«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 37 | «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հունիսի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Արարատբանկ» ԲԲԸ-ն 2019 թվականի հունիսի 7-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.
«.... ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը այնքանով, որքանով չի կարգավորում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված բացթողնված վեցամսյա ժամկետը վերականգնելու հնարավորություն ճանաչել ՀՀ Սահմանադրության 28-րդ, 29-րդ և 60-րդ հոդվածներին հակասող»:
2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածը, պարտատերերի կողմից ժառանգության բացման օրվանից ժառանգների նկատմամբ իրենց պահանջները ներկայացնելու համար վեց ամիս ժամկետ սահմանելով և չնախատեսելով այդ ժամկետի բացթողումը հարգելի համարելու և վերականգնելու հնարավորություն, այսինքն բացառելով ժամկետի բացթողումը հարգելի համարելու հնարավորությունը, սահմանափակում է պարտատիրոջ սեփականության իրավունքի պաշտպանության իրականացման հնարավորությունները: Դիմողը վկայակոչում է նաև
ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, համաձայն որի ի տարբերություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Հայցային վաղեմության ժամկետը վերականգնելը) և 1228-րդ հոդվածի 2-րդ կետի (Ժառանգությունն ընդունելը սահմանված ժամկետի ավարտից հետո) կարգավորումների, չի նախատեսում նաև համապատասխան անձի մահվան մասին տեղյակ չլինելու հիմքով պահանջատիրոջ կողմից ժառանգներին պահանջ ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և (կամ) այդ ժամկետը վերականգնելու հնարավորություն:
3. Ելնելով «Արարատբանկ» ԲԲԸ-ի անհատական դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
5. առկա է դատարանի վերջնական ակտը,
6. դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,
8. դիմումը հիմնավորված է,
9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Արարատբանկ» ԲԲԸ-ի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածն այնքանով, որքանով չի կարգավորում պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված բացթողնված վեցամսյա ժամկետը վերականգնելու հնարավորություն Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
28 հունիսի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-37
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հունիսի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-37
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
