ՍԵՐԳԵՅ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 օգոստոսի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 24 | ՍԵՐԳԵՅ ՇԱՀԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
31 օգոստոսի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Վ. Պողոսյանի
Կ. Բալայանի
Ուսումնասիրելով քաղաքացի Սերգեյ Շահինյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սերգեյ Շահինյանը 19.08.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածի «գործատուների կամ քաղաքացիների» իրավադրույթի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 1-ին հոդվածով սահմանված իրավական պետության սկզբունքին և 14.1-րդ հոդվածի պահանջներին։
Դիմողը գտնում է, որ գործատուները և քաղաքացիները, տվյալ դեպքում աշխատողները, հանդիսանում են իրավահարաբերության հակադիր կողմեր, ունեն տարբեր, միմյանց հակասող շահեր։ Օրենսգրքով գործատուներին և աշխատողներին տրված իրավունքների ուսումնասիրությունից բխում է, որ մի դեպքում այդ իրավունքները շահավետ են գործատուի համար, մյուս դեպքում աշխատողի։ Նման պայմաններում աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածը տարբեր դիրքերում գտնվող սուբյեկտների վրա տարածելը, նրանց համար միասնական իրավակարգավորում նախատեսելն առաջացնում է իրավական անորոշություն։ Դիմողը նաև նշում է, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն «կամ» շաղկապից առաջ և հետո ընկած պայմանների դեպքում իրավակիրառողը հաշվի է առնում այդ պայմաններից որևէ մեկի առկայությունը։ Նման պայմաններում դատարաններին տրվում է լայն հայեցողություն, ինչը կարող է հանգեցնել կամայականությունների, այն է դատարաններն իրենց քմահաճույքով կարող են պաշտպանել մի դեպքում գործատուների, մյուս դեպքում աշխատողների շահերը խախտելով ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով սահմանված օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը։ Հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3- րդ մասի և 69-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները վերոնշյալ դրույթների մասով դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից մերժման, քանի որ դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի իրավական անորոշության արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, դիմողը չի հիմնավորել նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի իրավական անորոշության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։ Բացի դրանից, նորմատիվ դրույթի իրավական անորոշությունը չի կարող գնահատվել այլ դրույթներից մեկուսացված. այդ նպատակով անհրաժեշտ է տվյալ դրույթը դիտարկել այլ իրավադրույթների հետ համակարգային փոխկապակցվածության մեջ։ Տվյալ դեպքում վիճարկվող դրույթի իրավական անորոշությունը պարզելու համար հարկ է այն դիտարկել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին նախադասությունում ամրագրված նորմի հետ, որը սահմանում է աշխատանքային օրենսգրքի հետադարձ ուժով կիրառման ընդհանուր կանոնը։ Այդ ընդհանուր կանոնի համաձայն օրենսգիրքը հետադարձ ուժով կիրառման ենթակա չէ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։ Միաժամանակ, որպես այս ընդհանուր կանոնից բացառություն օրենսգրքի վիճարկվող դրույթը սահմանում է այն դեպքերը, երբ օրենսգրքի հետադարձ ուժով կիրառումն արգելվում է։ Ի թիվս այլնի, արգելվում է օրենսգրքի հետադարձ ուժով կիրառումը, եթե սահմափակվում են գործատուի կամ քաղաքացիների իրավունքները։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Քաղաքացի Սերգեյ Շահինյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։
Նախագահող
Անդամներ
31 օգոստոսի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/1-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 օգոստոսի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
