«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-212)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 նոյեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 212 | «ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2020 թվականի հոկտեմբերի 5-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումը: 2020 թվականի սեպտեմբերի 30-ի «Քրեական գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան թիվ ՇԴ3/0002/01/17 քրեական գործով կիրառման ենթակա Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար: Դիմողը գտնում է. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները այնքանով, որքանով չեն նախատեսում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործով տուժողի կողմից իրեն վնաս պատճառած ենթադրյալ արարքի հանգամանքներն ամբողջական չբացահայտելը և քննիչի/դատախազի կողմից դրան մեղմ քրեաիրավական որակում տալը դատարանում վիճարկելու անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգ, առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 75-րդ հոդվածների պահանջներին»:
2. Դիմողը, ըստ էության, բարձրացնում է իրավական բացի խնդիր, նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը պետք է տուժողի համար հնարավորություն սահմանի դատական պաշտպանություն հայցել այն դեպքում, երբ իրավասու մարմինների կողմից չի կատարվում վնաս պատճառած արարքի հանգամանքների ամբողջական բացահայտում կամ դրան չի տրվում ճիշտ քրեաիրավական որակում:
3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները, և առկա է գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Սահմանադրական վերոհիշյալ նորմն ամրագրվել է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով: Իսկ վերոհիշյալ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով: Հարկ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, ի թիվս այլ հիմքերի եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան (2-րդ կետ): Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը սահմանափակվել է Քրեական դատավարության օրենսգրքի դրույթների ընդհանուր վկայակոչմամբ և դիմումի վերջնարդյունքում չի բարձրացրել վերոհիշյալ սահմանադրաիրավական կարգավորումների շրջանակներում Քրեական դատավարության օրենսգրքի կոնկրետ դրույթների սահմանադրականությունը որոշելու խնդիր: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ
.
«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
23 նոյեմբերի 2020 թվականի
ՍԴԱՈ-212
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 նոյեմբերի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-212
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
