնում է, որ ներկայում էապես մեծացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 318-րդ հոդվածի 6-րդ մասով, «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավահարաբերության սահմաններում Սահմանադրության 61-րդ հոդվածը խախտելու հավանականությունը, երբ արբիտրաժի վճիռը դատական կարգով վիճարկվում է այնպիսի հիմքերով, որոնք հնարավոր չէ վերացնել արբիտրաժի վերսկսած վարույթի ընթացքում:

3. Քննության առնելով Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով Դիմողի գույքի վրա արգելանք դրված լինելու հանգամանքը, դրանով պայմանավորված՝ սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի սահմանափակման անթույլատրելիությունը, գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման։

4. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Միևնույն ժամանակ, Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «(…) Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառվելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.

անհատական դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ թիվ ԵԴ2/7097/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում 2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը կայացրել է «Արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը հետաձգելու մասին» որոշումը, որը Դիմողի կողմից սույն անհատական դիմումի շրջանակներում ներկայացվել է որպես վերջնական դատական ակտ:

Քննարկվող համատեքստում կարևոր է փաստել, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը վերոնշյալ որոշմամբ արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը հետաձգելը պայմանավորել է հետևյալ պատճառաբանությամբ. «Հաշվի առնելով, որ դատարանը կարող է գործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ ողջամիտ ժամկետով հետաձգել որոշման կայացումը, եթե գտնում է, որ արբիտրաժային վարույթը վերսկսելու միջոցով կարող է վերացվել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու հիմքը, Դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում առկա է արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը հետաձգելու անհրաժեշտություն և որոշում է հետաձգել որոշման կայացումը մինչև 2025 թվականի հունվարի 21-ը՝ հնարավորություն ընձեռելով արբիտրաժային վարույթը վերսկսելու միջոցով վերացնել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում վկայակոչված հիմքերը:

Միաժամանակ, Դատարանն, անդրադառնալով «Լիլի Ռիելթի» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա. Հայրապետյանի դիմումին, որով վերջինս խնդրել է կասեցնել սույն քաղաքացիական գործի վարույթը՝ հնարավորություն ընձեռելով «Միջազգային արբիտրաժային դատարան» ՍՊ ընկերության մշտապես գործող արբիտրաժային դատարանին վերսկսել 06-001/100124 գործով վարույթը՝ պատասխանողի մասնակցությամբ քննելու համար, արձանագրում է, որ սույն դեպքում օրենսդիրը նախատեսել է ոչ թե արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումներով գործի վարույթը կասեցնելու, այլ չեղյալ ճանաչելու հարցի քննությունը որոշակի ժամանակով դադարեցնելու և արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքում որոշման կայացումը հետաձգելու իրավական հնարավորություն»:

Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, հաշվի առնելով նաև «Լիլի Ռիելթի» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Ա. Հայրապետյանի դիմումը, հնարավորություն է ընձեռել «Միջազգային արբիտրաժային դատարան» ՍՊ ընկերությանը պատասխանող Կարեն Ավդալյանի մասնակցությամբ վերսկսելու արբիտրաժային վարույթը, ինչպես նաև քննելու արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Կարեն Ավդալյանի դիմումում վկայակոչված հիմքերը վերացնելու հարցը: Նշված հանգամանքով պայմանավորված էլ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը հետաձգել է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ Կարեն Ավդալյանի դիմումի քննության արդյունքում համապատասխան որոշման կայացումը մինչև 2025 թվականի հունվարի 21-ը:

Քննարկվող համատեքստում հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Արդյունքում՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործով Դիմողը չի պահպանել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու՝ անհատական դիմումին ուղղված սահմանադրական պահանջը, հետևաբար` Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով, Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. Բավարարել Կարեն Ավդալյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:

2. Կարեն Ավդալյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Թովմասյան

Անդամներ՝ Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

29 նոյեմբերի 2024 թվականի

ՍԴԴԿՈ-63

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 նոյեմբերի, 2024 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-63
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել