ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 17 հուլիսի 2024թ. ՍԴԴԿՈ - 34 | ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 17 հուլիսի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է. Շաթիրյանի
Քննության առնելով Մեսրոպ Սահակյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Մեսրոպ Սահակյանի (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի մայիսի 30-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«(...) Որոշել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ և 9.3-ին հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը,
(...) Որոշել Սնանկության դատարան դիմելու համար բանկերից և պետական և այլ մարմիններից պահանջվող՝ պետական տուրքի վճարում պահանջվող փաստաթղթերի սահմանադրականության հարցը»:
2. Ներկայացնելով թիվ ՍնԴ/2560/04/23 սնանկության գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Պետական տուրքի մասին» օրենքն իր բարձր դրույքաչափերով ֆինանսական առումով սնանկ ճանաչելու դիմումով դատարան դիմած քաղաքացու համար անհասանելի է դարձնում առհասարակ դատարան դիմելը, «խոչընդոտում է կոնվենցիայով սահմանված՝ դատարանի մատչելիության պահանջը»:
Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ սնանկության գործերով Սնանկության դատարան դիմելու փոփոխված ընթացակարգը և պահանջվող փաստաթղթերը, վարկային և այլ կազմակերպություններից, նախարարություններից և պետական մարմիններից և բանկերից պահանջվող տեղեկատվությունները, դրանց համար պահանջվող պետական տուրքերը նույնպես արհեստականորեն խոչընդոտում և անհասանելի են դարձնում առհասարակ քաղաքացու սնանկ ճանաչվելու իրավունքի իրականացումը: Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթները խոչընդոտում, դժվարացնում և անհնարին են դարձնում ՀՀ քաղաքացու՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրացումը:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող նորմերով սնանկության վարույթներով Սնանկության դատարան դիմելը դարձել է անհասանելի: Մասնավորապես՝ Սնանկության դատարան դիմելը դարձել է անհնար ֆինանսական պատճառներով, քանի որ օրենսդիրը հաշվի չի առել ՀՀ քաղաքացու իրական ֆինանսական վիճակը և եկամուտները, չի կատարել ֆինանսական և անհրաժեշտ այլ վերլուծություններ:
3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի այն դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մեջբերած դիրքորոշումը վերաբերում է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ գործի քննությունը մերժելու հիմքին։
2019 թվականի հոկտեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի դատական կազմը ՍԴԴԿՈ-58 որոշմամբ արձանագրել է․ «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:
Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումի ընդունելիության հարցի առնչությամբ վերոհիշյալ կարգավորումները սույն գործի փաստերի հետ համադրելով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը սույն անհատական դիմումի, դրան կից փաստաթղթերի, ինչպես նաև «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ՍնԴ/2560/04/23 սնանկության գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:
Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը ՍնԴ/2560/04/23 սնանկության գործով 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, որով արձանագրել է, որ «Տվյալ դեպքում վճռաբեկ բողոքում չեն նշվել վճռաբեկ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք ազդել են կամ կարող էին ազդել գործի ելքի վրա, վճռաբեկ բողոքի հիմնավորումները, ինչպես նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքը և դրա հիմնավորումը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման (...)»:
Արդյունքում՝ Վճռաբեկ դատարանը որոշել է․
«1. Վերադարձնել թիվ ՍնԴ/2560/04/23 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2023 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Մեսրոպ Սահակյանի բերած վճռաբեկ բողոքը:
2. Սույն որոշմամբ նշված թերությունները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար սահմանել հնգօրյա ժամկետ՝ որոշումն ստանալու պահից:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
(...)»:
Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՍնԴ/2560/04/23 սնանկության գործով 2023 թվականի դեկտեմբերի 13-ին կայացված «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ Դիմողին հնարավորություն է տրվել հնգօրյա ժամկետում շտկելու Վճռաբեկ դատարանի կողմից նշված թերությունները և կրկին ներկայացնելու վճռաբեկ բողոք՝ ապահովելով դատական պաշտպանության իր սահմանադրական իրավունքի իրացումը:
Գործի նյութերից երևում է, որ Դիմողը վերոնշյալ որոշմամբ սահմանված հնգօրյա ժամկետում կրկին վճռաբեկ բողոք չի ներկայացրել, սահմանված թերությունները չի շտկել, ինչպես նաև 2024 թվականի փետրվարի 26-ին Վճռաբեկ դատարան է մուտքագրվել՝ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը երկարաձգելու մասին Դիմողի միջնորդությունը, ինչի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը 2024 թվականի մարտի 13-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում:
Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է․ «Տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 13.12.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը Մեսրոպ Սահակյանը ստացել է 09.01.2024 թվականին, իսկ սույն գործով վճռաբեկ բողոքն առձեռն կրկին ներկայացրել է 28.02.2024 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար վերը նշված որոշմամբ սահմանված հնգօրյա ժամկետը լրանալուց հետո, և չի ներկայացրել միջնորդություն՝ վճռաբեկ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:
Ինչ վերաբերում է 26․02․2024 թվականին Վճռաբեկ դատարան մուտքագրված՝ վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետը երկարաձգելու մասին միջնորդությանը, ապա այն ենթակա է մերժման՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով սահմանված կարգով կարող են երկարաձգվել դատարանի սահմանած և չավարտված դատավարական ժամկետները, մինչդեռ տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 13.12.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ սահմանված հնգօրյա ժամկետը ինչպես կրկին վճռաբեկ բողոքը, այնպես էլ միջնորդությունը ներկայացնելու օրվա դրությամբ արդեն իսկ ավարտված է եղել։
(…)
Տվյալ դեպքում բողոք բերած անձը, փոփոխելով կրկին ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությունը, որպիսի հանգամանքների առկայության պայմաններում այն դարձել է այլևս սկզբնապես ներկայացված վճռաբեկ բողոքի բովանդակությանը ոչ նույնաբովանդակ, վճռաբեկ բողոքին կից ներկայացրել է էլեկտրոնային կրիչ, սակայն դրանում բացակայում է (ձայնագրված չէ) վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը, ինչը համարժեք է կրիչը չներկայացնելուն: Այսինքն` վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելիս թույլ է տրվել նաև վերը նշված նոր խախտումները»:
Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը հարկ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։
Մինչդեռ սույն գործի փաստերից երևում է, որ Դիմողը, ունենալով Վճռաբեկ դատարանի կողմից սահմանված ժամկետում վկայակոչված թերությունները շտկելու և կրկին վճռաբեկ բողոք ներկայացնելու հնարավորություն, կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ չպահպանելով վճռաբեկ բողոքը ներկայացնելու համար սահմանված ժամկետը և չվերացնելով Վճռաբեկ դատարանի կողմից «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ արձանագրված թերությունները:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ տվյալ պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Մեսրոպ Սահակյանի` պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. Մեսրոպ Սահակյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
17 հուլիսի 2024 թվականի
ՍԴԴԿՈ–34
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 17 հուլիսի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-34
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
