«ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-99)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հունիսի 2025թ. ՍԴԱՈ - 99 | «ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԱՐՄԵՆ ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 299-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արմեն Նազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի հունիսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արմեն Նազարյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արման Խաչատրյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, ըստ որի՝ մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ կիրառելու միջնորդության լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշումը դատական վերահսկողության ենթակա չէ (դատական կարգով բողոքարկման ենթակա չէ), քանի որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլերում և, մասնավորապես, դատաքննության ընթացքում, անհնար չէ, չի հանգեցնի մեղադրյալի իրավունքների անհամարժեք սահմանափակման և նրան չի զրկի իր իրավաչափ շահերն արդյունավետորեն պաշտպանելու իրական հնարավորությունից, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 67-րդ հոդվածին, 75-րդ, 78, 79 և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0510/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունն առ այն, որ հեռակա վարույթի կիրառման միջնորդությունը քննիչի կողմից մերժելու մասին որոշումը դատական կարգով բողոքարկվող մինչդատական վարութային ակտերի շարքին չի դասվում, քանի որ մեղադրյալը զրկված չէ տվյալ որոշումը դատավարության հետագա փուլերում բողոքարկելու հնարավորությունից, ձևախեղում և արժեզրկում է հեռակա վարույթի ինստիտուտի ողջ էությունը, քանի որ եթե առանց հեռակա վարույթի կիրառման մեղադրյալի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը կասեցված է, ապա հեռակա վարույթի կիրառման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերի կիրառելիության լույսի ներքո ինչպե՞ս է հնարավոր հեռակա վարույթի կիրառման մերժման մասին քննիչի որոշումը բողոքարկել «դատավարության ավելի ուշ փուլերում»: Այլ կերպ՝ ըստ Դիմողի՝ հեռակա վարույթ չկիրառելու դեպքում մեղադրյալի «գործը» մնում է ստատիկ վիճակում՝ առանց դատավարական-իրավական հեռանկարի: Դիմողը հավելում է, որ հեռակա վարույթի կիրառման հարցը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության կարգով չորոշելու դեպքում մեղադրյալը կզրկվի դատաքննության փուլում իր իրավաչափ շահերը պաշտպանելու իրական հնարավորությունից այնքանով, որքանով իր նկատմամբ իրականացվող «գործը» դատարան չի հասնի, քանի դեռ ինքը չի հայտնաբերվել, իսկ եթե նա շարունակի անհասանելի լինել վարույթն իրականացնող մարմնի համար, ապա այդ պահը երբևէ վրա չի հասնի, որը նշանակում է նաև, որ մեղադրյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն էլ երբևէ տրամաբանական ավարտին չի հանգի:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ «մեղադրյալի նկատմամբ հեռակա վարույթ կիրառելու միջնորդության լուծումը հետաձգելու մասին քննիչի որոշումը դատական վերահսկողության ենթակա չէ (դատական կարգով բողոքարկման ենթակա չէ), քանի որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլերում և, մասնավորապես, դատաքննության ընթացքում, անհնար չէ, չի հանգեցնի մեղադրյալի իրավունքների անհամարժեք սահմանափակման և նրան չի զրկի իր իրավաչափ շահերն արդյունավետորեն պաշտպանելու իրական հնարավորությունից», խախտում է մեղադրյալի՝ Սահմանադրության 61, 63 և 67-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքների բուն էությունը՝ ի խախտումն Սահմանադրության 80-րդ հոդվածի:
Դիմողը նաև ընդգծում է, որ նման մեկնաբանությունն ինքնին նշանակում է, որ մեղադրյալը փաստացի զրկվում է հեռակա վարույթի կիրառման մերժման մասին նախաքննության մարմնի որոշումը դատարան արդյունավետորեն բողոքարկելու հնարավորությունից, որով ընդգծվում է տվյալ հարցում նախաքննության մարմնի սուբյեկտիվ դիրքորոշման նշանակության անհավասարակշռված մեծացումը:
Դիմողը պնդում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասին իր գործով Վերաքննիչ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը՝ որպես մեղադրյալի՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու սահմանադրական իրավունքներին կատարված միջամտություն, չի հետապնդում սահմանադրաչափ որևէ նպատակ:
Ամփոփելով՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որը կիրառվել է իր նկատմամբ, անորոշ է, չի բացահայտում հեռակա վարույթի կիրառման իրավական հիմքերի բովանդակությունը, բացակայում է հեռակա վարույթի ինստիտուտի սահմանադրաիրավական էության և վիճարկվող դրույթով մինչդատական ակտի բողոքարկելիության հատկանիշների միջև իրավակառուցակարգային անհրաժեշտ կապը, առանց որի հնարավոր չէ հեռակա վարույթի կիրառումը մերժելու մասին քննիչի որոշման՝ քրեական վարույթի մինչդատական փուլում դատական բողոքարկման թույլատրելիության վերաբերյալ հիմնավորված եզրահանգման գալ:
