Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-769 նոյեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-76)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 նոյեմբերի 2018թ. ՍԴԱՈ - 76 | «ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՐԻԱՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 198-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կարճելու վերաբերյալ գործով զեկուցողի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Մարիամ Ոսկանյանը 2018 թվականի օգոստոսի 13-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի ՀՀ Սահմանադրության 10-րդ և 60-րդ հոդվածներին համապատասխանելու, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանելու հարցը»: Սահմանադրական դատարանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ի ՍԴԱՈ-63 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

2. Դիմողը գտնում է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ

ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշման և ՀՀ

սահմանադրական դատարանի 24.02.2012 թվականի թիվ ՍԴՈ-1009 որոշման միջև առկա խորը հակասությունները դեռևս չեն հաղթահարվել, քանի որ քննարկվող նորմը դիմողի նկատմամբ թիվ ԵԿԴ/4888/02/15 գործով կիրառվել է ՀՀ Սահմանադրությանը և թիվ ՍԴՈ-1009 որոշմանը հակասող մեկնաբանությամբ: Մասնավորապես, վճռաբեկ դատարանը քննարկվող նորմի առնչությամբ ձևավորել է համատեղ սեփականատիրոջ համաձայնության և մյուս սեփականատիրոջ մոտ գործարք կնքելու իրավունքի առկայության կանխավարկածներ, որոնք ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշ դեպքերում համարվել են անընդունելի: Նման դեպքերի շարքին ՀՀ սահմանադրական դատարանն ի թիվս այլնի դասել է այն դեպքերը, երբ համատեղ սեփականատիրոջ սեփականության իրավունքը ծագել է օրենքի ուժով և պետական գրանցում չի ստացել,…»: Բացի այդ, հիմնավորելով գործը քննության ընդունելու անհրաժեշտությունը, դիմողը նշել է, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ ՍԴՈ-1009 որոշումը մնացել է անկատար և անհետևանք, հետևաբար դրանով արտահայտված դիրքորոշումը վերահաստատման, զարգացման ու խորացման կարիք ունի»: Հաշվի առնելով վերոգրյալը դիմողը խնդրել է իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանելու հարցը վերստին դարձնել քննարկման առարկա:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ գործի վարույթը ենթակա է կարճման դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայության պատճառով: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը «գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն` «Սահմանադրական դատարանը սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված որոշումները սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված համապատասխան դիմումի հիման վրա կարող է վերանայել, եթե

1) փոփոխվել է Սահմանադրության տվյալ գործով կիրառված դրույթը, կամ

2) ի հայտ է եկել տվյալ գործով կիրառված Սահմանադրության դրույթի այնպիսի նոր ընկալում, որի առկայությամբ նույն հարցի վերաբերյալ կարող է ընդունվել Սահմանադրական դատարանի այլ որոշում, և տվյալ հարցն ունի սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն»:

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը 2012 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-1009 որոշման հետ կապված բարձրացնում է երկու խնդիր. առաջին դատարանների կողմից ձևավորված իրավակիրառական պրակտիկան հակասում է Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը, երկրորդ ՍԴՈ-1009 որոշումը թերի է, և անձանց սեփականության իրավունքի լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է այն զարգացնել և որոշակիացնել: Անդրադառնալով ՍԴՈ-1009 որոշմանը հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումները «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանադրականության առումով որևէ անորոշություն կամ խնդիր առկա չէ: Ինչ վերաբերում է դատական պրակտիկայում դրան տրված մեկնաբանությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների զարգացման արդյունքում թիվ ԵԱՔԴ/1023/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011թ. որոշման մեջ տրված մեկնաբանությունը, այնքանով, որքանով շեշտադրվում է համասեփականատերերից գործարք կնքող անձի մոտ գործարքը կնքելու իրավունքի առկայության կանխավարկածը, անմիջական հակասության մեջ չի մտնում օրենքի նորմի սահմանադրաիրավական բովանդակության հետ»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը նշել է, որ համատեղ սեփականություն հանդիսացող գույքը համասեփականատիրոջ կողմից օտարման դեպքում մյուս համասեփականատիրոջ պոզիտիվ համաձայնությունն անհրաժեշտ է, երբ համասեփականատերերի իրավունքները պետական գրանցում են ստացել և սեփականության իրավունքի գրանցման վկայականում հստակ նշված է, որ գույքը պատկանում է կոնկրետ սեփականատերերի, ինչպես նաև երբ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները ծագել են օրենքի հիման վրա և ունեն իրավաբանական ուժ անկախ պետական գրանցումից: Ըստ Սահմանադրական դատարանի «դրանք են այն դեպքերը, երբ գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման, փոխանցման և դադարման վերաբերյալ պետական գրանցում կամ նոտարական վավերացում իրականացնելիս արդեն իսկ հստակ է համասեփականատերերի սեփականության իրավունքի առկայության հանգամանքն ու անհրաժեշտ է նրանց հայեցողության կոնկրետ դրսևորումը»: Միևնույն ժամանակ, Սահմանադրությանը համապատասխանող ճանաչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ նախադասության համաձայն ընդհանուր սեփականության տնօրինմանն ուղղված համասեփականատիրոջ կողմից կնքված գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին: Այսինքն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը հավասարակշռել է համասեփականատերերի և բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքների պաշտպանության հնարավորությունները, ինչը Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող չի ճանաչվել: Ինչ վերաբերում է դիմողի երկրորդ հարցադրմանը կապված որոշման զարգացման և որոշակիացման անհրաժեշտության հետ, ապա հարկ է նշել, որ ՍԴՈ-1009 որոշմամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի «Հաշվի առնելով համատեղ սեփականության իրավունքի ծագման առանձնահատկություններն ու բնույթը, նկատի ունենալով, որ ընդհանուր սեփականությանը վերաբերող իրավանորմերը պետք է կարգավորեն ինչպես համասեփականատերերի «բոլոր մասնակիցների» միմյանց միջև առաջացած հարաբերությունները, այնպես էլ համասեփականատերերի և երրորդ անձանց միջև առաջացող հարաբերությունները, օրենսդրի խնդիրն է համասեփականատերերի ինքնավար կամքի դրսևորման այնպիսի իրավակարգավորում նախատեսել, որպեսզի չխաթարվեն իրավահարաբերությունների որևէ սուբյեկտի իրավունքներն ու օրինական շահերը: Դա անհրաժեշտ է նաև այն նպատակով, որպեսզի գույքը ծանրաբեռնված չլինի գործարքի կնքման պահին չբացահայտված այնպիսի պարտավորություններով, որոնք կխոչընդոտեն բարեխիղճ ձեռքբերողի սեփականության իրավունքի անարգել իրացումը»: Հաշվի առնելով վերոշարադրյալը Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն ՍԴՈ-1009 որոշումը վերանայելու հիմքերը բացակայում են: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 68-րդ հոդվածի 16-րդ մասի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Մարիամ Ոսկանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

9 նոյեմբերի 2018 թվականի

ՍԴԱՈ-76

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 նոյեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-76
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել