««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-64)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 նոյեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 64 | ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 նոյեմբերի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արսեն Թավադյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի նոյեմբերի 7-ին, որով Դիմողը խնդրել է.
«(…) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-րդ մասին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասին, 377-րդ հոդվածի 1-ին մասին, 400-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրութան 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին հակասող և անվավեր,
(…) Նշված պահանջը չբավարարելու դեպքում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-րդ հոդվածն այնքանով, որ չի նախատեսում հարկադիր պարապուրդի առավելագույն ժամկետ ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/12634/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշել է, որ սույն անհատական դիմումով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով գործատուի վրա է դնում աշխատողին միջին աշխատավարձ վճարելու պարտականություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի ժամկետն անցնելուց հետո, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին:
Ըստ Դիմողի՝ պետությունն ստանձնել է պոզիտիվ պարտավորություն՝ ապահովելու, որ աշխատանքային վեճն առաջին ատյանի դատարանում քննվելու և լուծվելու է առավելագույնը երեք ամսվա ընթացքում, ՀՀ վերաքննիչ դատարանում՝ վեց ամսվա ընթացքում և ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ ողջամիտ ժամկետում: Այս համատեքստում Դիմողն ավելացնում է, որ ո՛չ ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և ո՛չ էլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարի առավելագույն չափ չեն նախատեսում:
Դիմողի պնդմամբ՝ նշված ժամկետային սահմանափակումների պահանջները հաճախ խախտվում են «հատկապես Երևան քաղաքում քննվող աշխատանքային վեճերի պարագայում, իսկ այդ խախտման բացասական հետևանքը դրվում է բացառապես գործատուի վրա»:
Դիմողը պնդում է, որ թիվ ԵԴ/12634/02/18 քաղաքացիական գործով հայցադիմումն ընդունվել է վարույթ 2018 թվականի հուլիսի 2-ին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում (այսուհետ նաև՝ Դատարան) առաջին քննության արդյունքում վճիռը կայացվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին, այսինքն՝ գործի քննությունը տևել է չորս տարուց ավելի: Մյուս ատյաններում ևս, ըստ Դիմողի, գործի քննությունը նույնպես գերազանցել է օրենսդրությամբ նախատեսված ժամկետները, այդ թվում՝ դատական ակտերը հրապարակվել են շատ ավելի ուշ, քան հրապարակման հայտարարված օրը:
Դիմողը նշում է. «Գործատուն պետք է պատասխանատվություն կրի իր գործողություններով պատճառված, դրանց հետ պատճառահետևանքային կապ ունեցող վնասների, հետևանքների համար: Հարկադիր պարապուրդի այն հատվածը, որը ձևավորվել է գործատուի վարքագծի պատճառով, պետք է հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո երեք ամիս լինի: Դա է այն ժամանակահատվածը, որի համար պատասխանատու է գործատուն և որը առաջանում է վերջինիս մեղավոր գործողությունների հետևանքով»:
Ըստ Դիմողի՝ եռամսյա ժամկետից հետո տևող հարկադիր պարապուրդը ձևավորվում է պետության կողմից իր պոզիտիվ պարտավորությունները չկատարելու հետևանքով, սակայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասը որևէ տարբերակում դրա հետ կապված չի նախատեսում և պարտադրում է գործատուին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:
Դիմողը պնդում է, որ այն պայմաններում, երբ սահմանափակված չէ հարկադիր պարապուրդի համար վճարվելիք գումարի առավելագույն չափը, գործատուն հայտնվում է այնպիսի իրավիճակում, երբ ստիպված է ընտրություն կատարել Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքների միջև, մասնավորապես՝ «Գործատուն հայտնվում է ծայրահեղ և ակնհայտ ոչ ձեռնտու իրավիճակում, երբ ձևական իրավական առումով մրցակցային և իրավահավասար դատավարության շրջանակներում ստիպված է ընտրություն կատարել՝ շարունակելու իր իրավունքների պաշտպանությունը՝ վերաքննության և վճռաբեկության փուլերի միջոցով՝ կրելով արդեն զբաղված աշխատողին հարկադիր պարապուրդ վճարելու ռիսկը, թե իր կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված լրացուցիչ վնասներ կրելու ռիսկով պայմանավորված ստիպված հրաժարվելու իր դատական պաշտպանության իրավունքի իրացումից»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են իրավական ակտերի վիճարկվող դրույթները,
գ) Դիմողի նկատմամբ իրավական ակտերի վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» փակ բաժնետիրական ընկերության դիմումի հիման վրա՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1.1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի, 400-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
26 նոյեմբերի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-64
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-64
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
