«ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-97)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 97 | «ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա` 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
Պ Ա Ր Զ Ե Ց
.
1. 2023 թվականի օգոստոսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դավիթ Հարությունյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով վերջինս խնդրել է. «1. Հաշվի առնելով վերը բերված փաստարկներն ու հիմնավորումները գտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի ՀՕ-248, 01.07.1998 290-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին:
2. Վերոգրյալի հիման վրա Դիմողը խնդրում է Քրեական դատավարության օրենսգրքի ՀՕ-248, 01.07.1998 290-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0397/11/22 գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իր նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը դատարանների կողմից տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին: Դիմողը գտնում է, որ ինչպես
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, այնպես էլ վերաքննիչ քրեական դատարանը, առանց որևէ հիմնավորման և որևէ կերպ անդրադառնալու Սահմանադրական դատարանի ՍԴՈ-844 որոշմանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասը մեկնաբանել են իր հիմնական իրավունքները սահմանափակող ձևով և նույն օրենսգրքի 174.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջի Ծանուցագրում նշվում են հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը» խախտումը բացառել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի գործողության ոլորտից: Դիմողի պնդմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի կողմից վիճարկվող դրույթին տրված սխալ մեկնաբանությունը, ըստ որի մինչդատական վարույթում վկային ուղարկված ծանուցագրում հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը չնշելը դատական բողոքարկման ենթակա չէ, հակասում է Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին: Դիմողը նաև գտնում է, որ վիճարկվող դրույթին տրված սխալ մեկնաբանությունը հնարավոր է հանգեցնի նաև Սահմանադրության 61-րդ հոդվածով սահմանված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի խախտման: Հավելելով Դիմողը նշում է, որ եթե անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը խախտված է, ապա այդ պայմաններում դատական պաշտպանությունը չի կարող արդյունավետ լինել:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանը հանգում է, որ` դիմողը վկայակոչել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության և 64-րդ հոդվածով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և իր Սահմանադրության 61 և 64-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը Դիմողը սահմանափակվել է զուտ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության համապատասխան հոդվածներին հակասելու վերաբերյալ դիրքորոշման վկայակոչմամբ: Այսպիսով, Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասությունը Սահմանադրության 61 և 64-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին: Ուստի հաշվի առնելով վերոշարադրյալը և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 3.2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառման իրավաչափության հարցի քննարկման պարագայում Սահմանադրական դատարանը կստանձնի դատական ակտ վերանայող դատական ատյանի գործառույթ, որը ոչ միայն չի բխի Սահմանադրության և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի կարգավորումներից, այլև փաստացի կվերացնի Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգում գործող դատարանների գործառույթների տարանջատումը։ Այսինքն` Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը: Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Ինչպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, արձանագրել են ՔԴՕ 174.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջի Ծանուցագրում նշվում են ... հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը» խախտման փաստը, սակայն պնդել են, որ այդ խախտումը դատական բողոքարկման ենթակա չէ»։ Դիմողը նաև նշել է. «(...) Մինչդեռ, ինչպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, առանց որևէ հիմնավորման և առանց որևէ կերպ անդրադառնալու ՍԴՈ-844 որոշմանը, ՔԴՕ 290 հոդվածի 1-ին մասը մեկնաբանել են դիմողի հիմնական իրավունքները սահմանափակող ձևով և ՔԴՕ 174.3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված պահանջի Ծանուցագրում նշվում են ... հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը» խախտումը բացառել են ՔԴՕ 290 հոդվածի 1-ի գործողության ոլորտից»: Հաշվի առնելով վերոշարադրյալը և նկատի ունենալով Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ վերջինս վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների, մասնավորապես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի իրավաչափությանը: Ելնելով ողջ վերոգրյալից Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ դատարանների, մասնավորապես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
.
«Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա` 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
30 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԱՈ-97
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-97
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
