Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 153-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 151-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի (ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ) ԹԻՎ Բ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 153-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 151-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի (ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ) ԹԻՎ Բ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1424 փետրվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-14)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 փետրվարի 2023թ. ՍԴԱՈ - 14 | «ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 153-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 151-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի (ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ) ԹԻՎ ԲԴԽ-68-Ն-15 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ 93-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐ

Ամբողջ Տեքստ

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 153-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ 151-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի (ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-ԻՆ) ԹԻՎ ԲԴԽ-68-Ն-15 ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԻ 93-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ` ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի (ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 27-ին) թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված աշխատակարգի 93-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Ռուբեն Վարդազարյանի (այսուհետ նաև` դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 12-ին։ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված կարգի 93-րդ կետը, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»։

2. Գործի նախապատմությունը

2.1. Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն կազմող հանձնախումբը հետևյալ կազմով Գրիգոր Բեքմեզյան, Դավիթ Խաչատուրյան, Լիպարիտ Մելիքջանյան (այսուհետ նաև Հանձնախումբ) 2022 թվականի մայիսի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացրել միջնորդություն Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի 2022 թվականի մայիսի 10-ին «ArmDaily» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: 2.2. Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ Հանձնախմբի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարվել է. որոշվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ (նախագահ), Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցնել էական կարգապահական խախտման հիմքով: Նշված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը, անդրադառնալով Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցչի կողմից ներկայացված կարգապահական վարույթի քննությունը հետաձգելու միջնորդության մերժմանը, արձանագրել է հետևյալը. «Բարձրագույն դատական խորհուրդը, փաստելով, որ բացակայել են նիստի հետաձգման (...) պայմանները, այնուամենայնիվ, կարևոր է համարում անդրադառնալ երրորդ պայմանի մեկնաբանմանը սույն գործի համատեքստում, այն է արդյո՞ք դատավորի ներկայացուցչի այլ գործով դատական նիստի մասնակցությունը կարող է դիտվել որպես նիստը հետաձգելու բացառիկ հանգամանք։ (...) Տվյալ դեպքում կարևորվում է այն հանգամանքը, որ կարգապահական վարույթի շրջանակներում որպես կողմ հանդես է եկել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ-նախագահը, ով ի տարբերություն մասնագիտական ունակություններով չօժտված անձանց, հանդիսանում է պրոֆեսիոնալ իրավաբան, Խորհրդի նախագահ և պարտավոր է բացարձակ տիրապետել Խորհրդում կարգապահական վարույթների քննության իրավակարգավորումներին: Վերջինիս կողմից Խորհրդին պատասխան չներկայացնելը, նիստին չներկայանալը, նիստի հետաձգման վերաբերյալ միջնորդությունը չներկայացնելը, առանց իր փաստաբանի նիստին մասնակցելու վերաբերյալ անհամաձայնությունը չհայտնելը Բարձրագույն դատական խորհրդին տվել են բավարար հիմքեր ենթադրելու, որ Ռ. Վարդազարյանն ուղղակի հրաժարվել է մասնակցել իր գործով քննվող կարգապահական վարույթին և բացակայում են այդ մասով բացառիկ հիմքերով նիստի հետաձգման պատճառները: Ինչ վերաբերում է Ա. Օրբելյանի միջնորդությանը, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերոգրյալից ելնելով, այն է Ռ. Վարդազարյանի կողմից վերջինիս միջնորդությանը չմիանալով, առանց իր փաստաբանի ներկայության գործին ներկայանալու մասին կամահայտնության բացակայության պայմաններում, Ա. Օրբելյանի միջնորդությունը չի կարող դիտվել գործի հետաձգման բացառիկ հանգամանք, քանի որ Ռ. Վարդազարյանը, լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, առանց փաստաբանի էլ կարող էր մասնակցել քննվող նիստին, կարող էր ներգրավել այլ փաստաբան, քանզի 10.06.2022թ. Ա. Օրբելյանին լիազորագիր տալիս արդեն իսկ պարտավոր է եղել տեղյակ լինել իր գործով Խորհրդում 16.06.2022թ. նշանակված նիստի օրը վերջինիս մեկ այլ դատական նիստով զբաղվածության մասին: (...) Խորհուրդը գտնում է, որ Խորհրդի նիստի անցկացման տեղի և ժամի մասին պատշաճ ծանուցված Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդին նիստը հետաձգելու մասին միջնորդություն չներկայացնելը, ինչպես նաև որևէ կերպ իր ներկայացուցչի ներկայացրած միջնորդությանը չմիանալն իրենցից ներկայացնում են Ռ. Վարդազարյանի կողմից Խորհրդի նիստին անձամբ մասնակցելու, այն է լսվելու իրավունքից, հրաժարում (waiver of a right) գործողության միջոցով։ (...) Հաստատելով, որ Ռ. Վարդազարյանը վարույթի հենց սկզբից խուսափել է ստանալ 16.06.2022թ. նիստի վերաբերյալ ծանուցագիրը, չի ներկայացել Խորհրդի նիստին, Օրենքով նախատեսված ժամկետում մինչև նիստը չի ներկայացրել պատասխան, խուսափել է ներկայացնել իր մոտ առկա ապացույցները Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Ռ. Վարդազարյանը և վերջինիս ներկայացուցիչը բարեխղճորեն չեն օգտվել դատավարական իրենց իրավունքներից և վերջիններիս գործողություններն ուղղված են եղել հնարավոր բոլոր եղանակներով կարգապահական վարույթի քննությունը հետաձգելուն»:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր նկատմամբ կիրառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ Դատական օրենսգիրք) 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված աշխատակարգի (այսուհետ Աշխատակարգ) 93-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ Վարչական դատավարության օրենսգիրք) 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ակնհայտ միջամտություն են գործում իր Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքին: Դիմողը, մասնավորապես, նշում է, որ իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքը երաշխավորվում է, առաջին հերթին, նրանով, որ անձը պետք է հնարավորություն ունենա իր ցանկությամբ և կամահայտնությամբ կնքելու համապատասխան պայմանագիր և իր գործի վարումը վստահելու իր փաստաբանին: Ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհուրդը որպես իր դատավոր-անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառվող նորմերի դրույթների վերաբերյալ իրավակիրառ պրակտիկա ձևավորող միակ դատարան, վիճարկվող դրույթներին հաղորդել է հակասահմանադրական բովանդակություն և կիրառել դրանք դիմողի նկատմամբ խախտելով Սահմանադրությամբ երաշխավորված յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոշումներից հստակ երևում է վիճարկվող նորմերին հաղորդված հակասահմանադրական բովանդակությունն առ այն, որ եթե կարգապահական պատասխանատվության ենթարկվողը պրոֆեսիոնալ իրավաբան է, ապա. ա) նա պետք է միշտ միանա իր կողմից լիազորված փաստաբանի միջնորդությանը, բ) եթե նույնիսկ հիմնավոր պատճառով փաստաբանը չի կարող մասնակցել նիստին և խնդրում է այդ պատճառով հետաձգել այն, միևնույն է, որպես պրոֆեսիոնալ իրավաբան անձը պարտավոր է մասնակցել անցկացվող նիստին կամ, անտեսելով իր իսկ կողմից ընտրված փաստաբանի միջնորդությունը, անձամբ ներկայացնել նիստը հետաձգելու պահանջ: Մինչդեռ, ըստ դիմողի, Վարչական դատավարության օրենսգրքի և Դատական օրենսգրքի համապատասխան կարգավորումները, ի ապահովումն Սահմանադրությամբ երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի, սահմանում են, որ անձն իրավունք ունի անձամբ կամ ներկայացուցչի միջոցով կատարելու դատավարական գործողություններ, բայց ոչ պարտականություն։ Ըստ դիմողի Բարձրագույն դատական խորհուրդը, վերլուծելով վիճարկվող դրույթները, եզրակացրել է, որ եթե կարգապահական վարույթն իրականացվում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի նկատմամբ, որը «պրոֆեսիոնալ իրավաբան» է, ապա փաստաբանի միջոցով իրավաբանական օգնություն ստանալն այլևս իրավունք չէ, այլ զուտ օժանդակ միջոց, քանի որ ենթադրվում է, որ պրոֆեսիոնալ իրավաբանն ինքնուրույն կարող է կատարել դատավարական գործողություններ: Դիմողը նշում է, որ ըստ Բարձրագույն դատական խորհրդի վիճարկվող դրույթները ենթադրում են, որ նույնիսկ եթե փաստաբանը, ունենալով արդարացված հիմքեր, չի կարող մասնակցել դատական նիստին և դրա պատճառով միջնորդում է այն հետաձգել, միևնույն է, փաստաբանի վստահորդ «պրոֆեսիոնալ իրավաբանը» պարտավոր է անձամբ կատարել այդ դատավարական գործողությունները կամ միանալ միջնորդությանը: Դիմողի եզրահանգմամբ այն, որ անձը, լիազորագիր տալով փաստաբանին, պետք է հավելյալ «միանա» վերջինիս միջնորդությանը, ակնհայտ հակասահմանադրական է և չի բխում ո՛չ օրենսդրի, ո՛չ սահմանադրի կամքից:

4. Պատասխանողների դիրքորոշումները

Պատասխանող Ազգային ժողովի պնդմամբ վիճարկվող դրույթներն իրենց բնույթով լիազորող, թույլատրող նորմեր են բացառելով որևէ տեսակի պարտավորություն: Ազգային ժողովը նշում է, որ իրավական պետությունն անհնար է պատկերացնել առանց փաստաբանության ինստիտուտի առկայության: Իրավական պետությունը, առաջին հերթին, իրականացնում է մարդու և հասարակության համար սոցիալական ծառայություն ամրագրելով վերջիններիս իրավաչափ կամքի արտահայտման արդյունավետ երաշխիքներ: Ազգային ժողովի դիտարկմամբ անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը վերջինիս (դատավարության մասնակից հանդիսացող կողմի) իրավաչափ կամքն է դատավարական գործողություններ կատարել իր կողմից լիազորված անձի (փաստաբանի) միջոցով: Ազգային ժողովի կարծիքով վիճարկվող դրույթներում ամրագրված իրավունքն անձին հնարավորություն է տալիս ընտրելու իր իրավունքների և օրինական շահերի դատական ներկայացուցչությունն իրականացնելու իր համար առավել նպատակահարմար եղանակը: Ըստ Ազգային ժողովի անձը կարող է լիազորել կամ իրավունք ունի լիազորելու փաստաբանին իրականացնել իր դատական ներկայացուցչությունը և կատարել դրա հետ կապված բոլոր անհրաժեշտ գործողությունները: Այսինքն եթե անձն ընտրում է իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության իրականացումը ներկայացուցչի միջոցով, ապա ներկայացուցիչը ստանձնում է դատավարության մասնակցի բոլոր իրավունքները անկախ դրանց վերաբերյալ լիազորագրում հատուկ նշում կատարելու հանգամանքի: Ազգային ժողովը գտնում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթների սահմանադրականությունը, ըստ էության բարձրացրել է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Վերոգրյալի հաշվառմամբ Ազգային ժողովը խնդրել է սույն գործի վարույթը կարճել կամ ընդունել վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշում: Պատասխանող Բարձրագույն դատական խորհուրդը նշում է, որ լինելով դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող անկախ պետական մարմին Բարձրագույն դատական խորհուրդը Դատական օրենսգրքով նախատեսված կոնկրետ հարցերի քննության դեպքում հանդես է գալիս որպես դատարան, ինչը նշանակում է, որ, ի թիվս այլ հարցերի, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով Սահմանադրությամբ և այլ օրենքներով վարույթի կողմերի համար նախատեսված են դատարաններին բնորոշ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսիք են, մասնավորապես, բայց ոչ միայն, ողջամիտ ժամկետում գործի քննությունը, օրենքի և դատարանի առջև բոլորի հավասարությունը, դատական վարույթի հրապարակայնությունը, դատական ակտերի պարտադիրությունը, որոնք իրենց ամբողջության մեջ ուղղված են Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների իրացման ապահովմանը: Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատական օրենսգրքի Բարձրագույն դատական խորհրդի գործունեության կարգին վերաբերող դրույթների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից որպես դատարան գործերի քննություն իրականացնելու դեպքում նախատեսված է վերջինիս գործունեության առանձնահատուկ կարգ: Ըստ Բարձրագույն դատական խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում կոնկրետ դատավարական գործընթացի Դատական օրենսգրքով կարգավորված չլինելու դեպքում Վարչական դատավարության օրենսգրքի նորմերով ղեկավարվելը, ի թիվս այլնի, կոչված է ապահովելու, որ բոլոր այն դատավարական երաշխիքները, որոնք նախատեսված են Վարչական դատավարության օրենսգրքով և, հետևաբար առկա են վարչական դատավարության կարգով գործեր քննելիս, ինչպիսիք են, օրինակ, փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը, վարչական դատավարությունում կողմերի իրավունքներն ու պարտականությունները, գործեն նաև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննելու դեպքերում, իսկ նման երաշխիքների առկայության անհրաժեշտությունը պայմանավորված է այդ հարցերով Բարձրագույն դատական խորհրդի կողմից որպես դատարան քննության իրականացմամբ։ Բարձրագույն դատական խորհրդի դիտարկմամբ. «Թեև անհատական դիմումի խնդրամասում և նաև դիմումի բովանդակությամբ դիմողը խնդրում է Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասը, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 27-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված կարգի 93-րդ կետը, (...) սակայն, դիմողի կողմից, ըստ էության, վիճարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին տրված մեկնաբանության սահմանադրականությունը, դիմումով ներկայացված ողջ հիմնավորումները վերաբերում են միայն վերոնշյալ դրույթներին տրված մեկնաբանության սահմանադրականության խնդրին, իսկ Աշխատակարգի 93-րդ կետի, այն է Խորհրդի կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում [Դատական օրենսգրքով], իսկ կոնկրետ դատավարական գործընթացի կարգավորման բացակայության դեպքում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի նորմերով ղեկավարվելու կարգավորման սահմանադրականությունը, ըստ էության, դիմողի կողմից չի վիճարկվում»: Ամփոփելով ներկայացված դիրքորոշումները Բարձրագույն դատական խորհուրդը խնդրել է սույն գործի վարույթը Աշխատակարգի 93-րդ կետի մասով, կարճել։

5. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, պատասխանողների գրավոր բացատրությունները, Բարձրագույն դատական խորհրդից պահանջված և ստացված` դիմողի լիազորությունները դադարեցնելու վարույթին առնչվող նյութերը, այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան նիստի արձանագրության համակարգչային ձայնագրման արձանագրության կրիչը, ինչպես նաև սույն գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը Աշխատակարգի 93-րդ կետի մասով, ակնհայտ անհիմն է, իսկ Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կապակցությամբ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ուստի` սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. 5.1. Աշխատակարգի 93-րդ կետի մասով

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ նաև Օրենք) սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն պահանջները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հարկ է ընդգծել, որ այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: Միևնույն ժամանակ Սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 19-ի ՍԴՈ-921 որոշման շրջանակում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ կոնկրետ վերահսկողության շրջանակներում նորմի սահմանադրականության գնահատումն իմաստ ու նշանակություն է ստանում տվյալ կոնկրետ գործով սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության առումով։ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի ՍԴԱՈ-14 որոշման մեջ հայտնել է դիրքորոշում առ այն, որ «(...) Սահմանադրական դատարանը շեշտում է, որ դիմումը հիմնավորված համարելու համար անհրաժեշտ է, որ այն միաժամանակ համապատասխանի, ի թիվս այլնի, հետևյալ պահանջներին.

- հստակ պարունակի իրավակիրառ պրակտիկայի կողմից նորմին տրված մեկնաբանությունը, այսինքն իրավակիրառի դատողության, վերլուծության, եզրահանգման այն հատվածը, որը, Դիմողի կարծիքով, հանդիսանում է վիճարկվող նորմի մեկնաբանություն,

