Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998 թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414 3 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998 թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414 3 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2711 ապրիլի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 ապրիլի 2023թ. ՍԴԱՈ - 27 | «ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ 01.07.1998 թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 414 3 -ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ 01.07.1998 թ. ԸՆԴՈՒՆՎԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 4143-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Սեյրան Օհանյանի դիմումի հիման վրա 01.07.1998 թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4143-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի մարտի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Սեյրան Օհանյանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «01.07.1998 թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4143-րդ հոդվածի 2-րդ մասը, իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշումը չի պարունակում դրա հիմքում դրված եզրահանգմանը հանգեցրած պատճառաբանությունը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0910/11/21 դատական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4143-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվում է այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումները գործնականում չեն պատճառաբանվում, ինչով էլ խախտվում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքը։ Վկայակոչելով հիշատակված գործի շրջանակում ներկայացված վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը Դիմողը փաստում է. «Վճռաբեկ բողոքում Վճռաբեկ դատարանի առջև բարձրացվել էին իրավական հարցեր, ինչպես նաև մանրամասն պատճառաբանվել էին պարոն Սեյրան Օհանյանի` Սահմանադրությամբ երաշխավորված ու կոնվենցիոն իրավունքների խախտումներն ու բողոքը վարույթ ընդունելու հիմնավորումները»: Դիմողն ընդգծում է, որ Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը որևէ ձևով չանդրադառնալով բողոքի հիմքերին ու հիմնավորումներին և առանց որևէ պատճառաբանության հետևյալ ձևակերպմամբ. «Բողոք բերած անձը փաստարկել է, որ բողոքը պետք է վարույթ ընդունվի, քանի որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքը, այն է առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում։ (…)

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ուստի ներկայացված բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման»։ Ըստ Դիմողի Վճռաբեկ դատարանի որոշման մեջ բացակայում է որևէ պատճառաբանություն, որը հիմք է տվել եզրահանգելու, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման։ Մեջբերելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշման պատճառաբանություններն ու եզրահանգումները Դիմողը նշում է, որ դրանք ներկայացվում են որպես սույն դիմումի պատճառաբանություն այն մասին, որ վիճարկվող նորմը իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը չի պարունակում դրա հիմքում դրված եզրահանգմանը հանգեցրած պատճառաբանությունը, հակասում է Սահմանադրության 63-րդ հոդվածին։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված նյութերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը բարձրացնում է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4143-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականության հարց: Վիճարկվող դրույթով սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 414.2 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։ Վերոգրյալ իրավադրույթից բխում է, որ օրենսդիրը հստակ նախատեսել է Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշումների պատճառաբանված լինելու պարտադիր պահանջ: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, այդ թվում ՍԴՈ-896, ՍԴՈ-1579, ՍԴՈ-1628 որոշումներում անդրադարձել է դատական ակտերի պատճառաբանված լինելու հարցին: Այսպես Սահմանադրական դատարանը, 2010 թվականի հունիսի 15-ի ՍԴՈ-896 որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի պատճառաբանվածության պահանջին, նշել է. «(…) օրենսդրությունն ընդհանրապես պետք է բացառի չպատճառաբանված դատական ակտի գոյությունը, որովհետև նման ակտը չի կարող համապատասխանել իրավական պետության հիմնարար սկզբունքներին, չի կարող երաշխավորել մարդկանց իրավունքների արդյունավետ դատական պաշտպանություն, ինչպես նաև ապահովել խախտված իրավունքների արդյունավետ վերականգնում»։ Սահմանադրական դատարանը մեկ այլ 2022 թվականի փետրվարի 1-ի ՍԴՈ-1628 որոշմամբ արձանագրել է. «Սահմանադրական դատարանը, վերահաստատելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի մասին նախկինում արտահայտված դիրքորոշումները, գտնում է, որ Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի սույն բաղադրիչը դատական քննության որակի առաջնային չափանիշ է, իսկ դատական ակտի պատճառաբանության բացակայությունը կասկածի տակ է առնում դատարանի կողմից տվյալ դատական ակտի կայացմամբ արդարադատության նպատակին համահունչ գործունեությունը։ Կոնկրետ գործով դատարանի կողմից կայացված դատական ակտի իրավաչափության գնահատման առաջնային չափանիշը, անկախ դատական ակտի նկատմամբ ձևավորված հանրային կարծիքից կամ կողմերի կամ հասարակության կամ դրա մի մասի վերաբերմունքից, տվյալ գործով փաստերի և իրավունքի հարցերի վերաբերյալ դատական ակտի հիմքում ընկած ողջամիտ և համոզիչ պատճառաբանությունն է։ Ավելին, դատավարական կողմերի մրցակցող և հակասող շահերի բախման պայմաններում ընթացող դատական վեճերում դատական ակտի պատճառաբանության բացակայությունը նման պատճառաբանության առկայության իրավական պահանջի պայմաններում կարող է սասանել կողմերի և հանրության վստահությունն առ այն, որ բացակայում են տվյալ դատական ակտը կանխորոշող այլ արդարադատության նպատակների հետ չառնչվող պատճառներ»։ Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող դատական ակտի պատճառաբանվածության պահանջի պարտադիրությունը բազմիցս ընդգծվել է Սահմանադրական դատարանի կողմից, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանի արտահայտած դիրքորոշումները տարածելի են նաև Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման նկատմամբ: Սույն դիմումի վերաբերյալ Դիմողի փաստարկների առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ, և դիմումից պարզ չէ, թե վիճարկվող նորմն ինչպես է ենթադրաբար խախտել Դիմողի Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված հիմնական իրավունքը: Այս համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը դիմումի շրջանակներում սահմանափակվել է սոսկ գործի դատավարական նախապատմությունը, ինչպես նաև դիմումի շրջանակներում բարձրացված հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները ներկայացնելով, մինչդեռ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ դիմումում վերոնշյալ պահանջները չեն պահպանվել: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ

.

Սեյրան Օհանյանի դիմումի հիման վրա 01.07.1998թ. ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4143-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 ապրիլի 2023 թվականի

ՍԴԱՈ-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 ապրիլի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել