ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 15 ապրիլի 2026թ. ՍԴԴԿՈ - 29 | ԱՇՈՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 15 ապրիլի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ա. Վաղարշյանի
Անդամակցությամբ՝ Հ. Հովակիմյանի
Ա. Զեյնալյանի
Քննության առնելով Աշոտ Հովհաննիսյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աշոտ Հովհաննիսյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մարտի 30-ին:
Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումում խնդրել է. «««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-9-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն չի սահմանում բացառություն այն դեպքերի համար, երբ կատարման անհնարինության հիմքով ավարտված կատարողական վարույթի (որը հարուցվել էր օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացված կատարողական թերթի հիման վրա) վերսկսման հիմքերի առկայության և վերադարձված կատարողական թերթի բնօրինակի կորստի դեպքում հնարավորություն չի սահմանում առանց ժամկետային սահմանափակման ստանալ կատարողական թերթի կրկնօրինակ և այն կրկին ներկայացնել կատարման»։
2․ Ներկայացնելով թիվ 2-1537+2-1538 և թիվ ԵԴ2/0007/15/25 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները` Դիմողը նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող դրույթը մեկնաբանվում և կիրառվում է հետևյալ կերպ. եթե կատարողական թերթը կորցվել, ոչնչացվել կամ որևէ այլ պատճառով բացակայում է կատարողական վարույթի ընթացքում կամ դրանից հետո, սակայն կատարման ներկայացնելու օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետը լրացած է, ապա պահանջատերը զրկվում է կատարողական թերթի կրկնօրինակ ստանալու հնարավորությունից՝ անկախ այն հանգամանքից, որ կատարողական թերթը նախկինում ներկայացվել է կատարման օրենքով սահմանված ժամկետում, դրա հիման վրա հարուցվել է կատարողական վարույթ, և հետագայում կատարողական վարույթն ավարտվել է, իսկ դրա նյութերը՝ ոչնչացվել:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթին տրված նման մեկնաբանության արդյունքում ձևավորվում է այնպիսի իրավական վիճակ, համաձայն որի՝ պահանջատերը, ունենալով իր օգտին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում կատարողական թերթը կատարման ներկայացնելու և կատարողական վարույթ հարուցելու փաստ, այնուամենայնիվ, զրկվում է հետագայում իր իրավունքների իրացման հնարավորությունից միայն այն պատճառով, որ կատարողական թերթի կրկնօրինակ ստանալու մասին դիմումը ներկայացվել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու ժամկետի ավարտից հետո՝ անկախ այն հանգամանքից, որ կատարողական վարույթն արդեն իսկ մեկ անգամ հարուցված է եղել։
Վիճարկվող՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված ՀՕ-9-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում առկա իրավակարգավորմամբ, Դիմողի կարծիքով, սահմանված չեն նշված դեպքերի համար օբյեկտիվ բացառություններ, որոնք պարտատիրոջը կընձեռեն կատարողական թերթի կրկնօրինակը, առանց որևէ ժամկետով պայմանավորված սահմանափակման, ստանալու հնարավորություն այն դեպքերում, երբ կատարողական թերթը նախկինում ներկայացվել է կատարման օրենքով սահմանված ժամկետում, հարուցված կատարողական վարույթը կարճված չէ, այլ միայն ավարտված է, և անձն իրավունք ունի օգտվելու՝ կատարողական վարույթի ավարտման հիմքերի վերացման պարագայում կատարողական թերթը կրկին կատարման ներկայացնելու օրենքով նախատեսված հնարավորությունից, քանի որ վերջինս բարեխղճորեն և օրենքով սահմանված ժամկետում արդեն իսկ իրացրել է կատարողական թերթը կատարման ներկայացնելու իր սուբյեկտիվ իրավունքը:
Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությունը, համաձայն որի՝ կատարողական թերթի կրկնօրինակ ստանալու իրավունքը բացարձակապես սահմանափակված է կատարողական թերթը կատարման ներկայացնելու մեկ տարվա ժամկետով՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ տվյալ իրավունքն արդեն իսկ իրացվել է պատշաճ կերպով, հանգեցնում է նրան, որ պահանջատիրոջ օգտին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը զրկվում է իր իրական իրավական արժեքից: Նման մոտեցման պայմաններում դատական ակտը վերածվում է ձևական, ոչ արդյունավետ և գործնականում անկատար իրավական փաստաթղթի, ինչը հակասում է ինչպես Սահմանադրության 63-րդ հոդվածով, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքին:
Միաժամանակ, ըստ Դիմողի՝ վիճարկվող իրավակարգավորման պարագայում անձը զրկվում է իր իրավունքների վերականգնման իրական հնարավորությունից այնպիսի հանգամանքների պատճառով, որոնք կախված չեն նրա վարքագծից և չեն կարող վերագրվել նրա անգործությանը, մինչդեռ օրենսդրական ցանկացած կարգավորում, այլ ոչ թե միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակում պետք է նպատակ ունենա և ապահովի հիմնական բոլոր իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, որոնք վիճարկվող դրույթով, պահանջատիրոջ բարեխիղճ վարքագծի դրսևորման պայմաններում առհասարակ բացակայում են, ինչն էլ ստեղծում է իրավական խոչընդոտներ՝ հանգեցնելով իրավունքների իրականացման անհնարինության:
Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթը հանգեցնում է Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ որոշակիության սկզբունքի խախտման, քանի որ տվյալ դրույթի և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի ներքին հակասության հետևանքով պահանջատերն ի վիճակի չէ դրսևորելու այնպիսի վարքագիծ, որով վերջինիս նկատմամբ կիրառելի չի լինի վիճարկվող դրույթի բացասական հետևանքը, այն է՝ կատարողական թերթի կրկնօրինակի տրամադրման մասին դիմումի մերժումը:
3․ Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որտեղ սահմանվում են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։
Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է ընդգծել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում եկել է հետևության, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված ՀՕ-9-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց:
Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ2/0007/15/25 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված ՀՕ-9-Ն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քաղաքացիական գործով ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը:
Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աշոտ Հովհաննիսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ա. Վաղարշյան
Անդամներ՝ Հ. Հովակիմյան
Ա. Զեյնալյան
15 ապրիլի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 15 ապրիլի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
