Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԶՈՅԱ ՍԱԿՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԶՈՅԱ ՍԱԿՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-205 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-20)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 5 մարտի 2026թ. ՍԴԴԿՈ - 20 | ԶՈՅԱ ՍԱԿՈՎԱՅԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 5 մարտի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Ա. Զեյնալյանի

Անդամակցությամբ՝ Ա. Վաղարշյանի

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Զոյա Սակովայի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Զոյա Սակովայի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 27-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«Քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը այն մեկնաբանությամբ, որ զրկում են տուժողին կամ նրա օրինական ներկայացուցչին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատական ակտերի բողոքարկումից ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 78-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Ներկայացնելով թիվ ԿԴ2/0014/06/25 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում ստացվում է մի իրավիճակ, երբ առաջանում է դատարան դիմելու, ինչպես նաև իրավունքների, այդ թվում՝ դատական պաշտպանության իրավունքի իրացման անհնարինություն՝ ի հակադրումն Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով սահմանված իրավունքների, քանի որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում տուժողը և նրա օրինական ներկայացուցիչն ընդամենը հանդիսանում են վարույթի մասնավոր մասնակիցներ՝ առանց մրցակցության սկզբունքի ամբողջական ապահովման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթի մասնավոր մասնակցի համար սահմանվել է դատական վերանայման հնարավորություն, սակայն իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության պայմաններում այդ շրջանակը խիստ սահմանափակվել է` ըստ էության հանգելով բացառապես եզրափակիչ դատական ակտերի բողոքարկմանը:

Դիմողը գտնում է, որ խափանման միջոցին առնչվող դատական ակտերի բողոքարկումից տուժողին և նրա օրինական ներկայացուցչին մեկուսացնելը, ըստ էության, մրցակցության սկզբունքի խախտում է, քանի որ, թեև վարույթի մասնակիցները հանրային և մասնավոր են, սակայն շահերի և իրավունքների տեսանկյունից հանրային մասնակիցները հետապնդում են բացառապես պետական շահը, մասնավոր մասնակիցներից մեղադրյալն ու իր ներկայացուցիչները՝ մեղադրյալի շահերը, իսկ տուժողն ու իր ներկայացուցիչը՝ տուժողի շահերը, մինչդեռ խնդրո առարկա գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ տուժողը զրկվում է քրեական վարույթի հետագա ողջ ընթացքի համար էական նշանակություն ունեցող դատական ակտի թե՛ դատալսումներին, թե՛ բողոքարկմանն առնչվելու հնարավորությունից՝ դրանք պայմանավորելով վարույթի հանրային մասնակիցների հայեցողությամբ:

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերին:

Ըստ Դիմողի՝ թիվ ԿԴ2/0014/06/25 գործի շրջանակներում վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանությամբ անձը թե՛ մասնավոր քրեական հետապնդման, թե՛ հանրային քրեական հետապնդմամբ դեպքերի ժամանակ զրկվում է այնպիսի արդյունավետ ընթացակարգերից, որոնք թույլ կտային ապահովելու մրցակցության սկզբունքի ամբողջական իրացումը հատկապես այն պայմաններում, երբ վարույթում երեք տարբեր շահեր հետապնդող կողմերից երկուսը սույն անհատական դիմումով բարձրացվող վեճի առնչությամբ լիիրավ են իրենց գործողություններում, իսկ երրորդ կողմը՝ տուժողը, զրկված է բողոքարկման իրավունքից։

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին, քանի որ, որպես պետական միջամտություն, դրանցով սահմանված իրավակարգավորումները համաչափ և պիտանի չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար, ինչպես նաև բացառում են տուժողի օրինական շահերի առնչությամբ մրցակցային սկզբունքով պաշտպանության արդյունավետ կառուցակարգերն ու ընթացակարգերը:

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները, այդ թվում` իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, ոչ միայն խախտում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները, այլև հակասում են Սահմանադրության 78-րդ հոդվածով երաշխավորված՝ համաչափության սկզբունքին, ինչպես նաև բացակայում են արդյունավետ կառուցակարգեր ու ընթացակարգեր՝ սույն անհատական դիմումով վկայակոչված իրավունքների և ազատությունների իրացման համար։

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը, գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

3.1. Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Քննարկվող համատեքստում հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանն իր՝ 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ բացահայտել է «կիրառում» հասկացությունը՝ մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի՝ «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»»։

Բացի դրանից, Սահմանադրական դատարանը 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ արձանագրել է, որ հնարավոր են նաև այնպիսի իրավիճակներ, երբ դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է դառնում դիմողի նկատմամբ իրավական հետևանքների առաջացումը դատական ակտում անմիջականորեն չվկայակոչված նորմերով: Հետևաբար՝ «նորմատիվ իրավական ակտի դրույթի կիրառում» է համարվում նաև այն դեպքը, երբ դատական ակտերում բացակայում է նորմատիվ իրավական ակտի որևէ դրույթի վկայակոչում, սակայն դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի համար իրավական հետևանքներ է առաջացրել չվկայակոչված դրույթի փաստացի կիրառումը:

Այսպիսով, անհատական դիմումի շրջանակում դիմողի կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի դրույթի (դրույթների)՝ վերջինիս նկատմամբ կիրառված լինելը գնահատելիս հիմնաքարային նշանակություն ունի ոչ թե համապատասխան դրույթի (դրույթների)՝ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված լինելու կամ չլինելու հանգամանքը, այլ տվյալ դրույթի (դրույթների) կիրառման հետևանքով հենց դիմողի համար իրավական հետևանքների առաջացումը:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում թիվ ԿԴ2/0014/06/25 գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի կիրառված լինելը:

Այսպես՝ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը: Այսինքն՝ վիճարկվող դրույթով սահմանվում է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմքերից մեկը, այն է՝ երբ բողոքը բերել է բողոքարկման իրավունք չունեցող անձը:

Մինչդեռ, սույն անհատական դիմումի, ինչպես նաև թիվ ԿԴ2/0014/06/25 գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունից բխում է, որ տվյալ գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը 2025 թվականի հոկտեմբերի 22-ին կայացրել է «Հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշում, որով արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման»:

Հետևաբար՝ խնդրո առարկա գործի շրջանակներում Դիմողի նկատմամբ չի կիրառվել և որևէ իրավական հետևանք չի առաջացրել վերջինիս կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը: Փոխարենը՝ նրա նկատմամբ կիրառվել և համապատասխան իրավական հետևանք է առաջացրել նույն հոդվածի 3-րդ մասը, որը սահմանում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու հիմքը, այն է՝ եթե Վճռաբեկ դատարանը գալիս է հետևության, որ վարույթ ընդունելու պայմանների հիմնավորումները բավարար չեն:

Ողջ վերոգրյալի, ինչպես նաև թիվ ԿԴ2/0014/06/25 գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի՝ խնդրո առարկա գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված լինելը։

Այսպիսով, Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում հարկ է արձանագրել, որ սույն պարագայում բացակայում է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված պայմանը, մասնավորապես, Դիմողի կողմից վիճարկվող դրույթը սույն անհատական դիմումի հիմքում ընկած թիվ ԿԴ2/0014/06/25 գործի շրջանակներում չի կիրառվել վերջինիս նկատմամբ: Հետևաբար՝ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ չլինելու հիմքով:

3.2. Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքն է խախտվել, և ի՛նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61, 63, 75 և 78-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ հարկ է արձանագրել հետևյալը.

այսպես՝ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքի ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:

Միևնույն ժամանակ, Դիմողի կողմից բարձրացված տվյալ հարցի առնչությամբ հարկ է նշել, որ Սահմանադրական դատարանը 2017 թվականի հունիսի 13-ի ՍԴՈ-1373 որոշմամբ, մեկ այլ իրավադրույթի՝ ՀՀ քրեական դատավարության՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած օրենսգրքի 285-րդ հոդվածի 5-րդ մասի սահմանադրականության հարցի համատեքստում, ի թիվս այլնի, անդրադառնալով նախնական կալանքի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի հարցին, արձանագրել է հետևյալը.

«(...) օրենսգրքի 287-րդ հոդվածի 1-ին մասն ամրագրում է այն անձանց շրջանակը, որոնք իրավասու են վերաքննիչ բողոք բերել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու վերաբերյալ դատավորի որոշման դեմ: Դրանք են՝ դատախազը, մեղադրյալը, նրա պաշտպանը կամ օրինական ներկայացուցիչը: Ընդ որում, օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու վերաբերյալ որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է դռնփակ նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ,

(...)

(...) օրենսդիրը համապատասխան դատական ակտի հասցեատեր դիտարկելով նաև քննիչին և տուժողին, միևնույն ժամանակ, նրանց չի ճանաչում որպես այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտ: Օրենսդիրը, ի թիվս մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի, այդ դատական ակտը բողոքարկելու իրավունք վերապահում է դատախազին: Այսինքն` դատախազն օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով իրավասու է մասնակցելու նաև այն դատական նիստին, որում քննության առարկա է քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը: Ավելին` իրավունք ունի հետ վերցնել ներկայացված միջնորդությունը կամ այն անձամբ պաշտպանել: Ասվածի համատեքստում, նման օրենսդրական կարգավորման պայմաններում` տուժողի շահերի միակ պաշտպանը, վերոնշյալ սահմանադրական լիազորությունների շրջանակներում, դատախազն է,

(...)»:

Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, հետևաբար և՝ Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 391-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) մասով, ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Զոյա Սակովայի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Ա. Զեյնալյան

Անդամներ՝

Ա. Վաղարշյան

Հ. Հովակիմյան

5 մարտի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-20

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
5 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-20
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել