Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-20415 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-204)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հոկտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 204 | «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 15-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հարություն Փափազյանի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Հարություն Փափազյանը (ներկայացուցիչ Ա. Կոչուբաև) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 31-ին) խնդրելով. «1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար» դրույթները ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 79-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր»:

2. Դիմողի կարծիքով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 15-րդ հոդվածի` «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն: Որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար սույն մասում նշված անձինք վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով: Սույն հոդվածի առաջին մասում նշված դեպքերում այն մարմինները (պաշտոնատար անձինք), որոնց վերապահված է վարչական տույժեր նշանակելու իրավունք, կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին` մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար» դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածների պահանջներին: Դիմողը, նշելով, որ Օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասը կարգավորում է երկու խումբ իրավահարաբերություններ, գտնում է, որ առաջին խումբ իրավահարաբերությունների համար Օրենսգրքի 15-րդ հոդվածը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին վերոնշյալ հոդվածի 3-րդ մասով սահմանելով «կարող են տույժեր նշանակելու փոխարեն իրավախախտումների վերաբերյալ նյութերը հանձնել համապատասխան մարմիններին մեղավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման համար» եզրույթը։ Ըստ դիմողի քննարկվող հոդվածի 3-րդ մասն իմաստազրկում է նույն հոդվածի 1-ին մասի իմպերատիվ պահանջը այդպիսով իմաստազրկելով Օրենսգրքի 15-րդ հոդվածի ողջ տրամաբանությունը։ Դիմողը կարծում է, որ այդ սահմանումն իրավակիրառ մարմնին լիազորում է չափազանց մեծ հայեցողական լիազորությամբ և ստացվում է, որ օրենքն օժտված չէ որոշակիությամբ, այսինքն անձը լինելով վերոնշյալ իրավահարաբերություններում, հնարավորություն չի ստանում գնահատելու իր վարքագծի արդյունքում վրա հասնող հետևանքները։ Հղումներ կատարելով իրավական որոշակիության սկզբունքի առնչությամբ Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան, վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող իրավակարգավորումը և համադրելով այն օրենսդրական այլ դրույթների հետ դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 15-րդ հոդվածը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որոշակիությամբ և չի ապահովում նորմի կանխատեսելիությանը ներկայացվող պահանջները։

3. Պատասխանողը, չանդրադառնալով վիճարկվող դրույթների սահմանադրականության հարցին, գտնում է, որ դիմողը, ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց, իրականում առաջ է քաշում իրավանորմի կիրառման իրավաչափության հարց։ Պատասխանողը հղում է կատարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին, համաձայն որի անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Պատասխանողի կարծիքով անհատական դիմումում պատշաճ հիմնավորված չէ վիճարկվող նորմի ենթադրյալ հակասահմանադրականությունը։ Ելնելով վերոնշյալից պատասխանողը խնդրում է սույն գործի վարույթը կարճել։

4. Դիմումի և վերջինիս կից փաստաթղթերի ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետևում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման ներքոնշյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված նորմի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Այդ հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է դիմողի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալվում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Նշված որոշման համաձայն « (...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...): (...)

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ (…) դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Վերոգրյալի համատեքստում, Սահմանադրական դատարանն արձանագրելով, որ Սահմանադրական դատարան ներկայացված սույն անհատական դիմումը ենթակա է քննության կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակում, գտնում է, որ դիմողը չի ներկայացրել Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և, ըստ այդմ, Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջների լույսի ներքո բավարար փաստարկներ/հիմնավորումներ: Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, որ վերջինս չի ներկայացրել հիմնավորումներ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Նման պայմաններում դիմողը չի պահպանել վերոշարադրյալ օրենսդրական պահանջները, ուստի դիմումն ակնհայտ անհիմն է։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Հարություն Փափազյանի դիմումի հիման վրա Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-204

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-204
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել