Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-431 օգոստոսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-43)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 օգոստոսի 2019թ. ՍԴԴԿՈ - 43 | ԴԱՎԻԹ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

1 օգոստոսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Ա. Դիլանյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Դավիթ Հակոբյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Դավիթ Հակոբյանը 2019 թվականի հուլիսի 17-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով.

«1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերին, 81-րդ հոդվածին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 10-րդ մասը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ, 28-րդ, 29- րդ հոդվածներին, 61-րդ հոդվածի 1-ին, 63-րդ հոդվածի 1-ին մասերին, 69-րդ 75- րդ, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով չի նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից արդարացման դատավճիռը բեկանելու և վերաքննիչ դատարանի կողմից անձին դատապարտելու դեպքում վերաքննիչ դատարանի մեղադրական դատավճռի բողոքարկման և դրա վերանայման «ավելի հեշտ» ընթացակարգ, որը համահունչ կլինի առաջին ատյանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու պահանջներին, չափանիշներին»:

Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու կամ պետական տուրքի վճարման ժամկետը երեք ամիս ժամկետով հետաձգելու վերաբերյալ:

2. Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 10-րդ մասն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին այնքանով, որքանով վերաքննիչ դատարանին իրավունք է տալիս առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը բեկանել և արդարացված անձին դատապարտել առանց նրան և գործով վկաներին անմիջականորեն հարցաքննելու դրանով իսկ զրկելով անձին արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 393-րդ հոդվածի 10-րդ մասը հակասում է նաև ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ անհամատեղելի է այդ հոդվածով և նույնական ձևակերպմամբ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի հետ:

Դիմողի կարծիքով ՀՀ քրեական դատավարության 4142-րդ հոդվածի 1-ին մասի ձևակերպումը չի նախատեսում առաջին ատյանի դատարանի կողմից արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում վերաքննիչ դատարանի ըստ էության մեղադրական դատավճռի վերանայման հստակ, կանխատեսելի և իրագործելի իրավունքի իրացման ընթացակարգ, ինչի հետևանքով ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 69-րդ հոդվածին, որը երաշխավորում է դատապարտվածի բողոքարկման իրավունքը և սահմանում, որ հանցանք կատարելու համար դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի օրենքով սահմանված հիմքերով և կարգով վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունք:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանություններով:

Վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի իրավական հիմնավորումները հանգում են հետևյալին. բոլոր այն իրավիճակներում, երբ անձի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է արդարացման դատավճիռ, իսկ շահագրգիռ անձի կողմից բերվում է վերաքննիչ բողոք, որը բավարարվում է, և անձի նկատմամբ վերաքննիչ դատարանի դատական ակտով կայացվում է նոր դատավճիռ, ապա առաջին ատյանի դատարանի դատավճռով արդարացվածը պետք է հնարավորություն ունենա օգտվել վերադաս դատական ատյանի կողմից իր նկատմամբ կայացված ակտի վերանայման իրավունքից: Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-849 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ «.... պետք է ապահովի վճռաբեկ բողոքի պարտադիր ընդունումն ու քննությունը բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ բողոքի շրջանակներում վերաքննիչ դատարանը շահագրգիռ կողմի բողոքի քննության արդյունքներով կայացրել է առաջին ատյանի դատարանի դատական ակտից տարբերվող ըստ էության նոր, դատական ակտ։ Նման մոտեցումը ոչ միայն կնպաստի դատական տվյալ ատյանի կողմից առավել ամբողջական նախադեպի ձևավորմանը, այլև էապես կբարձրացնի արդարադատության արդյունավետությունը….», դիմողը շեշտադրում է, որ վիճարկվող իրավակարգավորումների արդյունքում անձը ոչ իրավաչափորեն զրկվում է իր նկատմամբ կայացված դատավճռի վերադաս դատական ատյանի կողմից վերանայման իրավունքից: Սահմանադրական դատարանի սույն որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի ներկայացրած իրավական հիմնավորումներն ակնհայտ անհիմն են: Նշյալ որոշման մեջ Սահմանադրական դատարանն անդրադարձել է այն իրավիճակին, երբ «....Արդարացման դատավճիռը բեկանելու և մեղադրական դատավճիռ կայացնելու, առաջադրված մեղադրանքի սահմաններում ավելի ծանր հանցագործության համար դատապարտելու կամ առաջին ատյանի դատարանի նշանակած պատժից ավելի խիստ պատիժ նշանակելու, ինչպես նաև հանցագործության որակումը քրեական օրենքի այն հոդվածով փոխելու, որը պատասխանատվություն է նախատեսում ավելի թեթև հանցագործության համար, առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաքննիչ դատարանի լիազորությունների պայմաններում օրենսգրքի 404 հոդվածի 2-րդ մասում նախատեսված պայմանի տառացի մեկնաբանությունը փաստորեն վճռաբեկ բողոք բերելու իրավունքից կարող է զրկել դատավարության բոլոր մասնակիցներին (դատապարտյալ, պաշտպան, մեղադրող, տուժող և այլն)»։ Սահմանարական դատարանն արձանագրել է. «Վերաքննիչ դատարանի ըստ էության նոր դատավճռի բողոքարկումը վճռաբեկ դատարան պետք է մատչելի լինի դատավարության մասնակիցների համար»։

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարանի նշյալ դիրքորոշումներին վերաբերելի չէ այն, որ վերաքննիչ դատարանի ըստ էության նոր դատավճռի բողոքարկման ժամանակ Վճռաբեկ դատարան ներկայացված բոլոր դիմումները պետք է անխտիր ընդունվեն վարույթ և քննության առարկա դառնան առանց հաշվի առնելու վճռաբեկ բողոքին առաջադրված օրենսդրական պահանջների պահպանված լինելու, վճաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի առկայության հանգամանքը: Հետևաբար, դիմողի ներկայացրած հիմնավորումներն ակնայտ անհիմն են: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՛ր իրավունքներն են խախտվել և ի՛նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումում չեն պահպանվել վերոնշյալ պահանջները:

Սահմանադրական դատարանի դատական կազմն իր 2019 թվականի ապրիլի 9-ի ՍԴԴԿՈ- 15 որոշմամբ մերժել է Դավիթ Հակոբյանի անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը: Վերջինս վիճարկել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի սահմանադրականության հարցը: Սահմանադրական դատարանն իր 2007 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-691 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթները (2006 թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Դավիթ Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

1 օգոստոսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-43

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 օգոստոսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-43
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել