Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-3826 փետրվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 փետրվարի 2021թ. ՍԴԱՈ - 38 | «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թ. օգոստոսի 27-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 3-րդ և չորրորդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը գտնում է, որ «Սնանկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասին դատաիրավական պրակտիկայում տրված հակասական մեկնաբանությունը պայմանավորված է վիճարկվող դրույթի իրավական անորոշությամբ. պարզ չէ, թե Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը վերաբերում է սնանկության գործով կառավարչի վարձատրությունը որոշելու պահի դրությամբ արդեն իսկ վերջինիս կողմից պարտատերերի պահանջների բավարարման ամբողջական չափին, թե՞ միջանկյալ բաշխման յուրաքանչյուր ծրագրով բավարարման չափին:

Դիմողի համոզմամբ եթե «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը մեկնաբանվի իբրև միջանկյալ բաշխման յուրաքանչյուր ծրագրով բավարարման չափ, ապա տվյալ իրավիճակում սնանկության գործով կառավարիչը կարող է չարաշահումներ թույլ տալ, մասնավորապես սնանկության վարույթի շրջանակներում հավաքագրված դրամական միջոցները բաշխել փոքր չափերով, որպիսի պայմաններում վիճարկվող նորմի ուժով վերջինիս վարձատրության գումարը կհաշվարկվի առավել բարձր դրույքաչափով: Ընդ որում, դիմողն ընդունում է պարբերաբար բաշխումներ իրականացնելու կառավարչի վարքագծի իրավաչափությունը, սակայն չի ընդունում կառավարչի վերավարձատրության չափը որոշելիս նախորդ բավարարումները հաշվի չառնելը: Վիճարկվող դրույթների արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներին հակասելու վերաբերյալ իր դիրքորոշումը դիմողը փաստարկում է նրանով, որ խնդրո առարկա հարցում սնանկության գործով կառավարչի կամայականությունը զսպելու և հակակշռելու որևէ գործիք օրենսդրությամբ պարտատերերին վերապահված չէ:

3. Պատասխանողը նշում է, որ սնանկության գործով կառավարիչն օրենքով սահմանված կարգով իրականացնում է այնպիսի գործառույթներ, որոնք անմիջապես առնչվում են պարտապանի գույքային կարգավիճակին և նրա հետագա բարելավմանը կամ բարեհաջող լուծարմանը/ գործունեության դադարեցմանը: Ուստի, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարչին հասանելի է պարտապանի ֆինանսական վիճակի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, հետևաբար իրատեսական է այն, որ պարտապանի ակտիվների իրացման արդյունքում գեներացված գումարի բաշխման չափը որոշելու կամ պարտապանի ֆինանսական միջոցները կառավարելու իրավասությունը պատկանում է կառավարչին: Պատասխանողի կարծիքով տվյալ գործով իրավահարաբերության պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում արտահայտված «պարտատերերի պահանջների բավարարման չափ» վիճելի արտահայտությունը պետք է մեկնաբանել նույն օրենքի ամբողջական համատեքստում: Քանի որ պարտապանի ակտիվների իրացումից ստացված միջոցները բաշխվում են (պարտատերերի պահանջները բավարարվում են) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան, հետևաբար «պահանջների բավարարման չափ» արտահայտությունը վերաբերում է միջանկյալ բաշխման ծրագրով իրականացվող բավարարման չափին:

Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

4. Դիմումի և դրան կից փաստաթղթերի, մասնավորապես, դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունից ելնելով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը

1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում դիմողը, վիճարկելով խնդրո առարկա նորմի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականում դիմումով առաջադրում է տվյալ նորմի կիրառման իրավաչափության հարցեր: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր:

Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումները, ելնելով նաև սույն գործում առկա նյութերի ուսումնասիրությունից, հանգեցնելու են Սահմանադրական դատարանի կողմից առավելապես ոչ սահմանադրական նորմերի բովանդակության մեկնաբանությանը անկախ սահմանադրականության գնահատման հարցադրման հանգամանքից, որով Սահմանադրական դատարանը փաստացի կստանձնի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի գործառույթ, ինչի իրավասությունը, Սահմանադրության համաձայն Սահմանադրական դատարանը չունի:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ քննարկվող դեպքում, դիմողի կողմից մատնանշված խնդրի լուծումը գտնվում է ոչ թե Սահմանադրական դատարանի վիճարկվող նորմերի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման լիազորության տիրույթում, այլ դատարանների, քանի որ օրենքի կամ վերջինիս որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորրությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

26 փետրվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-38

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 փետրվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-38
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել