ԼԻԼՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-38)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 դեկտեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 38 | ԼԻԼՅԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻ ԵՎ ԱԼԲԵՐՏ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
1 դեկտեմբերի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը
Նախագահությամբ Ֆ. Թոխյանի
Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի
Հ. Նազարյանի
Քննության առնելով քաղաքացիներ Լիլյա Ղափլանյանի և Ալբերտ Խաչատրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Լիլյա Ղափլանյանը և Ալբերտ Խաչատրյանը 2010թ. նոյեմբերի 15-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
1) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 223-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով նշված նորմերով վճռաբեկ բողոք բերելու իրավունք չի տրվում գործին մասնակից չդարձված այն անձին, ում իրավունքների և պարտականությունների վերաբերյալ ազդող դատական ակտ է կայացրել (ստորադաս դատարանի դատական ակտը փոխելով կամ կողմերի հաշտության համաձայնությունը հաստատելով) վճռաբեկ դատարանը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
2) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։
3) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411–րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով
այդ նորմով նոր երևան եկած հանգամանք է դիտվել միայն տվյալ վճռի, բայց ոչ նաև վճռաբեկ կամ վերաքննիչ դատարանների որոշումների կայացման համար հիմք ծառայած դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը. այդ նորմով նոր երևան եկած հանգամանք է դիտվել տվյալ վճռի կայացման համար հիմք ծառայած... այլ մարմնի որոշման վերացումը, և այդպիսին չի դիտվել տվյալ վճռի հիմքում դրված, այլ մարմին չհամարվող նոտարի կողմից տրված սեփականության իրավունքի վկայագրի վերացումը։
Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ
1. Դիմողների կարծիքով վիճարկվող նորմերի կիրառման արդյունքում իրենք զրկվել են իրենց խախտված իրավունքների ճանաչման և դատական պաշտպանության արդյունավետ միջոցի հնարավորությունից։
2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 233-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի 2008թ. հոկտեմբերի 8-ի ՍԴՈ-765 որոշումը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն գործի քննությունը մերժելու հիմք է։
3. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողները բարձրացնում են դրա կիրառման իրավաչափության հարց։ Փաստորեն դիմողները ձևականորեն առաջ քաշելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց ըստ էության բարձրացնում են այդ դրույթի կիրառման հարց։ Ուստի առկա է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ նախատեսված դիմումի քննությունն այս դրույթի մասով մերժելու հիմք որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում։
4. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 240-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը դիմողների նկատմամբ չի կիրառվել, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դիմումի քննությունը մերժելու հիմք է։
5. Դիմումի ուսումնասիրությունից ակնհայտորեն երևում է, որ դիմողները ձևականորեն առաջ քաշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 20411-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ամրագրված դրույթի սահմանադրականության հարցը իրականում վիճարկում են դրա կիրառման իրավաչափության հարցը, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ նախատեսված դիմումի քննությունը մերժելու հիմք է։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1- ին մասի 6-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Լիլյա Ղափլանյանի և Ալբերտ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
1 դեկտեմբերի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-38
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 դեկտեմբերի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-38
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
