ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 19 փետրվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 8 | ԴԱՎԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 19 փետրվարի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ Հ. Թովմասյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Դավիթ Գալստյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ .
1. Դավիթ Գալստյանի (այսուհետ նաև Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2024 թվականի փետրվարի 5-ին, որով Դիմողը խնդրել է.
«Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անձնական ազատության հիմնարար իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասը թիվ ՀԿԴ/0072/01/23 դատական գործով քրեադատավարական օրենքի 118-րդ հոդվածի 3-րդ մասին տրված այն բովանդակության կամ այն մեկնաբանության շրջանակներում, որ եթե մեղադրյալն առարկում է իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրված արարքը, որպիսի պայմաններում վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, և եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցի պայմանը, ապա այն դեպքում, երբ մեղադրյալի կողմից այլընտրանքային խափանման միջոցի պայմանը խախտված լինելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հետևությունը հիմնավորված է օբյեկտիվ փաստական հանգամանքներով, ապա անձի նկատմամբ կարող է կիրառվել կալանք անկախ այն հանգամանքից, որ մեղսագրված արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձը ենթակա չի լինելու դատապարտման որևէ, այդ թվում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի»:
2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0072/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը բարձրացնում է հետևյալ իրավական հարցը. արդյո՞ք թիվ ՀԿԴ/0072/01/23 դատական գործով տրված մեկնաբանության կամ բովանդակության շրջանակում Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև Օրենսգիրք) 118-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով հռչակված անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանն այնքանով, որքանով թույլ է տալիս, որ մեղադրյալի նկատմամբ կիրառվի կալանք այն դեպքում, երբ կատարած հանցագործության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում մեղադրյալը որևէ, այդ թվում գոնե ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ չի կրելու»:
Վկայակոչելով Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 2-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և 4-րդ մասը, 18-րդ հոդվածի 1-ին մասը, 115-րդ հոդվածի 1-ին մասը, 116-րդ հոդվածի 2-րդ մասը, 118-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 119-րդ հոդվածի 6-րդ մասը, Քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 79-րդ հոդվածի 3-րդ մասը, 83-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողը նշում է, որ քրեական վարույթի արդյունավետ կարգի նպատակն անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցի կապակցությամբ հանգում է նրան, որ իրեն մեղսագրված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում անձը ենթարկվի պատժի, այն է որոշակի իրավունքներից և ազատություններից զրկման կամ դրանց սահմանափակման սոցիալական արդարությունը վերականգնելու, վերասոցիալականացվելու և հանցագործությունները կանխելու համար:
Ըստ Դիմողի եթե անձն իրեն մեղսագրված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում, միևնույն է, ենթակա չէ պատժի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ, ապա քրեական վարույթի նպատակը չի կարող ունենալ վերոնշյալ բովանդակությունը:
Դիմողն արձանագրում է, որ կալանքն Օրենսգրքով նախատեսված միակ խափանման միջոցն է, որն անձին բացարձակապես զրկում է ազատությունից, հետևաբար ամենախիստ խափանման միջոցն է և կիրառվում է որպես քրեադատավարական հարկադրանքի վերջին բացառիկ միջոց այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր չէ ապահովել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով և Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերոհիշյալ նպատակը:
Միևնույն ժամանակ, Դիմողը նշում է, որ ելնելով կալանքի կիրառմամբ անձին ազատությունից բացարձակապես զրկելու փաստից օրենսդիրը փոխհատուցում է մինչև օրինական ուժի մեջ մտած դատավճռով նշանակված պատժի կրելն անձի անազատության մեջ գտնվելու ժամանակը: Մինչդեռ այն դեպքում, երբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով անձի նկատմամբ պատիժ չի նշանակվում, ապա անձի կալանքի տակ գտնվելու ժամանակը չի փոխհատուցվում, և ստացվում է, որ կալանքի տակ գտնված լինելու ժամանակահատվածում անձը փաստացի ազատազրկման ձևով պատիժ է կրել:
Դիմողը պնդում է, որ Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասը թույլ չի տալիս, որ անձի նկատմամբ կիրառվի կալանք այն դեպքում, երբ կատարած հանցագործության մեջ մեղավոր ճանաչվելու դեպքում անձը որևէ, այդ թվում գոնե ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չի կրելու:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանությամբ:
Ի սկզբանե հարկ է նշել, որ Դիմողի կողմից Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցի վերաբերյալ անհատական դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան նաև 2024 թվականի հունվարի 16-ին: Տվյալ անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի 2024 թվականի հունվարի 25-ի ՍԴԴԿՈ-5 որոշմամբ մերժվել է դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Մինչդեռ սույն անհատական դիմումի շրջանակներում Դիմողը բարձրացրել է Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին համապատասխանության հարց, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»։
Միաժամանակ, 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները և Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրակացնում է.
Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է Օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունն այն համատեքստում, որ եթե մեղադրյալն առարկում է իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրված արարքը, որպիսի պայմաններում վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով, և եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոցի պայմանը, ապա այն դեպքում, երբ վերջինիս կողմից այլընտրանքային խափանման միջոցի պայմանը խախտված լինելու մասին վարույթն իրականացնող մարմնի հետևությունը հիմնավորված է օբյեկտիվ փաստական հանգամանքներով, ապա մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել կալանք անկախ այն հանգամանքից, որ մեղսագրված արարքը կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով վերջինս ենթակա չի լինելու դատապարտման որևէ, այդ թվում ազատությունից զրկելու հետ չկապված պատժի։
Վերոգրյալի կապակցությամբ հարկ է վկայակոչել Վճռաբեկ դատարանի կողմից սույն գործով 2023 թվականի նոյեմբերի 14-ին կայացված որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը․
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 3-րդ մասի իրավակարգավորումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հանգամանքով պայմանավորված կիրառելը հնարավոր է որոշակի պայմանների առկայության դեպքում։ Մասնավորապես, անհրաժեշտ է, որպեսզի
- անձն առարկի իր դեմ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու դեմ այն հիմքով, որ չի կատարել իրեն մեղսագրվող արարքը, որպիսի պայմաններում քրեական վարույթը շարունակվում է ընդհանուր կարգով,
- մեղադրյալը խախտած լինի իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները,
- այլընտրանքային խափանման միջոցի պայմանը խախտած լինելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի հետևությունը պետք է հիմնավորվի օբյեկտիվ փաստական հանգամանքներով ապահովելով անձի ազատության իրավունքի սահմանափակման համաչափությունը»։
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ակնհայտ է, որ կալանքի որպես խափանման միջոցի հիմնական օրենսդրական նպատակը վարույթի բնականոն ընթացքի ապահովումն է մեղադրյալի հնարավոր հակաիրավական գործողություններից ուղղված գործի քննությունը խոչընդոտելուն: Հետևաբար անկախ նրանից, թե քրեական վարույթի իրականացման արդյունքում կայացվելիք վերջնական դատական ակտը մեղադրական է, թե արդարացնող, կամ անձն ազատվելու է քրեական պատասխանատվությունից, թե պատժի կրումից, կալանքի կիրառման իրավաչափության պայմանները չեն փոխվում: Այսպիսով, կալանքի որպես անձնական ազատությունից զրկող խափանման միջոցի և ազատազրկման որպես անձնական ազատությունից զրկող պատժատեսակի ինստիտուտների նպատակային նշանակությունը չի նույնանում, ինչից հետևում է, որ այն դեպքերում, երբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով վարույթը կարճելու դեմ առարկող մեղադրյալի կողմից խախտվում են այլընտրանքային խափանման միջոցի պայմանները, նրա նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի փոխարինումը կալանքով սահմանադրաիրավական առումով խնդրահարույց չէ:
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը, վերահաստատելով 2024 թվականի հունվարի 25-ի ՍԴԴԿՈ-5 դատական կազմի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Այս առումով կարևոր է փաստել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և կամ ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության հիմնական իրավունքի խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը հաշվի առնելով սույն կոնկրետ գործի հանգամանքները և առանձնահատկությունները:
Այսպիսով, սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:
Ուստի Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ .
Դավիթ Գալստյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ս. Սաֆարյան
Անդամներ Հ. Թովմասյան
Ա. Վաղարշյան
19 փետրվարի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 19 փետրվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
