«ԿԱՐՈՒՍԵԼ ԻՍԹԱԲԼԻՇՄԵՆԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-44)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 44 | «ԿԱՐՈՒՍԵԼ ԻՍԹԱԲԼԻՇՄԵՆԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 մայիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Վարդան Ստեփանյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 11-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, այնքանով, որքանով հնարավորություն է տրվում այդ ակտը չընդունած վարչական մարմնին կամ ՀՀ դատախազությանը վիճարկման հայց ներկայացնել վարչական ակտի ընդունման օրվանից տասը տարին լրանալուց հետո, ճանաչել ՀՀ Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 10-րդ, 60-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/10144/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ պարբերությանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի շրջանակներում Հայաստանի Հանրապետության դատախազության «բացառիկ» իրավունքների իրականացման սահմանների մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության դատախազությունն իրավունք է ստանում առանց ժամկետային սահմանափակման վիճարկման հայցով վիճարկելու Հայաստանի Հանրապետությունում կայացված ցանկացած վարչական ակտ՝ անկախ համապատասխան վարչական ակտի ընդունման ժամկետից: Ըստ Դիմողի՝ նման անժամկետ և անսահմանափակ հնարավորության ընձեռումը, ըստ էության, սեփականության ձևերի միջև առավելություն է տալիս պետական սեփականությանը, որն անթույլատրելի է:
Դիմողի պնդմամբ՝ ստացվում է, որ պետությունը ցանկացած պահի, առանց ժամկետային սահմանափակման, կարող է միջամտություն իրականացնել մասնավոր սեփականության իրավունքի նկատմամբ՝ վիճարկելով քսան, երեսուն տարի առաջ և անգամ ավելի վաղ կայացված որոշումները, որոնցով անձինք ձեռք են բերել սեփականության իրավունք: Դիմողն այս առումով նշում է, որ նշվածը ոչ միայն խախտում է իրավական որոշակիության, համաչափության և «իրավաչափ ակնկալիքի» սկզբունքները, այլև վերացնում է վարչական արդարադատության բուն նպատակը՝ հավասարակշռել պետության և անհատի միջև առկա կառուցվածքային անհավասարությունը:
Դիմողը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ պարբերությանն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որը թույլ է տալիս շրջանցել դրանով սահմանված 10-ամյա առավելագույն ժամկետը և դատական կարգով անժամկետ բողոքարկել վարչական ակտերը, հանգեցնում է սեփականության իրավունքի անհամաչափ սահմանափակման, իրավաչափ սպասելիքների խախտման, իրավական որոշակիության սկզբունքի ոտնահարման, ինչպես նաև կողմերի հավասարության և իրավական պետության հիմնարար սկզբունքների խախտման։
Ըստ Դիմողի՝ Հայաստանի Հանրապետությունում բոլոր այն անձանց սեփականության իրավունքը, որը ծագել է վարչական ակտերի հիման վրա, ենթարկված է անժամկետ ռիսկի, քանի որ նման վարչական ակտերը չունեն բողոքարկման ժամկետային սահմանափակում, հետևաբար՝ պետությունը, պետական մարմինները ու համայնքը ցանկացած պահի, առանց որևէ ժամկետային սահմանափակման, անհամաչափ միջամտության միջոցով կարող են անվավեր ճանաչել վարչական ակտը և վերացնել անձի՝ այդ ակտի հիման վրա ծագած սեփականության իրավունքը, որը ձեռք է բերվել քսան, երեսուն տարի առաջ կամ ավելի վաղ։
Դիմողը նաև նշում է, որ Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայի հիմքում ընկած է այն մեկնաբանությունը, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված 10-ամյա առավելագույն ժամկետը վերաբերում է բացառապես այդ ակտն ընդունած վարչական մարմնի կողմից այն անվավեր ճանաչելու լիազորությանը, այլ ոչ թե դատական կարգով մեկ այլ վարչական մարմնի կամ Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից դրա վիճարկմանը:
Դիմողի պնդմամբ՝ նման պայմաններում Հայաստանի Հանրապետության դատախազությունը, օգտվելով «Դատախազության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով իրեն վերապահված՝ պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ իրավունքից, հնարավորություն է ստանում շրջանցելու «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ սահմանված 10-ամյա առավելագույն ժամկետային սահմանափակումը:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 10-րդ, 60-րդ և 79-րդ հոդվածներին:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում՝ սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:
Սույն անհատական դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմին պարզ է դառնում, որ խնդրո առարկա գործով վերջնական դատական ակտը թիվ ՎԴ/10144/05/24 վարչական գործով Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումն է, որը կայացվել և օրինական ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերի 16-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2025 թվականի հոկտեմբերի 17-ից և ավարտվել 2026 թվականի ապրիլի 17-ին: Մինչդեռ սույն անհատական դիմումն առձեռն ստացվել և Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 11-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է:
Ինչ վերաբերում է Դիմողի այն պնդմանը, որ «(...) ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը 16.10.2025թ. կայացրել է վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը մերժելու մասին որոշում, որը երրորդ անձի ներկայացուցիչը ստացել է 11.11.2025թ.», ապա այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն («Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվառմամբ)՝ Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվում է ոչ թե վերջնական դատական ակտը Դիմողի կողմից ստանալուն, այլ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն դիմումով չի պահպանվել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, առանց անդրադառնալու սույն դիմումի ընդունելիության մյուս պայմաններին, եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Դ. Խաչատուրյան
22 մայիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-44
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-44
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
