Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՄԱԼՅԱ ԵՓՐԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՄԱԼՅԱ ԵՓՐԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-15711 նոյեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-157)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 11 նոյեմբերի 2025թ. ՍԴԱՈ - 157 | «ԱՄԱԼՅԱ ԵՓՐԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՄԱԼՅԱ ԵՓՐԵՄՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ամալյա Եփրեմյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Ամալյա Եփրեմյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Իրմա Ճաղարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հոկտեմբերի 21-ին (դիմումը 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Սահմանադրական դատարան է ներկայացվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով), որով Դիմողը խնդրել է.

«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով խնդրում եմ` առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 168-րդ հոդվածով և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 25, 27, 28, 69 հոդվածներով, որոշել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին համապատասխանության հարցը՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

2. Ներկայացնելով թիվ ՎԴ/6041/05/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է. «(…) վարչարարության և կայացված վարչական ակտի հետևանք է հանդիսացել այն, որ 2024 թվականի ապրիլի 29-ին կազմվել է կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 43 հրամանը, համաձայն որի Ամալյա Հոմբերդի Եփրեմյանի նկատմամբ 29.04.2024թ-ից կիրառել աշխատանքային պայմանագրի լուծում կարգապահական տույժը։ Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել հենց Տեսչական մարմնի կողմից տրված կարգադրագիրը, դրա շրջանակներում իրականացված հոգեբանական փորձաքննության եզրակացությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից տրված և սույն գործով վիճարկվող գրությունը /հիմք` Գործատուի կողմից տրված թիվ 42 հրաման/։

Այսինքն, փաստացի, վարչական վարույթը նախաձեռնվել է տիկին Եփրեմյանի կողմից իրականացված որոշակի ենթադրյալ գործողությունների շրջականերում, որի արդյունքում էլ կայացվել են վարչական ակտեր, որոնք համապատասխան բացասական իրավական հետևանքներ են առաջացրել տիկին Եփրեմյանի համար։ Իրականացված վարչարարությունը և դրա արդյունքում կայացված վարչական ակտերն ուղղակի ազդեցություն են ունեցել վերջինիս աշխատանքային և սոցիալական իրավունքների վրա՝ հանգեցրել դրանց խախտման:

Միաժամանակ նկատենք, որ Ամալյա Եփրեմյանի կողմից համապատասխան հայցադիմում է ներկայացվել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որով վերջինս խնդրել է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ Գործատուի թիվ 43 հրամանը։ Հայցադիմումն ընդունվել է վարույթ և դրա շրջանակներում նշանակվել է դատական նիստ /քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/3979/02/24/։ Միաժամանակ փաստենք, որ աշխատանքային վեճի հիմքում ևս դրված է ՀՀ Կրթության տեսչական մարմնի կարգադրագիրը և Երևանի քաղաքապետարանի կողմից տրված գրությունը, որը, սակայն, չի կարող վիճարկման առարկա հանդիսանալ աշխատանքային վեճի շրջանակներում` վարչաիրավական հարաբերություն ենթադրելու և այլ դատարանի իրավասությանը վերապահված լինելու հարց լինելու հիմնավորմամբ։ Ստացվում է, որ աշխատանքային վեճի շրջանակներում հիմք է դիտարկվելու մի վարչական ակտ, որի վիճարկման հնարավորությունը տիկին Եփրեմյանը չունի, սակայն որն ուղղակիորեն առնչվում է վերջինիս աշխատանքային իրավունքներին։ Իսկ վիճարկված չլինելու և դրա իրավաչափության ստուգման անհնարինության պայմաններում հետևելու է, որ Դատարանի կողմից նշյալ կարգադրագիրը դիտարկվելու է որպես հաստատված փաստ, ուստի դրա բացասական հետևանքները ևս դրվելու են տիկին Եփրեմյանի վրա։

Ավելին, կայացված կարգադրագրի հիման վրա Ամալյա Եփրեմյանի գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով հարուցվել է նաև թիվ 11130624 քրեական վարույթը, որը նույնպես վկայում է այն մասին, որ Կարգադրագիրն ուղղակիորեն միջամտող ազդեցություն է ունեցել տիկին Եփրեմյանի իրավունքների նկատմամբ։

Մինչդեռ ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը` անտեսելով ամբողջ վերոգրյալ վերլուծություններն ու փոխկապակցվածության վերաբերյալ հիմնավորումները, տիկին Եփրեմյանի` շահագրգիռ անձ հանդիսանալու փաստը, սահմանափակվել է այն հետևությամբ, որ քանի որ վարչական ակտն ուղղված է «Վ. Բելինսկու անվան թիվ 38 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին, ուստի նշյալ վարչական ակտի վիճարկման տեսանկյունից շահագրգիռ անձ կարող է հանդիսանալ և վարչական ակտը կարող է վիճարկել բացառապես տնօրենը»:

3. Ելնելով դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց՝ վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը:

Սույն գործի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ՎԴ/6041/05/24 վարչական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2025 թվականի մարտի 6-ին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ՎԴ/6041/05/24 վարչական գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2025 թվականի մարտի 6-ին՝ հարկ է արձանագրել, որ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքն սկսվել է 2025 թվականի մարտի 7-ից:

Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումից, որի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին, Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

սույն գործով Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2025 թվականի սեպտեմբերի 8-ին (սեպտեմբերի 7-ը եղել է ոչ աշխատանքային օր՝ կիրակի): Մինչդեռ, Դիմողի անհատական դիմումը Սահմանադրական դատարան է ուղարկվել Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով 2025 թվականի հոկտեմբերի 20-ին: Հետևաբար` Դիմողը բաց է թողել, և սույն գործով լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչն էլ սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի պահպանվել Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:

Ուստի` Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Ամալյա Եփրեմյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

11 նոյեմբերի 2025 թվականի

ՍԴԱՈ-157

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 նոյեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-157
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել