Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ՄԵԾՐԻՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ՄԵԾՐԻՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-2521 ապրիլի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-25)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 ապրիլի 2022թ. ՍԴԴԿՈ - 25 | ԱՐՏԱԿ ՄԵԾՐԻՑՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 ապրիլի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Արտակ Մեծրիցյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արտակ Մեծրիցյանը (ներկայացուցիչ Կ. Թումանյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի ապրիլի 5-ին) խնդրելով. « ...

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի «Հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն...» ձևակերպումը այնքանով, որքանով որ սահմանում է հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միայն գրավոր միջնորդություն ներկայացնելու հնարավորություն, ճանաչել ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար, հրապարակային դատաքննության իրավունքներին հակասող։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի «առանձին աշխատանքային վեճերը» վերտառությամբ գլխում «դատարանի կողմից խտրականության փաստը ի պաշտոնե քննելու պարտականության» իրավակարգավորման բացակայությունը ճանաչել ՀՀ սահմանադրության 75-րդ հոդվածին, ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքներին հակասող»:

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմողը նշում է, որ օրենսդրի կողմից վիճարկվող նորմով հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միայն գրավոր միջնորդություն ներկայացնելու հնարավորություն սահմանելու արդյունքում «(...) տեղի է ունենում հիմնարար իրավունքների խախտում, և դրանք այն իրավունքներն են, հենց որոնք էլ նպատակաուղղված են արդարադատության իրականացմանը»: Ըստ դիմողի օրենսդրի կողմից պետք է սահմանվեր ոչ միայն միջնորդությունը գրավոր ներկայացնելու հնարավորություն, այլ նաև բանավոր, որպիսի պայմաններում դատարանը, կախված գործի առանձնահատկություններից, փաստական այնպիսի հանգամանքներ քննելիս, որպիսիք արդարացված են գրավոր ընթացակարգի պայմաններում, որոշեր, թե որ եղանակով է ավելի նպատակահարմար ներկայացնել միջնորդությունը` գրավոր, թե բանավոր: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ 24-րդ գլխի վերաբերյալ դիմողը նշում է. «Ներկա իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ դատարանները, կաշկանդված լինելով դատավարական որոշակի ընթացակարգերով, մասնավորապես դիմող կողմի դիրքորոշումով, չեն կարող քննության առարկա դարձնել դիմող կողմի նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստին»: Մասնավորապես, ըստ դիմողի` «(...) անկախ նրանից կողմը դատարանում իր պահանջի հիմքում ներկայացրել է պահանջ կամ փաստարկ, որ ինքը ենթարկվել է խտրականության, թե ոչ, Դատարանը նման փաստի առկայության դեպքում պետք է ի պաշտոնե գնահատական տա խտրականության փաստին, այն համադրի դրա հետևանքով խախտված իրավունքի հետ»: Հակառակ պարագայում ըստ դիմողի` «(...) նման իրավակարգավորման բացակայությունը ի խախտումն ՀՀ սահմանադրության 75-րդ հոդվածի, կհանգեցնի ՀՀ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար դատաքննության իրավունքների իրացման անհնարինության, ինչը չի բխում իրավական պետության սկզբունքից և օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար իրավունքից, որոնց վրա էլ կառուցված է մարդու սահմանադրական կարգավիճակի ամբողջ հայեցակարգը»:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տըրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն անհատական դիմումով վիճարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը այն հիմնավորմամբ, որ հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միայն գրավոր միջնորդություն ներկայացնելու հնարավորությունը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդյունավետ դատական պաշտպանության և 63-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված արդար, հրապարակային դատաքննության իրավունքների խախտման: Անհատական դիմումի, թիվ ԼԴ2/1284/02/19 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներկայացված հիմնավորումներն անհիմն են: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կարգավորվում են ինչպես հայցի հարուցման կարգի, այնպես էլ հայցի առարկան և հիմքը փոփոխելու հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հայցադիմումին ներկայացվող պահանջները» վերտառությամբ 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայցադիմումը ներկայացվում է գրավոր նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն հայցադիմումում, ի թիվս այլնի, պարտադիր նշվում են այն փաստերը, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները: Սակայն, ՀՀ օրենսդրությունը հայցվորին ընձեռում է հայցի հիմքն ու առարկան փոփոխելու հնարավորություն, ընդ որում` հայցի հիմքի փոփոխությունը հայցվորի կողմից հայցի հիմքում սկզբնապես դրված փաստերն այլ փաստերով փոխարինելն է, ինչպես նաև հայցի հիմքում դրված փաստերի շրջանակը ճշգրտելն է այն լրացնելու կամ պակասեցնելու եղանակով: Վերոնշյալից բխում է, որ հայցի հիմքի փոփոխությունը հանգեցնում է հայցի հիմքում դրված փաստերի փոփոխության, ինչով էլ պայմանավորված և ելնելով նաև այն հանգամանքից, որ հայցադիմումը ինչպես նաև մյուս բոլոր փաստաթղթերը ներկայացվում են դատարան գրավոր կերպով, այսինքն որոշակի նյութականացված ձևով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը նախատեսում է պահանջ, ըստ որի հայցվորը հայցի առարկայի և հիմքի կամ դրանցից յուրաքանչյուրի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ ներկայացնում է գրավոր միջնորդություն։ Բացի դրանից, սույն դիմումի ուսումնասիրությունը հանգում է նրան, որ դրանով, ըստ էության, բարձրացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարց, սակայն դիմողը բավարար կերպով չի հիմնավորել, թե ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության և իր իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև։ Մասնավորապես, դիմողը