- հիմնավոր փաստարկներ նախատեսի, որոնցով կմատնանշվի պատճառահետևանքային կապը` խախտված հիմնարար իրավունքի կամ ազատության և իրավակիրառ մեկնաբանության միջև, այսինքն պարունակի հիմնավորումներ, թե իրավակիրառի մեկնաբանությունն ինչպես է ազդել հիմնարար իրավունքի կամ ազատության վրա և ինչպես է հանգեցրել դրա ոչ իրավաչափ սահմանափակման, խաթարման կամ այլ կերպ խախտման»: Վերոգրյալ իրավակարգավորումների և դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով սույն գործով ներկայացված դիմումին Սահմանադրական դատարանը փաստում է, որ Աշխատակարգի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի գործունեության կազմակերպման և լիազորությունների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով: Աշխատակարգի «Խորհրդի անդամին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման կարգը» վերտառությամբ 8-րդ գլխի 93-րդ կետը սահմանում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Բարձրագույն դատական խորհուրդը, որպես դատարան գործելիս, ղեկավարվում է Դատական օրենսգրքով, իսկ այն դեպքում, երբ կոնկրետ դատավարական գործընթացը կարգավորված չէ Դատական օրենսգրքով Վարչական դատավարության օրենսգրքի նորմերով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը բարձրացնում է նաև Աշխատակարգի 93-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, սահմանադրականության հարց, մինչդեռ դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից այդ դրույթի կապակցությամբ հիմնավորումներ չեն ներկայացվել: Մասնավորապես դիմողը, վկայակոչելով Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 151-րդ հոդվածի 3-րդ մասը, Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև Աշխատակարգի 93-րդ կետը, ներկայացնում է, իր պնդմամբ, Բարձրագույն դատական խորհրդի կողմից այդ դրույթներին տրված մեկնաբանություն, որը, սակայն, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, անմիջականորեն կապված չէ Աշխատակարգի 93-րդ կետով սահմանված կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության փուլում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կիրառվող նորմատիվ իրավական ակտերի շրջանակին վերաբերող իրավակարգավորման հետ։ Այլ կերպ ասած դիմումով չի հիմնավորվել, թե ո՞րն է Աշխատակարգի 93-րդ կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, իրավակիրառի մեկնաբանությունն ինչպե՞ս է ազդել դիմողի` իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքի վրա, և Աշխատակարգի 93-րդ կետով սահմանված իրավակարգավորումը (հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) ինչպե՞ս է հանգեցրել դիմողի իրավաբանական օգնություն ստանալու հիմնական իրավունքի խախտման: Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել բավարար փաստարկներ և իրավանորմերի համադրված վերլուծությամբ չի փաստել, որ Աշխատակարգի Սահմանադրությանը ենթադրյալ հակասության հետևանքով խախտվում են Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքները և ազատությունները, ուստի` դիմումը Աշխատակարգի 93-րդ կետի մասով, ակնհայտ անհիմն է, ինչը սույն գործի վարույթն այս մասով կարճելու հիմք է։ 5.2. Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի մասով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող են դառնալ այն վեճերը, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը) սահմանադրականության գնահատման հարցեր։ Անդրադառնալով դիմողի կողմից Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասին, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վերաբերյալ ներկայացված այն հիմնավորմանը, որ Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես գալով դատավոր-անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս կիրառվող նորմերի դրույթների վերաբերյալ իրավակիրառ պրակտիկա ձևավորող միակ դատարան, վիճարկվող վերը նշված դրույթներին հաղորդել է հակասահմանադրական բովանդակություն խախտելով Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավաբանական օգնություն ստանալու դիմողի հիմնական իրավունքը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ առաջացած բացասական հետևանքները դիմողը ներկայացրել է որպես վիճարկվող դրույթների (հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը) հակասահմանադրականության հետևանք: Քննարկվող համատեքստում ուսումնասիրելով դիմումը Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումում ներկայացվող դիրքորոշումները վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշման, մասնավորապես, այդ որոշման մեջ տեղ գտած գործի քննությունը հետաձգելու միջնորդության վերաբերյալ պատճառաբանությունների օրինականության և Բարձրագույն դատական խորհրդի կողմից դիմողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակում Բարձրագույն դատական խորհրդի գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Գործի նյութերի ուսումնասիրությունից բխում է, որ դիմողի կողմից որպես փաստարկ ներկայացված հիմնավորումները վերաբերում են քննության առարկա դարձած կոնկրետ գործի փաստական հանգամանքներին, մասնավորապես Բարձրագույն դատական խորհրդի նիստին Ռուբեն Վարդազարյանի մասնակցության հարցին, գործի քննությունը հետաձգելու միջնորդությունը մերժելուն և Ռուբեն Վարդազարյանի ու նրա ներկայացուցչի բացակայության պայմաններում խորհրդի նիստը շարունակելուն, ինչպես նաև այդ հարցերին Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներկայացված դատողություններին և գնահատականներին, որոնք Սահմանադրական դատարանում քննության և գնահատման առարկա չեն կարող դառնալ: Այլ կերպ` դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներով առավելապես բարձրացվում են Բարձրագույն դատական խորհրդի 2022 թվականի հունիսի 23-ի թիվ ԲԴԽ-58-Ո-Կ-11 որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթների կիրառման իրավաչափության հարցեր ըստ էության հանգեցնելով տվյալ գործով կայացված համապատասխան որոշման օրինականության խնդրին, որի քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատում, այլ համապատասխան գործողության և որոշման իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից, հետևաբար` սույն գործի վարույթն այս դրույթների մասերով ենթակա է կարճման դիմումով Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց առաջադրված չլինելու հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և դրա հետ փոխկապակցված 151-րդ հոդվածի 3-րդ մասի, Բարձրագույն դատական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 22-ի (ուժի մեջ է մտել 2020 թվականի նոյեմբերի 27-ին) թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված աշխատակարգի 93-րդ կետի, ինչպես նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

24 փետրվարի 2023 թվականի

ՍԴԱՈ-14

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 փետրվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-14
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել