ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 օգոստոսի 2020թ. ՍԴԴԿՈ - 46 | ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 օգոստոսի 2020 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ դատավոր Ա. Թունյանի
Մասնակցությամբ դատավոր Վ. Գրիգորյանի
դատավոր Ա. Դիլանյանի
Քննության առնելով Վարդան Մկրտչյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Վարդան Մկրտչյանը 2020 թվականի հուլիսի 23-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.
«Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005 թվականի ՀՕ-188-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998 թվականի խմբագրությամբ գործող) 52-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահողի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թ. օգոստոսի 25-ը ներառյալ:
2. Դիմողն արձանագրում է, որ
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ Դատարան) 2018 թվականի հոկտեմբերի 10-ի վճռով մերժվել է իր հայցը, իսկ նշված վճռի դեմ իր բերած վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հայցը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն իրավաչափ համարելով հանդերձ, հիմնավորել է սխալ հիմնավորված դատական ակտը: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է միայն այն հիմնավորմամբ, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով թիվ 05-3539 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճռով իրեն նվիրատվության պայմանագրով հողամաս չնվիրելու մասին հաստատված հանգամանքը նախադատելի փաստ է համարել առանց հաշվի առնելու, որ թիվ 05-3539 քաղաքացիական գործի քննության պահին ՀՕ-188-Ն օրենքը դեռ ուժի մեջ մտած չի եղել: Դիմողը գտնում է, որ Քաղաքացիական օրենսգրքում ՀՕ-188-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի ուժով մինչև օրենքն ուժի մեջ մտնելն առաջացած իրավահարաբերությունների նկատմամբ կիրառելի են հիշյալ օրենքի դրույթները: Այսինքն անձին սեփականության իրավունքով անցած անշարժ գույքով ծանրաբեռնված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչվել է օրենքի ուժով: Դիմողը նշում է, որ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ընդունվել է 17.06.1998 թվականին, ուժի մեջ է մտել 01.01.1999 թվականին, ուժը կորցել է 09.04.2018 թվականին) 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն նախկինում քննված քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում: Ըստ դիմողի ակնհայտ է, որ իրավակիրառ պրակտիկայում նախադատելիության սահմանները որոշվում են նույն անձանց միջև նախորդ գործի քննությամբ ապացուցման ենթակա փաստերի մեջ ընդգրկված հաստատված փաստական հանգամանքներով: «Այսինքն այլ գործի պրեյուդիցիալ կապը այլ գործով որոշվում է բացառապես տվյալ գործով ներկայացված հայցի առարկայի, հայցի փաստական և իրավական հիմքերի և գործին մասնակցող անձանց շրջանակով»: Դիմողի կարծիքով նախադատելի հանգամանքն իր ուժը կորցնում է, երբ տվյալ փաստական հանգամանքի հաստատման կապակցությամբ դատարանի եզրահանգման համար հիմք ընդունված նյութական իրավահարաբերությունների կարգավորումն օրենսդրորեն փոփոխվում է կամ առհասարակ օրինական ուժի մեջ մտած դատական ակտից հետո փաստական հանգամանքների իրողությունը փոփոխվում է: Դիմողը գտնում է, «…. որ ցանկացած նոր գործի քննության ընթացքում նախորդ գործի քննությամբ հաստատված փաստական հանգամանքների ներմուծումը նոր գործի քննություն պետք է նախ և առաջ պայմանավորվի այն հանգամանքով, թե նախորդ գործի քննության ապացուցման ենթակա փաստերը որոնք են եղել, և ինչ իրավական հիմքեր և փաստական հանգամանքներ են փոփոխվել նախորդ գործի քննությամբ հաստատված փաստական հանգամանքներից հետո»: Դիմողը կարծում է, որ Դատարանի կողմից իր վիճարկվող իրավանորմերի իրավական մեկնաբանման արդյունքում ինքը զրկվել է սահմանադրորեն երաշխավորված իրեն պատկանող սեփականության իրավունքի ճանաչման արդյունքում դրա օրենսդրական պաշտպանությունից, սեփականության իրավունքից անարգել օգտվելու իր իրավական հնարավորությունից, իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և անկախ, անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավական հնարավորությունից:
3. Ելնելով դիմումի ու դրան կից դատական ակտերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով. 3.1. Քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածի 1-ին մասի, Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 04.10.2005թ. ՀՕ-188-Ն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության վերաբերյալ Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2019թ. որոշման ուսումնասիրությամբ պարզվում է, որ վերոնշյալ դրույթները չեն կիրառվել դիմողի նկատմամբ: Այսպես, վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշյալ որոշման մեջ արձանագրել է, որ «…. թիվ 05-3539 քաղաքացիական գործով Վարդան Մկրտչյանին նվիրատվության պայմանագրով հողամաս չնվիրելու մասին հաստատված հանգամանքը նախադատելի է սույն քաղաքացիական գործով: Այսինքն` տվյալ դեպքում հայցվորի կողմից սույն քաղաքացիական գործով ներկայացված պահանջը դառնում է առարկայազուրկ, հետևաբար Դատարանի պատճառաբանությունները Վերաքննիչ դատարանը գնահատում է սխալ: Վերոշարադրյալ իրավակարգավորումների և սույն որոշման պատճառաբանությունների ուժով Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումն իրավաչափ գնահատելով հանդերձ` հիմնավորում է սխալ հիմնավորված դատական ակտը»: Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրականդատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կոնկրետ իրավական գործընթացներ, որը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։ Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանություն: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես. ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.2. Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998 թվականի խմբագրությամբ գործող) 52-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Նշված դրույթի մասի մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումն ակնհայտ անհիմն է: Այսպես, դիմողի փաստարկները վիճարկվող դրույթի վերաբերյալ հանգում են հետևյալին. նախադատելի հանգամանքն իր ուժը կորցնում է, երբ տվյալ փաստական հանգամանքի հաստատման կապակցությամբ դատարանի եզրահանգման համար հիմք ընդունված նյութական իրավահարաբերությունների կարգավորումն օրենսդրորեն փոփոխվում է, այլ կերպ ասած որևէ գործի քննությամբ հաստատված հանգամանքն ուղղակի հարաբերակցության մեջ է գտնվում իր իրավական հիմքի հետ, և ցանկացած վեճով գործի քննության ապացուցման ենթակա փաստերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նյութաիրավական հարաբերությունները կանոնակարգող իրավական նորմերի հիման վրա. եթե նյութաիրավական նորմերը կանոնակարգող իրավահարաբերությունները փոփոխվում են, ապա դրա հիման վրա հաստատված փաստական հանգամանքները ևս կորցնում են իրենց իրավաբանական ուժը: Դիմողի իրավական փաստարկներն անհրաժեշտ է դիտարկել Սահմանադրության 73-րդ հոդվածի լույսի ներքո, որի 2-րդ մասի համաձայն անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով: Այսինքն Սահմանադիրը սահմանել է ընդհանուր կանոն առ այն, որ օրենսդրի հայեցողության շրջանակներում է գտնվում անձի իրավական վիճակը բարելավող օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ գործողության հնարավորության սահմանումը: Մասնավորապես եթե օրենսդիրը չի նախատեսել անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտի հետադարձությամբ գործելու հնարավորություն, ապա համապատասխան իրավահարաբերությունները կարգավորվում են դրանց ծագման ժամանակ գործող իրավանորմերով: Այս կանոնի գործողության շրջանակներում եթե որևէ հանգամանք հաստատված է օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտով, ապա դրա նախադատելիության առկայության հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ, եթե հանգամանքի հաստատման համար իրավական հիմք հանդիսացած իրավական ակտում հետագայում կատարված փոփոխությունները հետադարձության կանոնով կիրառելի չեն դիտվել նախկինում առաջացած իրավահարաբերությունների նկատմամբ: Այլ կերպ ասած քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված հանգամանքը նախադատելի է նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս, եթե օրենսդիրը, հանգամանքի հաստատման իրավական հիմքը փոփոխությունների ենթարկելով, նպատակահարմար չի համարել հետադարձության հատկանիշով օժտել կատարված փոփոխությունները: Մինչդեռ, հակառակ իրավիճակում, երբ իրավական նորմում համապատասխան փոփոխություններ սահմանող իրավական ակտը կնախատեսեր հետադարձության կանոնի գործողության հնարավորություն, դիմողի կողմից բարձրացված սահմանադրաիրավական վեճն առկա կլիներ: Այսինքն նախադատելիության կանոնը չէր գործի, և իրավակիրառողը, առաջնորդվելով նոր իրավակարգավորումներով, իրավասու կլիներ անձի նկատմամբ կիրառել դրանք անդրադարձ չկատարելով նախադատելիության ինստիտուտին: Վերոշարադրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են և չեն հիմնավորում սահմանադրաիրավական վեճի առկայությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Վիճարկվող դրույթի մասով սույն անհատական դիմումի մեջ չեն պահպանվել վերոնշյալ պահանջները: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը
ՈՐՈՇԵՑ.
Վարդան Մկրտչյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող
Դատավորներ
25 օգոստոսի 2020 թվականի
ՍԴԴԿՈ-46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 օգոստոսի, 2020 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
