«ՕԼԻՄՊ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 մարտի 2024թ. ՍԴԴԿՈ - 14 | «ՕԼԻՄՊ ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 մարտի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Հ. Թովմասյանի
Անդամակցությամբ` Ա. Վաղարշյանի
Հ. Հովակիմյանի
Քննության առնելով «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊԸ-ն (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 1-ին)` խնդրելով.
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 10-րդ հոդվածի 3-րդ մասի, 4-րդ մասի և նույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի «ժդ» կետի դրույթներին ՀՀ դատական պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, ըստ որի բազմաբնակարան շենքի ժողովի մեծամասնությունը կարող է շենքի փոքրամասնություն կազմող մյուս սեփականատերերի նկատմամբ սահմանել պարտադիր նորմերի վճարման առավել մեծ չափ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 74-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը, անդրադառնալով սույն դիմումով վիճարկվող նորմատիվ իրավական ակտերին, նշում է, որ այդ ակտերի բովանդակությունից բխում է, որ բազմաբնակարան շենքի սեփականատերերի ժողովն է սահմանում շինության սեփականատերերի կողմից վճարվող գումարի չափը, որն ուղղվելու է շենքի պահպանմանը և ծախսերի կատարմանը:
Ըստ Դիմողի՝ քննարկման առարկա հանդիսացող օրենքները բավարար չափով հստակ չեն, քանի որ դրանցով չի բացահայտվում, չի սահմանվում «համաչափություն» եզրույթի էությունը, ինչը թույլ է տալիս շենքի սեփականատերերի կողմից ժողովի միջոցով կայացնել որոշում, որը տարբերակված և օրենքով չնախատեսված պայմաններ է սահմանում մյուս սեփականատերերի համար` ընդհուպ մինչև շենքի ամբողջ ծախսերի կատարման պարտավորությունը փոքրամասնություն կազմող սեփականատերերի վրա դնելով, քանզի այդպիսի ծախսերի, վճարման կարգի ու չափի սահմանումը վերապահված է ժողովին, իսկ ժողովի կողմից նման հարցերի լուծումը ընդունվում է պարզ մեծամասնությամբ:
Միաժամանակ, Դիմողը, վկայակոչելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի թիվ ԵԴ/28529/02/21 քաղաքացիական գործով այն մեկնաբանությունը, ըստ որի՝ բազմաբնակարան շենքի ժողովը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքները, իրավասու է շենքի մեծամասնություն կազմող սեփականատերերի կողմից սահմանել պարտադիր վճարներ, որոնք տարբերվում են չափով և ավելի շատ վճար են սահմանում շենքի փոքրամասնություն համարվող մյուս սեփականատերերի՝ կոմերցիոն սեփականության սեփականատերեր համարվող անձանց համար, փաստում է, որ վերոնշյալը տեղի է ունեցել իր նկատմամբ:
Դիմողի կարծիքով՝ դատական պրակտիկայում ստացվել է այնպիսի իրավիճակ, որ բազմաբնակարան շենքի սեփականատերերի մեծամասնությունը նույն շենքի փոքրամասնություն կազմող կոմերցիոն տարածքի սեփականատիրոջ, այսինքն՝ իր նկատմամբ սահմանել է պարտադիր նորմերի մասնակցության ավելի մեծ չափ, քան մեծամասնությունը պետք է վճարի, ինչը, ըստ Դիմողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված խտրական վերաբերմունքից զերծ մնալու, բոլորի` օրենքի առջև հավասարության, սեփականության իրավունքի անձեռնմխելիության սկզբունքներին հակասում է:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սահմանադրական դատարանի դատական կազմը, ուսումնասիրելով սույն դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, արձանագրում է, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԵԴ/28529/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը կայացվել է 2023 թվականի օգոստոսի 16-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԵԴ/28529/02/21 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը կայացվել է 2023 թվականի օգոստոսի 16-ին, այսինքն` Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2023 թվականի օգոստոսի 17-ից:
Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից, որի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, ինչպես նաև նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է հետևյալը.
Դիմողի` սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2024 թվականի փետրվարի 17-ին՝ շաբաթ օրը, հետևաբար` Սահմանադրական դատարան դիմելու վերջին օրը փետրվարի 19 էր՝ երկուշաբթի: Մինչդեռ` Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մարտի 1-ին՝ առձեռն:
Հետևաբար` սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Թովմասյան
Անդամներ` Ա. Վաղարշյան
Հ. Հովակիմյան
26 մարտի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-14
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մարտի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-14
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
