Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3519 հունիսի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-35)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 հունիսի 2020թ. ՍԴԴԿՈ - 35 | ՍԱՄՎԵԼ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

___________________________________________________________________________

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 19 հունիսի 2020 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Պետրոսյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով Սամվել Սահակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սամվել Սահակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է վերստին ներկայացվել 2020 թվականի հունիսի 5-ին) խնդրելով. «.... որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասի և/կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 28, 29, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Ըստ դիմողի իր համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել թիվ ԵԱԴԴ/0141/02/17 քաղաքացիական գործով իր նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 6-րդ մասը և/կամ իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից այդ դրույթին տրված մեկնաբանությունը, ինչի արդյունքում զրկվել է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրացման հնարավորությունից: Դիմողի կարծիքով դատավարական գործընթացի շրջանակներում, իր կողմից ներկայացված բողոքի քննության ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ դատարանը հիմնավոր չի համարել դիմողի ներկայացուցչի բողոքին կից ներկայացրած բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը և պատճառաբանել, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման, քանի որ ներկայացված փաստաթղթի լուսապատճենով չեն հիմնավորվում բողոքաբերի հիմնավորումները: Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունից բխում է, որ կիրառելի են նաև ապացուցողական բնույթի այլ չափորոշիչներ, որոնք կանխատեսելի չեն եղել վերջինիս համար, ինչը չի բխում նաև իրավական որոշակիության սկզբունքից:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, … երբ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը, իսկ նշված 3-րդ մասի համաձայն անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Դիմումի և կից ներկայացված դատական ակտի ուսումնասիրությունից բխում է, որ Վճռաբեկ դատարանի` «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը կայացվել է 2019 թվականի սեպտեմբերի 18-ին, այսինքն Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետն ավարտվել է 2020 թվականի մարտի 19-ին, մինչդեռ Սահմանադրական դատարանին հասցեագրված անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2020 թվականի մայիսի 14-ին: Հետևաբար` դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումով գործի քննությունը մերժելու համար: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը բաց թողնելը հարգելի համարելու վերաբերյալ դիմողի միջնորդությանը, ըստ որի Վճռաբեկ դատարանի որոշումը վերջինս ստացել է 2019 թվականի հոկտեմբերի 30-ին, ապա պետք է փաստել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը նախատեսում է վեցամսյա ժամկետը հաշվարկել դատական ակտի հրապարակման պահից և չի նախատեսում դատական ակտն ավելի ուշ ստանալու փաստով կամ այլ հանգամանքներով դատավարական ժամկետի բացթողումը հարգելի ճանաչելու և վերականգնելու հնարավորություն: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Սամվել Սահակյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

19 հունիսի 2020 թվականի

ՍԴԴԿՈ-35

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 հունիսի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-35
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել