ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-60)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 սեպտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 60 | ՌԻՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 23 սեպտեմբերի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ա. Թունյանի
Անդամակցությամբ Է. Շաթիրյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով Ռիմա Խաչատրյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Ռիմա Խաչատրյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի օգոստոսի 26-ին) խնդրելով. «… Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասը, նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և նույն հոդվածի 3-րդ մասն այն մեկնաբանությամբ, որը թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին նշյալ իրավադրույթներով սահմանված վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի առերևույթ առկայության հարցը լուծելիս, առանց վճռաբեկ բողոքի հիմքերի առերևույթ առկայության չափանիշի ներառյալ վճռաբեկ բողոքի օրենքի միատեսակ կիրառության համար էական նշանակություն ունենալու հնարավորության նորմատիվ իմաստի բացահայտման և դիմումի փաստական և իրավական հանգամանքների նկատմամբ դրա կիրառման (կամայականորեն), մերժել վճռաբեկ բողոքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Դիմողը պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթներն այն մեկնաբանությամբ, որոնք թույլ են տալիս Վճռաբեկ դատարանին նշյալ իրավադրույթներով սահմանված վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքերի առերևույթ առկայության հարցը լուծելիս առանց վճռաբեկ բողոքի հիմքերի առերևույթ առկայության չափանիշի բացահայտման և դիմումի փաստական և իրավական հանգամանքների նկատմամբ դրա կիրառման (կամայականորեն), մերժել վճռաբեկ բողոքը, հակասում են Սահմանադրությանը: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթները պարունակում են վերացական իրավական եզրույթներ, որոնց նորմատիվ բովանդակության բացահայտումից է կախված վճռաբեկ բողոքի ընդունելիության հարցի որոշումը, հետևաբար նաև բողոքաբերի` դատարանի մատչելիության իրավունքի իրացման երաշխիքների պահպանումը: Դիմողը նշում է, որ «կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար» և «առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում» եզրույթների բովանդակության բացահայտումը տվյալ դեպքում դրված է Վճռաբեկ դատարանի վրա, առանց որի վճռաբեկ վերանայման ինստիտուտը չի կարող արդյունավետորեն գործել, իսկ բողոքաբերի դատարանի մատչելիության իրավունքն անխուսափելիորեն կխախտվի, քանի որ, եթե բացակայում են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հստակ հիմքերը, Վճռաբեկ դատարանը չհավասարակշռված հայեցողություն է ստանում որոշելու վճռաբեկ բողոքներից որը վարույթ ընդունել, և որը ոչ: Ըստ դիմողի վճռաբեկ բողոքի ընդունելիության հիմքի առերևույթ առկայության իրավական բովանդակությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով բացահայտված չէ, հետևաբար, այն պետք է բացահայտվեր հենց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներով, մինչդեռ, ըստ դիմողի Վճռաբեկ դատարանը չի ձևավորել վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու չափանիշների վերաբերյալ հստակ իրավական պրակտիկա, իսկ օրենսդիրը չի փոփոխել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները այդ հստակեցումն օրենսդրական եղանակով իրականացնելու համար: Արդյունքում, ըստ դիմողի ներկայումս Վճռաբեկ դատարանը կամայականորեն և անհայտ չափանիշներով մերժում է վճռաբեկ բողոքների մեծամասնության վարույթ ընդունելը: Վերոգրյալով պայմանավորված դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոնշյալ իրավադրույթներին տալով Սահմանադրությանը հակասող մեկնաբանություն, փաստացի չի իրացրել օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու իր սահմանադրաիրավական գործառույթը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատական ակտը պետք է լինի հիմնավորված և պատճառաբանված, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8 և 9-րդ հոդվածներում բացահայտվում են դատական ակտի հիմնավորվածության և պատճառաբանվածության բովանդակությունը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմի ուսումնասիրությունից բխում է, որ վերջինս նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջից որևէ բացառություն չի նախատեսում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դատական ակտը պատճառաբանված է, եթե դրանում արտացոլված են ապացույցների գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, ինչը լիովին տեղավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների» բառակապակցության բովանդակային ծավալում: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի նշված օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումների առկայությունը հերքում է Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի կոնկրետ դեպքում օրենքների կամ այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքը կամ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության կամ դրանց բացակայության հարցը պատշաճ իրավական գնահատականի առարկա դարձնելու օրենսդրական հստակ պահանջի բացակայության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացված պնդումները: Անդրադառնալով դիմողի կողմից ներկայացված այն պնդումներին, որոնց համաձայն Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման պատճառաբանական մասից կարելի է անել հետևություն, որ Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող իրավադրույթները մեկնաբանել է այնպես, որ առանց որևէ իրավական վերլուծության և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական վերացական չափանիշների որոշակիացման կամայականորեն գտել է, որ բողոքաբերի ներկայացրած փաստարկները բավարար չեն բողոքը վարույթ ընդունելու նշյալ հիմքերի առկայությունն արձանագրելու համար, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմողը, ըստ էության, առաջ է քաշում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի վիճարկվող դրույթների կիրառման իրավաչափության, Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության հարցեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Ռիմա Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Ա. Թունյան
Անդամներ Է. Շաթիրյան
Ա. Խաչատրյան
23 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-60
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-60
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
