ՍԵՎԱԿ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 9 | ՍԵՎԱԿ ՍՈՂԻԿԵԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
18 մարտի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Սևակ Սողիկեանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Սևակ Սողիկեանը 2019 թվականի փետրվարի 28-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «…որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, 317-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները, 344-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի դրույթները, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի, 41-րդ հոդվածի, 81.2-րդ հոդվածի դրույթների, ՀՀ բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին ՀՀ կառավարության 14.07.2005թ. թիվ 1231-Ն որոշման 4- րդ հավելվածի դրույթների և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 60-րդ, 61-րդ 1-ին մաս, 63-րդ 1-ին մաս, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով խնդրել է նաև հարգելի համարել բաց թողնված ժամկետում դիմումի ներկայացումը և դիտարկել այն պատշաճ ժամանակին ներկայացված, իսկ բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով վերականգնված հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ անմիջականորեն կիրառված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի գործի քննության դրությամբ գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 3-րդ մասը նոտարի և դատարանների կողմից դրան տրված մեկնաբանության շրջանակներում, ակնհայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության պահանջներին զրկելով իր սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից: Այսինքն այնքանով, որքանով հիշյալ օրենսդրությունը թույլատրում է ընդհանուր գույքի տնօրինման գործարքը համասեփականատերերից յուրաքանչյուրի կնքելու իրավունքը առանց իրավունքի մյուս սուբյեկտների կարծիքը պարզելու, պարտադիր սահմանափակման հնարավորություն է առաջանում մշտապես անտեսելու այդ անձանց սեփականության իրավունքը, որը, շատ հաճախ, ինչպես տվյալ դեպքում, հետագայում արդեն պաշտպանելը կարող է անհնարին դառնալ:
Դիմողի կարծիքով ստեղծված իրավիճակը չի համապատասխանում իրավական պետության բովանդակությանը: Պետությունը պետք է օրենսդրական մակարդակում նախատեսի իրավունքների խախտման հնարավոր դեպքերը կանխատեսող և կանխարգելող երաշխիքներ, այլ ոչ թե ապավինի այդպիսի խախտումների դեպքում հնարավոր դատական պաշտպանության երաշխիքներին, որոնց արդյունավետությունն ու պիտանիությունը տվյալ պարագայում մեկ այլ տեսանկյունից սահմանադրականության խնդիր է: Ըստ դիմողի վիճարկվող իրավական ակտերի կարգավորումները սույն դիմումի շրջանակներում դիտարկվում են որպես մեկ համակարգ, որոնք սեփականության իրավունքի երաշխավորման և ապահովման հարցերում էական կարգավորումներ են և կարող են հանդիսանալ սեփականության իրավունքի խախտման դեպքերի կանխարգելման կարևոր երաշխիքներ, որոնք, սակայն, իրենց անկատարությամբ պայմանավորված, չեն ծառայել Հայաստանի Հանրապետությունում սեփականության իրավունքի երաշխավորմանը և հնարավորություն են ընձեռել սեփականության իրավունքի այնպիսի խախտումների, որոնց կապակցությամբ պաշտպանության արդյունավետ միջոցները կամ բացակայել են, կամ նախատեսված միջոցներն էլ չեն եղել արդյունավետ և ըստ էության չեն գործել հանգեցնելով սեփականության իրավունքի խախտման:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` դատական կազմը փաստում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6- ամսյա ժամկետը:
Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանի Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ դատարանի նշյալ ակտը կայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, հիշյալ պարագայում Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով, ըստ որի անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Այսինքն խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետն ավարտվել է 2019 թվականի փետրվարի 9-ին, մինչդեռ դիմումը փոստային համապատասխան ծառայություն մուտքագրվել է 2019 թվականի փետրվարի 25-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով խնդրել է հարգելի համարել բաց թողնված ժամկետը և ներկայացված անհատական դիմումը դիտել որպես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետում ներկայացված: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելու համար նախատեսված ժամկետի վերականգնման համար օրենսդրական հնարավորություն ամրագրված չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Սևակ Սողիկեանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող
Անդամներ
18 մարտի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 մարտի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