նշում է, որ քննարկվող դեպքում վիճարկվող նորմի կիրառումը հանգեցրել է վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության, արդարացի և հրապարակային դատաքննության իրավունքների խախտման, սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ միայն այն հանգամանքի նշումը, որ իր որևէ իրավունք խախտվել է կամ պատշաճ պաշտպանության չի ենթարկվել, բավարար չէ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորվածության պահանջը պահպանած համարելու համար. դիմողը պետք է հիմնավորի, որ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի խախտումը հենց դատարանի կողմից կիրառած նորմի կամ դրան տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության արդյունք է: Մասնավորապես, տվյալ դեպքում դիմողի կողմից չի հիմնավորվել, թե հայցի առարկայի կամ հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը գրավոր ներկայացնելու պահանջը ի՞նչ հիմնավորմամբ է հակասում Սահմանադրությանը, և միջնորդությունը հատկապես գրավոր ներկայացնելու պահանջը ի՞նչ խոչընդոտներ է ստեղծում քաղաքացիական դատավարության ընթացքում իր իրավունքների իրացման համար։ Վերը նշված պահանջները սույն անհատական դիմումի դեպքում պահպանված չեն, ինչը հանգեցնում է դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելուն այն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Բացի դրանից, թիվ ԼԴ2/1284/02/19 քաղաքացիական գործի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը նաև արձանագրում է, որ 2021 թվականի փետրվարի 18-ին սույն քաղաքացիական գործով հայցվոր Արտակ Մեծրիցյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է հայցի հիմքի լրացում կատարելը թույլատրելու մասին միջնորդություն, որը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցի հիմքի փոփոխությունը մերժելու մասին» որոշմամբ մերժվել է այն հիմնավորմամբ, որ ներկայացված միջնորդությունը չի բխում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշմամբ արձանագրված գործի քննության նոր ծավալից, իսկ հայցվորի կողմից չի ներկայացվել որևէ փաստարկ առ այն, որ գործի նախորդ քննության ընթացքում վերջինս զրկված է եղել հայցի հիմքի փոփոխություն թույլատրելու մասին միջնորդություն ներկայացնելուց։ Վերոնշյալը նույնպես ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան դիմողը դատական գործի քննության ընթացքում զրկված չի եղել հայցի հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից, և որևէ դատավարական ընթացակարգ չի խոչընդոտել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի կողմից որոշում կայացնելը ներկայացնել հայցի հիմքի փոփոխությունը թույլատրելու վերաբերյալ գրավոր միջնորդություն: 3.2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ 24-րդ գլխի վերաբերյալ Վիճարկելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Առանձին աշխատանքային վեճերով վարույթը» վերտառությամբ 24-րդ գլխում «դատարանի կողմից խտրականության փաստը ի պաշտոնե քննելու պարտականության» իրավակարգավորման բացակայության սահմանադրականությունը` դիմողը նշում է, որ «(...) անկախ նրանից կողմը դատարանում իր պահանջի հիմքում ներկայացրել է պահանջ կամ փաստարկ, որ ինքը ենթարկվել է խտրականության, թե ոչ, Դատարանը նման փաստի առկայության դեպքում պետք է ի պաշտոնե գնահատական տա խտրականնության փաստին, այն համադրի դրա հետևանքով խախտված իրավունքի հետ»: Սակայն Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարության սկզբունքներից, հատկապես քաղաքացիական դատավարությունում տնօրինչականության և գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքներից բխում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն այս մասով նույնպես անհիմն են, իսկ դիմումի ընդունումը ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն օրենսգրքով սահմանված կարգով հայցվորը (դիմողը) իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն հրաժարվելու իր պահանջից, փոփոխելու հայցի առարկան և հիմքը կամ դրանցից յուրաքանչյուրը, պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը, կողմերը կարող են վեճը լուծել հաշտության համաձայնությամբ, սկսել արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց կամ գործը հանձնել արբիտրաժի լուծմանը: Քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքը ամրագրող նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանը, պահպանելով անկախություն և անաչառություն, վարում է դատավարությունը, անհրաժեշտության դեպքում օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքները և պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետևանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու համար: Ողջ վերոգրյալով պայմանավորված` Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ քաղաքացիական դատավարությունում գործը հարուցվում է միայն հայցադիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ դատարանը սահմանափակված է հայցադիմումի հիմքում ընկած փաստական հիմքերով, և սա բխում է քաղաքացիական դատավարությունում օրենքի և դատարանի առջև հավասարության, տնօրինչականության և մրցակցության սկզբունքներից։ Քաղաքացիական դատավարությանը բնորոշ տնօրինչականության, գործին մասնակցող անձանց մրցակցության սկզբունքից էլ բխում է դատարանի կողմից որևէ հանգամանքի ի պաշտոնե քննության հնարավորության բացակայությունը, հակառակ պարագայում դատարանի գործողությունները կհակասեն քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան պահանջներին և քաղաքացիական դատավարության էությանը։ Ելնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, որի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը այս մասով նույնպես ենթակա է մերժման։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Արտակ Մեծրիցյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Խաչատրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Թունյան

21 ապրիլի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-25

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 ապրիլի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-25
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել