«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-139)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 սեպտեմբերի 2024թ. ՍԴԱՈ - 139 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 408-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1․ 2024 թվականի օգոստոսի 2-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը: Դիմողը, թիվ ՍԴ1/0014/01/21 քրեական գործով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի դատավճռի դեմ ամբաստանյալ Շահեն Գրիգորյանի բացառիկ վերանայման բողոքը քննության առնելով, 2024 թվականի հուլիսի 30-ին որոշում է կայացրել թիվ ՍԴ1/0014/01/21 քրեական գործով բացառիկ վերանայման վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին և նշված որոշմամբ խնդրել է (որոշել է) ստուգել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 408-րդ հոդվածով նախատեսված իրավական նորմի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին համապատասխանությունն այնքանով, որքանով այն, ըստ Դիմողի, բացառիկ վերանայման վարույթի հարուցման դեպքում բացառիկ վերանայման արդյունքում խախտում չարձանագրելու պարագայում բողոքը մերժելու և դատական ակտն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կայացնելու հնարավորություն չի ընձեռում։
2․ Դիմողը գտնում է, որ ի տարբերություն վերանայման այլ կառուցակարգերի՝ բացառիկ վերանայման դեպքում դատարանի կողմից բացառիկ վերանայման բողոքը վարույթ ընդունելուց հետո դատական ակտը կարող է չբեկանվել միայն այն դեպքում, երբ ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորվում է, որ Օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա։ Ուստի՝ Դիմողը, ելնելով Օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի իրավակարգավորումներից, եզրահանգում է, որ «(…) դատարանն արդեն իսկ վարույթ ընդունած բացառիկ վերանայման բողոքով պարտադիր պետք է խախտում արձանագրի, որի արդյունքում էլ պետք է ամբողջությամբ կամ մասնակի բեկանի բողոքարկվող դատական ակտը՝ վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը, կամ բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանելու բողոքարկվող դատական ակտը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 403-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա։
Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ բացառիկ վերանայման բողոքը վարույթ ընդունելուց հետո այն, ըստ էության, հիմնավոր չլինելու՝ այսինքն առանց որևէ խախտում արձանագրելու չի կարող մերժվել (…)», ինչը, Դիմողի գնահատմամբ, հանդիսանում է օրենսդրական բաց։
Այնուհետև դիմումում Սահմանադրական դատարանի որոշումների լույսի ներքո վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող կարգավորումները՝ Դիմողը եզրահանգում է. «(…) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված որոշումներից բացի այլ, մասնավորապես՝ բացառիկ վերանայման բողոքը մերժելու, այսինքն՝ առանց որևէ հիմնարար խախտում արձանագրելու դատական ակտն անփոփոխ թողնելու իրավասություն չունենալու հանգամանքը ոչ թե իրավաստեղծ մարմնի կամքը, այլ իրավակարգավորման թերություն է»։ Դիմողը նաև նկատում է, որ իր կողմից արձանագրված Օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում «(…) օրենսդրական բացի առկայության հետևանքով օրենսդրի կամքը հասկանալի չէ, որն էլ ինքնին կարող է գործնականում հանգեցնել օրենսդրի կամքից չբխող կամ տարբերվող դատական պրակտիկայի ձևավորման»։
Դիմողի գնահատմամբ իր կողմից արձանագրված ենթադրյալ օրենսդրական բացը հնարավոր չէ հաղթահարել նաև այլ վերաբերելի իրավակարգավորումներ մեկնաբանելու և կիրառելու միջոցով։ Ավելին, Դիմողը նկատում է, որ Օրենսգրքի 371-րդ հոդվածին հղում կատարելը և օրենքի անալոգիա կիրառելու հնարավորությունը բացառիկ վերանայման դեպքում ևս հնարավոր չէ։ Դիմողը գտնում է, որ բացառիկ վերանայման կառուցակարգը կանոնակարգող Օրենսգրքի 49-րդ գլխով նախատեսված կարգով առաջնորդվելու պայմաններում գործնականում կարող են լինել դեպքեր, երբ բացառիկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը կարող է եզրահանգել, որ նույն գլխով նախատեսված որոշումներից որևէ մեկը հնարավոր չէ կայացնել, որն էլ իր հերթին կարող է Վերաքննիչ դատարան ստացված բացառիկ վերանայման բողոքն առանց պատշաճ քննության վարույթ հարուցելը մերժելու հիմք հանդիսանալ, քանի որ ըստ դիմողի՝ նման իրավակարգավորման պայմաններում բացառիկ վերանայման վարույթ հարուցելու դեպքում «(…) խախտում արձանագրելը պարտադիր բնույթ է կրում»։
Դիմողը նաև նկատում է, որ նման կարգավորմամբ ենթադրյալ բացի առկայության պայմաններում «(…) դատական ակտը ենթակա չէ բեկանման (բայց առկա է չէ նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված իրավիճակը), սակայն մյուս կողմից Վերաքննիչ դատարանն այլ իրավական ճանապարհ չունենալով, «ստիպված» է բավարարել բացառիկ վերանայման բողոքը, ինչը չէր անի, եթե առկա չլիներ նշված օրենսդրական բացը։ Արդյունքում՝ կայացվում է ոչ թե օբյեկտիվ և արդարացի դատական ակտ, այլ այնպիսի ակտ, որը Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի առկա օրենսդրական կարգավորումների շրջանակում՝ չապահովելով տուժողի իրավունքներն ու օրինական շահերը»։
Նման պարագայում Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթում առկա ենթադրյալ բացը ստեղծում է դատարանի կողմից արդարադատության իրականացման բացառիկ գործառույթի սահմանափակման, տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների իրացման անհաղթահարելի խոչընդոտներ։
Ելնելով վերոգրյալից` Դիմողը խնդրում է որոշել Օրենսգրքի 408-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի և 75-րդ հոդվածի պահանջներին։
3. Ուսումնասիրության առարկա դարձնելով դիմումը և կից ներկայացված դատական ակտերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (ստորև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ ներքոգրյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում Սահմանադիրն ամրագրել է դատարանների՝ իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: Վկայակոչված նորմի տրամաբանական շարունակությունն օրենսդիրն ամրագրել է Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածում՝ նախանշելով դատարանների համապատասխան իրավասության իրացման օրենսդրական հիմքերն ու ընթացակարգը:
Դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացումը հետապնդում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելու նպատակ: Այս առումով հիմնարար նշանակություն ունի արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված հիշյալ սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը բացահայտող այն հիմնավոր պատճառաբանությունը ներկայացնելը, որը կվկայի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բավարարման առկայությունը:
Սահմանադրական դատարանը շեշտադրում է, որ Սահմանադրական դատարան դիմելիս դատարանները համապատասխան որոշման շրջանակներում պետք է ներկայացնեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողություններն ու դիրքորոշումները՝ հիմնավորելով բարձրացված հարցի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու հանգամանքը: Հակառակ պարագայում՝ ստացվում է, որ դատարանը չի հիմնավորում Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը:
Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրաիրավական պայմանի առկայությունը մեկնաբանելիս դատարանները պետք է հաշվի առնեն Սահմանադրական դատարանի՝ խնդրո առարկա հարցի առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, ի մասնավորումն՝ Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներով ընդգծել է, որ «հիմնավոր կասկած» չի կարող համարվել նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթի վերաբերյալ ցանկացած կասկած. դատարանը պետք է համոզվի, որ դատական մեկնաբանությամբ անհնար է հաղթահարել կիրառման ենթական նորմի՝ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հիմնավոր կասկածը։
«Նման իրավիճակ կարող է առաջանալ այն պարագայում, երբ, օրինակ, վիճարկվող նորմը հնարավոր է մեկնաբանել միայն այնպես, որ այն իր վերջնական բովանդակությամբ հակասում է Սահմանադրությանը: Այդ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում նշելով օգտագործված մեկնաբանման մեթոդները՝ դատարանը պարտավոր է հիմնավորել դատական մեկնաբանմամբ կիրառման ենթակա իրավական նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը հաղթահարելու անհնարինությունը։ Այլապես՝ նման հիմնավորումների բացակայությունը կարող է գնահատվել Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանի, այն է՝ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածների բացակայություն» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254):
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Ավելին, Սահմանադրական դատարանը, վերահաստատելով օրենսդրական բացի վերաբերյալ նախկինում արտահայտած իր դիրքորոշումները և ընդունելով, որ սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածը, ի թիվս այլնի, կարող է պայմանավորված լինել նաև օրենքի բացով, արձանագրել է, որ «(…) կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտում օրենքի բացի և դրա արդյունքում դրա սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի մասին ևս կարող է խոսվել միայն այն դեպքում, երբ դատարանը հանգի այն եզրակացության, որ դատական մեկնաբանման որևէ մեթոդի կիրառմամբ անհնար է հաղթահարել այդ բացը» (14.12.2021 թ. ՍԴԱՈ-254):
Սույն դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումով վիճարկվող Օրենսգրքի դրույթում առկա ենթադրյալ բացի արձանագրումը հետևանք է Օրենսգրքի վիճարկվող դրույթին ոչ համակարգային մեկնաբանության, քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված այլ դրույթների հետ հակասող, ոչ համակարգային մեկնաբանության հաղորդման։
Մասնավորապես՝ Դիմողի՝ հարցի առնչությամբ արված պնդումը, թե «(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատական ակտը ենթակա չէ բեկանման (…), սակայն մյուս կողմից Վերաքննիչ դատարանն այլ իրավական ճանապարհ չունենալով, «ստիպված» է բավարարել բացառիկ վերանայման բողոքը (…)», ուղիղ հակասության մեջ է գտնվում քրեական դատավարությունում աքսիոմատիկ նշանակություն ունեցող կանոնի հետ, որ վարույթի (փուլի) եզրափակումը պետք է ենթադրի ավարտման (առնվազն) երկու հնարավոր ելք։
Ուստիև՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ բացառիկ վերանայում իրականացնելիս դատարանի կողմից լուծման ենթակա խնդիրների շրջանակը և դրանց տարակերպ լուծման հնարավորությունը պայմանավորում են դատարանի կողմից կայացվող առնվազն երկու հնարավոր որոշումներից մեկի ընտրության հնարավորությունը, որպիսի հանգամանքը Դիմողի փաստարկներում ընդհանրապես անտեսված է։
Բացի դրանից, Դիմողի կողմից վիճարկվող նորմին հաղորդված այն մեկնաբանությունը, թե «(…) դատական ակտը ենթակա չէ բեկանման (…), սակայն մյուս կողմից Վերաքննիչ դատարանն այլ իրավական ճանապարհ չունենալով, «ստիպված» է բավարարել բացառիկ վերանայման բողոքը (…)», ուղղակիորեն հակադրվում է «դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res judicata) սկզբունքին:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ այս սկզբունքը՝ ենթադրելով, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը՝ որպես իրավական որոշակիության արդյունք, ենթակա է հարգանքի (27.05.2008 թ. ՍԴՈ-754), իսկ դրա իրավական արժեքը պայմանավորված է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դրա հասցեատերերի համար ստեղծված իրավական վիճակի կայունությունն ապահովելու (դրանով իսկ իրավական որոշակիությունը երաշխավորելու) սահմանադրական հրամայականով (23.01.2024 թ. ՍԴՈ-1712)։
Սահմանադրական դատարանը, այս առումով շեշտելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերջնականության սկզբունքի բացարձակ չլինելը, ուրվագծել է դրանից արվող բացառության սահմանները՝ «(…) օրենքով սահմանված հիմքերով և կարգով՝ արդարադատության այնպիսի թերության ուղղման նպատակով, որի բացահայտմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ» (23.01.2024 թ. ՍԴՈ-1712), ուստիև՝ Օրենսգրքի վիճարկվող 408-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համահունչ ընթերցումն անհրաժեշտաբար պայմանավորում է նշված հոդվածին որոշակի նեղ բովանդակություն հաղորդելը՝ խուսափելով քննարկվող սկզբունքի և դրանով պաշտպանվող իրավական արժեքի հետ հակադրության մեջ ընկնելուց՝ այդպիսով իսկ ապահովելով Սահմանադրությամբ երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքի (Սահմանադրության 63-րդ հոդված) և իրավական որոշակիության սկզբունքի պատշաճ կենսագործումը (Սահմանադրության 79-րդ հոդված)՝ մյուս կողմից նաև երաշխավորելով արդարադատության պատշաճ իրականացումը դատարանի կողմից (Սահմանադրության 162-րդ հոդված)։
Իր հերթին օրենսդիրը, Օրենսգրքի 403-րդ հոդվածում սահմանելով բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերը, ուրվագծել է արդարադատության այն թերությունները, որոնց ուղղման նպատակով էլ դատական ակտերի կայունության սկզբունքից կարող է բացառություն արվել՝ գործարկելով բացառիկ վերանայման կառուցակարգերը։ Ուստիև՝ դիմումով Դիմողի կողմից Օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդած բովանդակությունն անտեսում է բացառիկ վերանայման կառուցակարգի նպատակային նշանակությունը՝ արդարադատության այնպիսի թերության շտկումը, որն անհամատեղելի է դառնում արդար դատաքննության բուն էության հետ՝ որպես հետևանք հանգեցնելով վիճարկվող նորմի և Օրենսգրքի 403-հոդվածի միջև առկա համակարգային կապի անտեսման՝ իր հերթին դատարանի համար առաջացնելով պատշաճ արդարադատության իրականցման համար փակուղային իրավիճակ։
Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ դիմումում Դիմողի կողմից վիճարկվող նորմին հաղորդած այն մեկնաբանությունը, թե դատական ակտը բեկանման ենթակա չլինելու պայմաններում անգամ Վերաքննիչ դատարանը, այլ իրավական ճանապարհ չունենալով, պետք է բավարարի բացառիկ վերանայման բողոքը՝ արդյունքում կայացնելով «(…) ոչ թե օբյեկտիվ և արդարացի դատական ակտ, այլ այնպիսի ակտ, որը Վերաքննիչ դատարանը պետք է կայացնի առկա օրենսդրական կարգավորումների շրջանակում՝ չապահովելով տուժողի իրավունքներն ու օրինական շահերը», զուրկ լինելով համակարգայնությունից, հակադրության մեջ է մտնում նաև Օրենսգրքի 9-րդ հոդվածով սահմանված դատավարական օրինական և հիմնավոր լինելու պահանջի հետ, որով ի թիվս այլնի, նաև ապահովվում է անձի արդար դատաքննության իրավունքից (Սահմանադրության 63-րդ հոդված) բխող դատական ակտի պատճառաբանվածությունը։
Ողջ վերոգրյալի հիման վրա` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 408-րդ հոդվածի 1-ին մասն Օրենսգրքում առկա այլ նորմերի հետ համակարգային մեկնաբանելու, բացառիկ վերանայման ինստիտուտի նպատակային նշանակությամբ առաջնորդվելու պայմաններում Օրենսգրքի վիճարկվող դրույթին հաղորդվում է նեղ բովանդակություն, ըստ որի՝ դատարանն ունի դատական ակտի (ամբողջությամբ կամ մասնակի) բեկանման լիազորություն, երբ բացառիկ վերանայման արդյունքում արդար դատաքննության բուն էության հետ անհամատեղելի (Օրենսգրքի 403-րդ հոդվածով ամրագրված հիմքերի) թերություն է արձանագրում, ինչն էլ թույլ է տալիս անել ուղիղ հակառակ տրամաբանական եզրահանգում՝ բացառելով դատարանի ինքնասահմանափակումը և արդար դատաքննության բուն էության հետ անհամատեղելի (Օրենսգրքի 403-րդ հոդվածով ամրագրված հիմքերի) թերության բացակայության դեպքում դատական ակտի (ամբողջությամբ կամ մասնակի) բեկանման իրավական հնարավորությունը։
4. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրության առարկա դարձնելով դիմումը, կից ներկայացված նյութերը, արձանագրում է նաև, որ`
• Ներկայացված բացառիկ վերանայման բողոքով Շ․ Գրիգորյանը գտել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը թույլ է տվել հիմնարար խախտում, այն է՝ քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացրել է մեղադրական դատավճիռ և իրեն դատապարտել այնպիսի արարքի կատարման համար, որին տրվել է ակնհայտ սխալ իրավական գնահատական։
• Նման պայմաններում, երբ բողոքը բերվել էր Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմնարար խախտման հիմքով, իսկ նշված բողոք բերելու հիմքերն ունեն յուրահատկություն, այն է՝ նախատեսում են խախտման ակնհայտություն, մասնավորապես, այդ հիմքերն առկա են, երբ՝ 1) քրեական հետապնդումը բացառող ակնհայտ հանգամանքի առկայության պայմաններում կայացվել և օրինական ուժի մեջ է մտել մեղադրական դատավճիռ, 2) անձը դատապարտվել է այնպիսի արարքի համար, որն ստացել է ակնհայտ սխալ իրավական գնահատական, Դիմողի կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին թիվ ՍԴ1/0014/01/21 քրեական գործով կայացվել է բացառիկ վերանայման վարույթ հարուցելու և այն գրավոր ընթացակարգով իրականացնելու որոշումը, որն իր հերթին հնարավոր էր բողոք բերելու հիմքերի ակնհայտության և այդ հիմնարար խախտումների ակնհայտ բացակայության բացառման դեպքում (Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետեր, 407-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետ)։
Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ առկա է որոշակի հակասություն Դիմողի կողմից 2024 թվականի փետրվարի 23-ին թիվ ՍԴ1/0014/01/21 քրեական գործով կայացված բացառիկ վերանայման վարույթ հարուցելու որոշման և դիմումում Դիմողի կողմից բարձրացվող դիրքորոշման միջև, քանի որ ստացվում է առաջին որոշմամբ Դիմողը, արձանագրելով խախտման ակնհայտությունը, արդեն հետագայում Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է բացառիկ վերանայման արդյունքում խախտում չարձանագրելու դեպքում՝ դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման հնարավորության ենթադրյալ բացակայության հարց։
5. Ողջ վերոբերյալը հիմք ընդունելով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից պատշաճ հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե որքանո՞վ է անհնար եղել իր կողմից մատնանշված ենթադրյալ օրենսդրական բացը դատական մեկնաբանությամբ հաղթահարելը, որի պատճառով դիմել է Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման միջոցին:
Հետևաբար՝ Դիմողի՝ դատական մեկնաբանության միջոցով օրենսդրական բացի վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին պատշաճ հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի՝ սույն դիմումով առկա է գործի քննությունը մերժելու՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 սեպտեմբերի 2024 թվականի
ՍԴԱՈ-139
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 սեպտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-139
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