Միաժամանակ Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է «Պետական տուրքից ազատելու մասին» միջնորդություն՝ հաշվի առնելով, որ ինքը հետախուզման մեջ է, գտնվում է արտերկրում, չունի աշխատանքի թույլտվություն և հետևաբար՝ եկամտի որևէ աղբյուր, ուստի՝ ի վիճակի չէ վճարել այն:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:
Սույն անհատական դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, համապատասխանությունը Սահմանադրության 61, 63, 67, 75, 78, 79 և 80-րդ հոդվածներին, ինչի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ, բացի նշված հոդվածի 1-ին մասով հստակ թվարկված մինչդատական ակտերից, դատական բողոքարկման ենթակա են նաև մինչդատական այն ակտերը, որոնց վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից: Հիշյալ դրույթի բովանդակությունից բխում է, որ նշված վավերապայմաններից մեկի (տվյալ դատական ակտի վիճարկումը դատաքննության ընթացքում անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից) առկայությունն ինքնին բավարար է տվյալ մինչդատական ակտը դատական կարգով բողոքարկելու համար: Ընդ որում՝ այդ վավերապայմանների կամ դրանցից մեկի առկայությունը (բացակայությունը) դատարանի կողմից ենթակա է յուրաքանչյուր կոնկրետ գործով առանձին գնահատման՝ հաշվի առնելով կոնկրետ մինչդատական ակտի բնույթը, բովանդակությունը, ինչպես նաև կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները: Սույն պարագայում թիվ ԵԴ1/0510/11/24 գործի շրջանակներում ևս ՀՀ դատարանները, հաշվի առնելով խնդրո առարկա մինչդատական ակտի բնույթը, բովանդակությունը, ինչպես նաև կոնկրետ գործի փաստական հանգամանքները և առանձնահատկությունները, գնահատել են համապատասխան վավերապայմաններից յուրաքանչյուրի առկայությունը կամ բացակայությունը և հանգել տվյալ կոնկրետ մինչդատական ակտի դատական բողոքարկման թույլատրելիության վերաբերյալ համապատասխան եզրահանգման:
Մասնավորապես՝ խնդրո առարկա գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 18-ի՝ «Մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը քննության առնելու մասին» որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ «(...) այդ որոշման վիճարկումը դատաքննության ընթացքում հնարավոր է և այն ակնհայտորեն չի զրկի անձին՝ տվյալ դեպքում թիվ 16159307 քրեական վարույթով մեղադրյալ Արմեն Նազարյանին, իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից։ Հետևաբար՝ Դատարանի գնահատմամբ վիճարկվող որոշումը տվյալ դեպքում չի կարող ներառվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների թվում»։
Նույն գործի շրջանակներում Վերաքննիչ քրեական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ արձանագրել է. «(...) բողոքաբերի՝ միջնորդության լուծումը հետաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի որոշումն ինքնին չի հանդիսանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա, քանի որ դրա բողոքարկումը դատավարության ավելի ուշ փուլերում չի հանգեցնի մեղադրյալ Արմեն Նազարյանի իրավունքների անհամարժեք սահմանափակման։ Մասնավորապես՝ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար չի լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն չի զրկելու իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից»։ Արդյունքում՝ Վերաքննիչ քրեական դատարանը գտել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 18-ին կայացրած որոշմամբ դատական սխալ թույլ չի տվել, գործով, ըստ էության, կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմք առկա չէ, ուստի՝ այն պետք է թողնել անփոփոխ, իսկ հատուկ վերանայման բողոքը՝ մերժել։ Վճռաբեկ դատարանն էլ, իր հերթին, 2025 թվականի փետրվարի 7-ին կայացրել է «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում։
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61, 63 և 67-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության, արդար դատաքննության և մեղադրանքից պաշտպանվելու հիմնական իրավունքներին, սակայն բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ որևէ հիմնական իրավունքի խախտման փաստի, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75, 78, 79 և 80-րդ հոդվածների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դրանց բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Արմեն Նազարյանի՝ սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. Արմեն Նազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
24 հունիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-99
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-99
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
