ԱՐՏՅՈՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հուլիսի 2022թ. ՍԴԴԿՈ - 37 | ԱՐՏՅՈՄ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 հուլիսի 2022թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Արտյոմ Մելիքսեթյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արտյոմ Մելիքսեթյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հունիսի 21-ին), խնդրել է հետևյալը. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով գործատուին թույլ է տալիս հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման որոշելու, թե մի քանի լրիվ նույնական հաստիքներից հատկապես որ հաստիքն է կրճատվելու, և, ըստ այդմ, հատկապես որ աշխատողի հետ է լուծվելու աշխատանքային պայմանագիրը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Ըստ դիմողի ակնհայտ է, որ Սահմանադրության 57-րդ հոդվածով հռչակված աշխատանքային իրավունքների համատեքստում Սահմանադրության 29-րդ հոդվածով հռչակված խտրականության արգելքի սկզբունքը կանխորոշում է, որ գործատուն նույնական, այն է կոնկրետ մասնագիտական պատրաստվածություն և որակավորում չպահանջող և նույն աշխատանքը ենթադրող մի քանի հաստիքներից մեկը կրճատելուց առաջ պարտավոր է գործել բարեխիղճ և ողջամիտ չխախտելով այլ անձանց, տվյալ դեպքում կրճատվող հաստիքին ամրակցված աշխատողի օրինական շահը: Դիմողը նաև նշում է, որ կոնկրետ մասնագիտական պատրաստվածություն և որակավորում չպահանջող և նույն աշխատանքը ենթադրող մի քանի հաստիքներից մեկը կրճատելուց առաջ գործատուն պարտավոր է հիմնավորել, որ նույնական հաստիքներից հատկապես կոնկրետ աշխատակցին ամրակցված հաստիքը կրճատելը պայմանավորված է այն հանգամանքով, որ առկա է որոշակի օբյեկտիվ հիմք, որի հիման վրա կրճատվում է հատկապես կոնկրետ անձին ամրակցված նույնական հաստիքը: Որպես վերոգրյալի հետևություն դիմողը պնդում է, որ այն դեպքում, երբ գործատուն կրճատում է մի քանի նույնական, այն է կոնկրետ մասնագիտական պատրաստվածություն ու որակավորում չպահանջող և նույն աշխատանքը ենթադրող հաստիքներից մեկը, սակայն հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման է որոշում, որ կրճատվում է կոնկրետ աշխատողին ամրակցված հաստիքը, և հենց այդ աշխատողի հետ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, պետք է լուծվի աշխատանքային պայմանագիրը, ապա ստեղծվում է իրավիճակ, երբ աշխատանքից ազատվող աշխատակցի նկատմամբ գործատուի կողմից դրսևորվում է խտրականություն, այսինքն նույն կարգավիճակն ունեցող անձն իր վերաբերյալ դրսևորված տարբերակված մոտեցման հետևանքով, առանց օբյեկտիվ հիմքի, զրկվում է Սահմանադրության 57-րդ հոդվածով երաշխավորվող իր աշխատանքային իրավունքներն իրացնելու հնարավորությունից: Ըստ դիմողի ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասն այնքանով, որքանով գործատուին թույլ է տալիս հայեցողաբար, այն է առանց որևէ օբյեկտիվ հիմքի կիրառման որոշելու, թե մի քանի լրիվ նույնական հաստիքներից հատկապես ո՞ր հաստիքն է կրճատվելու, և, ըստ այդմ, հատկապես ո՞ր աշխատողի հետ է լուծվելու աշխատանքային պայմանագիրը, հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածով հռչակված խտրականության արգելքի սկզբունքին, քանի որ չի ապահովում, որ նույն կարգավիճակն ունեցող անձի վերաբերյալ, նրա անձնական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված, չդրսևորվի տարբերակված մոտեցում, և այդ անձն առանց օբյեկտիվ հիմքի չզրկվի իր աշխատանքային իրավունքն իրացնելու հնարավորությունից։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է (…): Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողն ըստ էության բարձրացնում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցը, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության և վիճարկվող իրավադրույթի կիրառմամբ դիմողի իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ, հետևաբար` գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Սահմանադրական դատարանի դատական կազմը միաժամանակ արձանագրում է, որ սույն թվականի ապրիլի 4-ին դիմողի կողմից ներկայացվել է ըստ էության նույնաբովանդակ դիմում, որի ընդունումը Սահմանադրական դատարանի դատական կազմի 2022 թվականի ապրիլի 22-ի ՍԴԴԿՈ-26 որոշմամբ մերժվել է դիմումն ակնհայտ անհիմն լինելու պատճառաբանությամբ։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արտյոմ Մելիքսեթյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
25 հուլիսի 2022 թվականի
ՍԴԴԿՈ-37
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հուլիսի, 2022 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-37
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
